Արտաշատ/Խոր Վիրապ

Վերադառնալ գլխավոր էջ


Պատմական Արտաշատ: Քաղաքի շրջակայքը. Բլուրներ, Թաղամասերը, Մետաղադրամները, Կնքադրոշմները

 Քաղաքի շրջակայքը. Բլուրներ

Քաղաքի պարսպապատից ներս ընկած տարածքները` բլուրներ։
Քաղաքի պարիսպների երկարությունը 10 հազար մետրից ավելի է, որից 5 հազարը հնագետները բացել են 1970-1986 թթ. պեղումների ընթացքում (պարսպաատի լայնությունը` 2,60-3,50 մ)։ Պարիսպների ներքին շարքը, որն ընդհանուր է բոլոր բլուրների համար, անցնում է 20-25 մ բարձրության վրա։ Միջնաբերդի երկրորդ բլուրի պարիսպը` 50-55 մ բարձրության վրա է։


Բլուր 1-ին

Առաջին բլուրը համալիրի ամենահեռավոր հատվածն է, գտնվում է հյուսիս-արևելքում. այնտեղ հասնելու ամենադյուրին միջոցը գերեզմանոցից և ավտոմեքենաների կայանատեղից դեպի հյուսիս ընկած ճանապարհն է։ Բլուրն ամբողջությամբ պեղված է։ Այն ունեցել է բացառապես ռազմապաշտպանական նշանակություն և պաշտպանել է միջնաբերդի հյուսիսային դարպասը։ Բլուրը շրջափակող պարիսպը ունի անկանոնավոր եռանկյունու տեսք։ Պեղումներով բացվել են հյուսիս-արևելյան և հյուսիս-արևմտյան կողմի փողոցները, եռանկյունաձև հրապարակը։ Պարսպին և հրապարակին երեք կողմից կից են բնակելի սենյակներ, մետաղաձուլական և դարբին-զինագործի արհեստանոցներ։ Հայտնաբերվել են ավելի քան 3000 նետասլաք-նիզակներ, թրեր, դաշույններ, մարմարե արձան, խեցեղեն, ուշագրավ ապակե և մետաղե նյութեր և այլ բեկորներ։


Թաղամասերը

Բնակության համար շատ հարմար է եղել 5-րդ բլուրը։ Այստեղ պահպանվել են մեծ վառարանների հետքեր, պեղումներով բացվել են բնակելի տներ։ Պահպանված շինությունների մնացորդները թույլ են տալիս ենթադրել, որ հավանաբար այստեղ եղել է մաքսատուն և քաղաքի շուկա-հրապարակներից մեկը։ VII-VIII բլուրները բնակեցված են եղել միջին խավի կողմից` արհեստավորների ու շարքային քաղաքացիների։ Հայտնաբերվել են խեցեղենի թրծման վառարան, կիր ստանալու արհեստանոց, գեղարվեստական մետաղ և ապակի ձուլելու կաղապարներ և այլն։


Մետաղադրամները

Արտաշատը հին աշխարհի առևտրի ճանաչված կենտրոններից էր։ Ըստ 1265 թ. Պևտինգերյան ուղեցույց-քարտեզի` այն ճանապարհային հանգույցներով կապվում էր Իրանի, Միջագետքի, արևելամիջերկրածովյան քաղաքների, հարավսևծովյան հունական քաղաքների, Էգեյան և անտիկ աշխարհի այլ երկրների ու առևտրական քաղաքների հետ։ Արտաշատի` որպես առևտրային խոշոր կենտրոնի մասին են վկայում Արտաշեսյան թագավորների դրամներից զատ այստեղ գտնված տարբեր երկրների ու քաղաքների ոսկե, արծաթե, պղնձե դրամները։ Ուշագրավ է այն հանգամանքը, որ Արտաշատ քաղաքում կտրված դրամները կրել են “Արտաշատ մայրաքաղաք” հունարեն մակագրությունը։


Կնքադրոշմները

Հայաստանի առևտրատնտեսական կապերի պատմության ուսումնասիրության տեսանկյունից գիտական բացառիկ արժեք են ներկայացնում Արտաշատում հայտնաբերված մոտ 8 հազար տարատեսակ կավե կնքադրոշմները` գտնված գլխավորապես 5-րդ և 8-րդ բլուրներից (Ք. ա. 180-ական թթ.- 59 թ.)։ Դրանցից մոտ երեք տասնյակը կրում են արամեերեն և հունարեն մակաագրություններ ու միացագրեր։

Տեքստը խմբագրված է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Հին հնագիտության բաժնի վարիչ Ժորես Խաչատրյանի կողմից։