Արտաշատ/Խոր Վիրապ

Վերադառնալ գլխավոր էջ


Պատմական Արտաշատ: Հյուսիս-արեւմտյան հարթակը, Միհրի տաճարը, Բաղնիքը

Հյուսիս-արեւմտյան հարթակը

Արաքս գետի ձախ ափին, Տափերական կամրջի հարևանությամբ գտնվող բլրակին կից հարթակին, Արտաշատ քաղաքի հիմնադրման ժամանակ (մ.թ.ա. 189-188 թթ.) կառուցվել է քաղաքի ամենանշանավոր շինություններից մեկը` Արևի աստծոն` Արեգ/Մհեր/Ապոլլոն/Հերմեսին նվիրված տաճարը։ Վերջին տարիների պեղումների ընթացքում հայտնաբերվեց Ագաթանգեղոսի հիշատակած “Երազամույն” վայրը։


Միհրի տաճարը

Պարզ դարձավ, որ հելլենիստական շրջանի տաճարը 59 թ. ավերվել է Կորբուլոնի կողմից, իսկ Տրդատ I-ի օրոք կառուցվել է նոր հարթակ` նախորդից տարբեր շինարարական տեխնիկայով, ինչպես նաև նոր տաճար։ Ինչպես հարթակները, այնպես էլ տաճարները կառուցված են կրաքարից։ Երկրորդ հարթակի արևելյան կողմում բացվել է սրբազան հարթակ տանող մուտքի աստիճաններից 6-ը (լայնքը` 4,85 մ)։ Երկար ժամանակ այդ վայրի տեղադրությունն անհայտ էր և վիճելի։

Հայտնաբերվել են նաև մեծ քանակությամբ ուշագրավ այլ գտածոներ. տարբեր չափերի ու ձևերի խեցեղեն, ներմուծված և տեղական անոթներ, այդ թվում` կարմիր փայլեցրած կաթսա` առյուծագլուխ ծորակով։ Ուշագրավ գտածոների թվում է նաև կրաքարից պատրաստված արծվի գլուխը, որի աչքերը և վիզը ներկված են մուգ կարմիր գույնով։ Առյուծը խորհրդանշում է ամառային թեժ արևը, իսկ արծիվը` արևի խորհրդանիշն է և լրաբերը։

Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու և տարածելու ընթացքում ավերվել է նաև նոր տաճարը, որը կառուցված է եղել կրաքարով և հարդարված է եղել բաձրաքանդակներով։


Բաղնիքը

Տաճարի հարթակի հարավ-արևելյան կողմում կառուցված հասարակական բաղնիքի միայն 7 սենյակներն են բացված։ Բաղնիքի ջուրը և սենյակները տաքացվել են «հիպոկաուստի» միջոցով, ինչպես Գառնիի և Վաղարշապատի արքունի բաղնիքներում` սյուների վրա կառուցված կրկնակի հատակի և պատերի օգնությամբ։ Վառարանի տաք ծուխը պատերի ստորին մասում թողնված կամարակապ բացվածքների միջով թափանցել է հատակի և պատերի միջև եղած տարածություն և տաքացրել է այն։ Նման եղանակով տաքացվող սենյակների օդը ավելի առողջարար է եղել։

Բաղնիքի ջուրը մատակարարվել է Արաքսից` կավե խողովակների օգնությամբ. Կավե խողովակների համակարգը բացվել է 6 և 7-րդ սենյակներում։ Այստեղ գտնվել է նաև կոյուղին` զուգարանի նստատեղերով։

Բաղնիքի սենյակների ստորին և վերին հատակները պատած են անջրաթափանց կրաբետոնե շաղախով, մակերեսը բաց վարդագույն է։ Բաղնիքը կառուցվել է2-րդI դարի վերջին և 3-րդի սկզբին։ 4 դ. սկզբին այն ենթարկվել է վերակառուցման։ Բոլոր սենյակները ունեցել են խճաքարե հատակ` կատարված ֆիլզիտի կտորներով։ Հիմնական ֆոնը սպիտակն է` շեշտված սև գունախճիկով /անթափանցիկ գունավոր ապակի/ կազմված ուղղանկյան շրջանակով։ Խճաքարե հատակը պահպանված է 2-րդ սենյակի փլված հատակին և 5-րդ սենյակի մի մասում։ Մնացած սենյակներում հայտնաբերվել են խճաքարե հատակի բեկորներ կամ հատիկներ։

Տեքստը խմբագրված է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Հին հնագիտության բաժնի վարիչ Ժորես Խաչատրյանի կողմից։