Երևան` Հրազդանի կիրճը

Վերադառնալ գլխավոր էջ


Շրջայց Երևանով։ Հրազդանի կիրճ

Շրջայց Երևանով։ Հրազդանի կիրճ

Հաղթանակի կամրջի մոտից սկսվում է շրջայցը Աստաֆյան (1920թ.-ից` Աբովյան) փողոցով, որը եղել և շարունակում է մնալ Երևանի սիրտը։ Աստաֆյանը, որը բացվել է ըստ քաղաքի 1856 թ. գլխավոր հատակագծի, սկիզբ էր առնում Երևանի բերդի հյուսիսային դարպասներից (որի համար կոչվել է նաև Կրեպոստնայա) ու ձգվում դեպի հյուսիս-արևելք` քաղաքի կենտրոնը կապելով Նորքին։ 19-րդ դարից այստեղ միայն մի քանի որոշ շինություններ են պահպանվել։

Մինչ օրս պահպանվել է Հրազդան գետի վրա դեռևս միջնադարում կառուցված Կարմիր կամուրջը (1)` վերակառուցված 1679-ի երկրաշարժից հետո։ Այն իր ժամանակին Հրազդան գետի վրայով Արարատյան դաշտավայր տանող միակ ճանապարհն էր։ Կառուցված լինելով կարմրավուն կոփածո քարերով` կոչվել է Կարմիր կամուրջ, սակայն հայտնի է նաև քանաքեռցի մեծահարուստ Խոջա Փլավի անունով` ում միջոցներով էլ վերականգնվել է 1679-ի երկրաշարժից հետո։ Կամուրջը վերակառուցվել է նաև 1851-ին։ Կարմիր կամուրջը եղել է երկթռիչք` մոտ 80մ երկարությամբ և 11մ բարձրությամբ, երկու ծայրերում փոքր ջրանցքներով` ոռոգման համար։

Հրազդանի կիրճը ի սկզբանե Երևանի համար ունեցել է կենսական նշանակություն։ Քաղաքը փռված է Հրազդան գետի ափերին։ Հանդիպակաց ժայռից բացվում է հին քաղաքի համայնապատկերը։ Փայտե պատշգամբներով կարմիր ու սև տուֆե շենքերը հին Երևանի դիմագիծը վերստեղծելու 1980-ականներին իրականացված փորձի մասին են վկայում։ Քաղաքի այս հատվածը հին Երևանի Ձորագյուղ թաղամասն է` Սբ Սարգիս եկեղեցիով (2) ։ Վերականգնված թաղամասում առանձնանում է Սերգեյ Փարաջանովի թանգարանը (3)։

Ձեր աջ կողմում գտնվող «Նոյ» նշանով մեծ շենքի տեղում եղել է Երևանի բերդը (4), որը կառուցվել է պարսիկ Ֆարհադ փաշայի օրոք` 1582-83 թթ.։ Այն հանդիսացել է պարսից խաների աթոռանիստը և բաղկացած է եղել պալատից, զորանոցներից ու մզկիթից։ 1827-ին բերդը գրավեցին ռուսները, և մզկիթի տեղում կառուցվեց ռուսական Սբ Պոկրով եկեղեցին, իսկ պալատը դարձավ նոր կառավարիչների նստավայր ։

Բերդը հայտնի է նաև պատմական մեկ այլ իրադարձությամբ. այստեղ է 1-ին անգամ բեմադրվել Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհասը»` հեղինակի ներկայությամբ։

1864 թ. Երևանի բերդի կայազորը տեղափոխվում է Քանաքեռ գյուղում (այժմ` թաղամաս Երևանում) կառուցված նոր զորանոցներ` ամրաշինական այս համալիրի վատ վիճակի պատճառով։ 1865 թ. բերդը գնում է Առաջին գիլդիայի (համքարության) վաճառական Ներսես Թաիրյանը։ Սբ Պոկրով եկեղեցին քանդվեց 20-րդ դարի սկզբին, իսկ Երևանի կենտրոնում կառուցվեց ավելի մեծաչափ ռուսական Նիկոլաևյան եկեղեցին։

1877-ին հին բերդի տարածքում Թաիրյանը սկսեց գինու, իսկ 1887-ին կոնյակի արտադրությունը` իր բարեկամ, նկարիչ Հովհաննես Այվազովսկու աջակցությամբ։ 1899թ. Նիկոլայ Շուստովը գնեց գործարանը Թաիրյանից։ Երևանի հին բերդից պահպանվել են որոշ հատվածներ. գործարանը կազմա¬կերպում է շրջայց` ավանդական ոճով կառուցված թաղածածկ ստորգետնյա մառանների շենքում, ինչպես նաև գինու ու կոնյակի համտես։

Երևանի պատմության թանգարանում (5) ներկայացված են քաղաքի պատմության տարբեր ժամանակաշրջանները։

Տեքստի խմաբագրումը` Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Հայաստանի ազգային կոմիտեի (ԻԿՕՄՕՍ/Հայաստան)։

 


 

Share |