Մետաքսի Ճանապարհ` Հալիձորի բերդը

Վերադառնալ գլխավոր էջ


Մետաքսի Ճանապարհ 10: Հալիձորի բերդը, Հղում

Հալիձորի բերդը

Այս կետից, ուր գտնվում ենք այժմ, հեռվում ուրվագծվում է Հալիձորի բերդը. այն կանգնած է սույն վահանակից դեպի աջ` հեռավոր բլրի գագաթին։

Ուշ միջնադարի հայկական ճարտարապետական այս համալիրը վերակառուցվել է 17-րդ դարի 1-ին կեսին, հայտնի է նաև Հալիձորի Կուսանաց անապատ անունով։

Բերդը նշանավոր դարձավ 18-րդ դարի սկզբին, երբ իր բնական անառիկ դիրքի շնորհիվ դարձավ Դավիթ Բեկի ազատագրական պայքարի գլխավոր ամրոցը և ազատագրված Ղափանի կենտրոնը։ 1723 թվականին Դավիթ Բեկը բերդը վերակառուցում է անառիկ ամրոցի և իր 300 զինակիցների հետ դիմադրություն ցույց տալիս բերդը պաշարած թուրքական 70 հազարանոց բանակին։

Գրեթե անհուսալի իրավիճակում, Բեկը ինքնասպանության համարժեք թվացող քայլ է ձեռնարկում` հարձակվում է բլուրն ի վայր` սարսափեցնելով թուրքերին, ջախջախելով թուրքական բանակը և ապահովելով շրջանի անվտանգությունը։ Թուրքերի դեմ պայքարը շարունակելու ծրագիրը, սակայն, չիրականացվեց` Բեկի հիվանդության և վախճանի պատճառով։ Նա մահացել է բերդում և, ըստ ավանդույթի, տեղում էլ հողին է հանձնվել։

Գետից դեպի ամրոց 500 մ երկարությամբ ստորգետնյա գաղտնուղի է փորվել` բնակիչներին ջրով ապահովելու նպատակով։ Սա պատճառներից մեկն է, որ թուրքերին չհաջողվեց Բեկին ստիպել նահանջել, իսկ նրա հարձակումը ճիշտ հաշվարկված հնարամիտ գործողություն էր` թշնամուն հանկարծակիի բերելու և պարտության մատնելու նպատակով։

Հալիձորի բերդի համալիրը բաղկացած է նաև դեպի արևելք կանգնած եկեղեցուց(12), որի ճարտարապետությունը չափազանց զուսպ է. կառուցողը դիմել է հին տեղական տեխնիկային` կիրառելով կոպտատաշ քարով շարվածք։ Նույն տեխնիկայով կառուցված են և բերդը, և համալիրի գլխավոր եկեղեցին` Սուրբ Մինասը(1), և կից ու առանձին շինությունները։

 

Հղում`

1. Սուրբ Մինաս եկեղեցին
2. Գավիթ – սրահ
3. Սրահ
4. Բնակելի սրահ
5. Բացօթյա պատշգամբ
6. Կից կենցաղային սենյակներ
7. Բնակելի և տնտեսական սենյակներ
8. Սեղանատուն
9. Պարսպապատերի հարավային մուտքը
10. Պարսպապատերի հյուսիսային մուտքը
11. Պարսպապատերի արևմտյան մուտքը
12. Համալիրի առանձին կանգնած եկեղեցին