Հաղպատ

Վերադառնալ գլխավոր էջ


Հաղպատ 8: Սեղանատունը, տնտեսական շինությունները (13), Վանքի պարսպից դուրս. 4-րդ դարի եկեղեցու ավերակները

Սեղանատունը, տնտեսական շինություններ (13)

Համալիրի 13-րդ դարի սեղանատունն ավելի լավ է պահպանվել, քան Սանահինի վանքինը։ Այն երկարավուն դահլիճ է, զույգ սյուների միջոցով բաժանված է երկու միանման, երդիկավոր դահլիճների` յուրաքանչյուրը ծածկված փոխհատվող կամարների համակարգով։ Սեղանատունը կից է պարսպապատին։

Սեղանատան կողքին գտնվում է նույն ժամանակաշրջանի մի փոքր կառույց` հազարաշեն ոճի հորինվածքով. կենտրոնական գմբեթը նստած է չորս փայտաշեն սյուների վրա, տանիքի մեջտեղում կլոր բացվածքով։

Վանքի պարսպից դուրս գտնվում են.

Աղբյուրի տունը (Աղբյուր-հուշարձանը)(14) արևելյան պարսպի մոտ 75 մ հեռավորության վրա է։ Կառուցվել է 1258 թ.։ Եռակամար շենք է` կենտրոնական կամարն ավելի լայնաթռիչք, քան մյուսները։ Հետին պատի մոտ կան քարե 6 տաշտեր` գյուղի անասուններին ջուր տալու, այտեղ կա նաև ստորգետնյա ջրամբար, որը գյուղացիներն օգտագործում են ոռոգման նպատակով։ Թաղածածկ կոմպոզիցիան թելադրված է կլիմայական պայմաններով. ներսի խոնավ և սառը օդը լավ պաշտպանություն է ամռան թեժ արևից և մեղմացնում է ձմռան ցուրտ օդը։

Կուսանաց անապատի (Սբ. Տիրամայր) 13-րդ դ. եկեղեցին (15) գտնվում է վանքից 500 մ. դեպի արևելք, բլրի վրա։ Այնտեղ կարելի է հասնել դուրս գալով արևելյան դարպասից և քայլելով գյուղի ճանապարհով (Աղբյուրի տան մոտով)։ Եկեղեցու շուրջ միաբանների գերեզմաններն են։

Կառույցը գմբեթակիր խաչաթև է, ութանկյուն թմբուկը զարդարված է երեքնուկաձև փոքր կամարներով։ Եկեղեցու հարավում գտնվող խաչքարերը թվագրվում են ուշ միջնադարով։

Չորրորդ դարի եկեղեցու ավերակները (16)

Գյուղի տարածքում պահպանվել են 4-րդ դարի եկեղեցու ավերակները։ Այն համարվում է Հաղպատի առաջին քրիստոնեական կառույցը։

 


 

Share |

Մոտակա տեսարժան վայրերը