Երևան` Կարաբալայի արձանը

Վերադառնալ գլխավոր էջ


Կարաբալայի հուշարձանը (45) (քանդակագործ` Լևոն Թոքմաջյան)։

Կարաբալայի հուշարձանը (45) (քանդակագործ` Լևոն Թոքմաջյան)։

Կարաբալան հին Երևանի հայտնի կերպարներից է, անբաժանելի քաղաքի դիմագծից։ Նրա մասին այսօր էլ երևանցիները շարունակում են պատմություններ պատմել` ու ամեն անգամ նոր մանրամասներով։ Կարաբալան (նշանակում է «սև տղա») Կարապետ անունով մի երևանա-բնակ ծաղկավաճառ էր, ով վարդեր էր վաճառում` դրանք պարզելով փողոցով քայլող գեղեցիկ աղջիկներին։ Պատմում են, որ Կարաբալան հատկապես կարմիր վարդեր էր նվիրում ամեն օր թատրոնից Աբովյան փողոցով ոտքով տուն վերադարձող Հայաստանի ժողովրդական դերասանուհի Արուս Ոսկանյանին։ Պատմում են նաև, որ մի օր էլ հանուն մեծանուն արտիստուհու նա կռվի է բռնվել մի խանդոտ տղամարդու հետ ու ինքնապաշտպանվելով դանակահարել է նրան։ Այս միջադեպի պատճառով էլ Կարաբալային բանտարկել են և նա հայտնվել է բանաստեղծ Եղիշե Չարենցի հետ միևնույն բանտախցում։ Բանտում գրած «Ծաղկավաճառը» բանաստեղծությունը Ե.Չա¬րեն¬¬ցը նվիրել է Կարաբալային.

Հագնում էր նա մեկ մակինթոշ,
Մեկ էլ տեսար` չուլ ու փալաս,
Չգիտեիր` արտի՞ստ է նա,
Թե՞ ծաղիկ ծախող Կարա-Բալա։

Բանտից ազատվելով և տուն վերադառնալով` Կարաբալան իր պարտեզն ու ծաղկի տաղավարը քանդված է գտնում, իսկ կինը վաճառել էր տունն ու երեխաների հետ հեռացել։ Կարաբալան դառնում է թափառական` աղքատ ու անտուն, ծաղիկներ է բաժանում և քթի տակ մտմտում.«Ես Կարաբալա չեմ, ես Դարդի բալա եմ»։ Պատմում են նաև, որ եղել են մարդիկ, ովքեր ականատես են եղել, թե ինչպես է Կարաբալան ուտելիք է տարել բանտարկված Չարենցին, գաղտնաբար իր զամբյուղի ծաղիկ¬ների տակ թաքցրել ու դուրս հանել հանճարեղ բանաստեղծի ձեռագրերը։

Բանավոր պատմություններից տեղեկանում ենք նաև, որ Արուս Ոսկանյանի մահից հետո Կարաբալան ամեն օր այցելում էր ու մեկ հատ վարդ էր դնում դերասանուհու շիրիմին։ Կարաբալայի կյանքի պատմությունը առավել քան տխուր ավարտ է ունեցել. միայնակ և լքված` նա վախճանվել է փողոցում, ցրտահարությունից։

Երևանցիները սիրում են այս խենթ սիրահարի ռոմանտիկ կերպարը, սիրահար զույգերը և անցորդները հաճախ ծաղիկներ են թողնում նրա հուշարձանին։

Տեքստի խմաբագրումը` Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Հայաստանի ազգային կոմիտեի (ԻԿՕՄՕՍ/ Հայաստան)։
 

Share |