Քարահունջ

Վերադառնալ գլխավոր էջ


Քարահունջ 2: Հայտնաբերումը. հնագիտական պեղումները: Բացահայտում. աստղագիտություն

Հայտնաբերումը. հնագիտական պեղումները

Արդեն շուրջ երեք տասնամյակ Քարահունջը ուսումնասիրողների ուշադրության կենտրոնում է` 1980 թ. պեղումներից սկսած, երբ այստեղ հայտնաբերվեցին մեգալիթյան և բրոնզ-երկաթի դարաշրջանի կառույցներ։ Մինչ այդ, տեղանքն այնքան էլ մեծ հետաքրքրասիրության առարկա չէր, թեև 19-րդ դարում այս վայրին ժողովրդական բանավոր ավանդույթը չբերությունը բուժող ուժ էր վերագրում։

Պատմաբանների մեծ մասը համակարծիք է Քարահունջի` որպես պաշտամունքային հուշարձանի մեկնաբանման հարցում։

Համալիրի տարածքում 1980-ականների պեղումները ղեկավարել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը /պեղումների ղեկավար` հնագետ, պատմական գիտությունների դոկտոր Օնիկ Խնկիկյան/։ Այս ժամանակ էլ հայտնաբերվել են մեծ քանակությամբ խիստ արժեքավոր գտածոներ։

Օ. Խնկիկյանի ուսումնասիրությունները ժխտում են այն վարկածներն, ըստ որոնց համալիրը կառուցվել է Ք.ա. 1-ին հազարամյակում և որ մենհիրները զուտ գեղագիտական (դեկորատիվ) նշանակություն են ունեցել, կամ էլ որ նրանց վերին մասում փորված անցքերը լծկան փոխադրամիջոցի օգնությամբ տեղափոխելու համար են նախատեսված եղել` մատնանշելով, որ անցքերն արված են քարերի ամենաբարակ մասում և այսպիսով պիտանի չեն ծանր քարաբեկորներ քարշ տալու համար կամ էլ քարերն այս դիրքով կանգնեցնելու` մարդիկ կարող էին դա անել շատ ավելի արագ։ Օ. Խնկիկյանը նաև նշում է, որ քարերի մի մասը կանգնեցված են այնպիսի դիրքով, որ նրանց անցքերի միջով նայելիս, հայացքը սևեռվում է երկնքում որոշակի հատվածների վրա։

Բացահայտում. աստղագիտություն

Աստղաֆիզիկոս Էլմա Պարսամյանը Քարահունջի առաջին աստղագիտական ուսումնասիրությունն իրականացրել է 1983 թ., որին այնուհետև հաջորդել են երկրորդ` 1987 թ. ուսումնասիրությունները` Ալեքսանդր Բարսեղյանի հետ համատեղ։ Աշխատելով գիշերային ժամերին, երկու գիտնականները հանգում են այն եզրակացության, որ համալիրն օգտագործվել է գիշերային երկինքը ուսումնասիրելու նպատակով. մենհիրներից 84-ի վրա հայտնաբերելով բազմաթիվ «աչքի անցքեր»։

Է. Պարսամյանի ուշադրությունն անմիջապես գրավում է համալիրի ընդհանուր հատակագիծը և քարերի տեղաբախշվածությունն ու քանակը։ Նա հանգում է այն եզրակացության, որ մենհիրները որոշակի տեսակի աստղադիտական գործիքներ են և որ համալիրի արևմտյան կողմի մենհիրների վրա արված են «աչքի անցքեր», որոնք նայողի հայացքն ուղղորդում են դեպի որոշակի կետերի` հորիզոնում և երկնքում։

Մի շարք այլ հետազոտողներ` թե սիրողական սկզբունքով, թե մասնագիտական հետազոտություններ են կատարել։ Հատկապես ուշագրավ է Ռադիոֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի պրոֆեսոր, հնագետ Պարիս Հերունու իրականացրաց հետազոտությունը. ըստ նրա առաջարկած վարկածի Քարահունջի աստղադիտարանը հիմնադրվել է 7500 տարի առաջ։ Թեև գիտնականներից շատերը համաձայն չեն այս վարկածի հետ, այն մինչ օրս ակտիվ քննարկումների առարկա է։

 

 

Share |

Մոտակա տեսարժան վայրերը