Հաղպատ

Վերադառնալ գլխավոր էջ


Հաղպատ 7: Զանգագատունը (10), Սայաթ-Նովու հուշաքարը (11)

 Զանգագատունը (10)

Հաղպատի զանգագատունը, Սանահինի զանգակատան հետ միասին, Հայաստանում նման կառույցների ամենավաղ տարբերակն է։ Հաղպատինը նաև ամենալավ պահպանվածն է։ Այն կառուցվել է վանահայր Համազասպի պատվերով 1245 թ.։ Զանգակատունը շքեղատես եռահարկ կառույց է. առաջին երկու հարկերում տեղավորված են յոթ աղոթարաններ, երրորդ հարկը սյունակազմ ռոտոնդա է։ Առաջին հարկը խաչաձև է, երկրորդը` քառակուսի` անկյունային խորշերով։ Առաջինից երկրորդ հարկ անցումը կատարված է երեքնուկաձև կամարներով` պսակված եռանկյունաձև վերնաճակատներով։ Ռոտոնդան կազմված է յոթ սյուներից, որոնք պահում են յոթանիստ կամարները` ծածկված սրածայր տանիքով։

Սայաթ-Նովու հուշաքարը (11)

Հաղպատի ճանաչված բնակիչներից է եղել բանաստեղծ և երաժիշտ, գուսան Սայաթ-Նովան (1722-1795 թթ.)։ Նա Կովկասի ամենահայտնի և ամենասիրված աշուղն է համարվում։ Սայաթ-Նովան, (Հարություն (Արութին) Սահակյան), ծնվել է Սանահին գյուղում, իսկ մեծացել Թիֆլիսում։

Բանաստեղծություններ և երգեր գրելու, ինչպես նաև քամանչա նվագելու շնորհիվ նա ճանաչում է ձեռք բերում վրաց Հեռակլ Բ թագավորի արքունիքում: 

Սայաթ-Նովան հավասարապես հմուտ ստեղծագործում էր հայերեն, թուրքերեն և վրացերեն լեզուներով, և ավելի քան 200 ստեղծագործությունների (խաղերի) հեղինակ է, թեև, ասում են, իրականում այդ թիվը մի քանի հազարի է հասնում։ Նրա բանաստեղծություններում և երգերում արտացոլված են հայկական ժողովրդական բանահյուսությունը, երգը, իմաստությունը և փիլիսոփայությունը`հաճախ արտահայտված Թիֆլիսի բարբառով (որով նա խոսում էր)։ Որպես վաղ շրջանի ստեղծագործությունների օրինակ, ստորև բերվում է նրա գուսանական «Աշխարհումս ախ չիմ քաշի» երգի առաջին տունը։

Աշխարհումս ախ չիմ քաշի, քանի վուր ջան իս ինձ ամա.
Անմահական ջըրով լիքը օսկե փընջան իս ինձ ամա.
Նըստիմ, վըրես շըվաք անիս, զարբաբ վըրան իս ինձ ամա.
Սուչս իմացի, էնենց սըպանե, սուլթան ու խան իս ինձ ամա։

Պալատականի իր պաշտոնը Սայաթ-Նովան կորցնում է, երբ սիրահարվում է թագավորի քրոջը` իշխանուհի Աննային, աքսորվում է մինչև կյանքի վերջ` վերջին տարիները անցկացնելով Հաղպատում (1768-1795 թթ.)` Տեր Ստեփանոս անունով։ Ծառայել է Հաղպատի առաջնորդարանում 1768-ից` որպես աբեղա, իսկ 1778-ից` որպես Սբ. Նշան եկեղեցու լուսարար։ Ուշ շրջանի գործերում հոգևորը միահյուսված է կորցրած սիրո հուսահատության մոտիվների հետ։

1795 թ. Սայաթ-Նովան սպանվում է Հաղպատի վանքում վրաց թագավորության դեմ ապստամբած և Հայաստանով դեպի Թիֆլիս արշաված Աղա-Մահմուդ խանի զինվորների կողմից։ Սայաթ-Նովայի երգերը ոչ միայն հասել են մեզ, այլև հայ ժողովրդական երգարվեստի գոհարներն են համարվում։

Share |

Մոտակա տեսարժան վայրերը