Քարահունջ

Վերադառնալ գլխավոր էջ


Քարահունջ 4: Ինչո՞ւ են տեղադրվել այստեղ: Կիրառությունը. ինչպե՞ս էր դա հնարավոր

Ինչո՞ւ են տեղադրվել այստեղ

Տարիներ շարունակ գիտնականները փորձում են հասկանալ մենհիրներն այստեղ տեղադրելու նպատակը։ Հնագետները ենթադրում են, որ դրանք շարվել են դամբարանների շուրջը և ունեցել են ծիսական նշանակություն։ Ենթադրվում է նաև, որ մենհիրների վերնամասում բացված անցքերը` դրանց տեղաշարժը հեշտացնելու և կանգնեցնելու համար է արվել։ Հնագետների և աստղագետների քննարկումները հանգեցնում են այն տեսակետին, որ սա այնքան էլ հավանական չէ. նկատենք, որ անցքերը բացված են հսկայական քարերի ամենաբեկուն մասում և հեշտությամբ կկոտրվեին։ Մյուս կողմից` նման անցքեր բացված են միայն այն քարերի մեջ որոնք կողմնորոշված են դեպի գիշերային երկինքը։ Անբացատրելի է մնում նաև այն հարցը, թե ինչու են այդ անցքերը բացված նկատելի զգուշությամբ ու խնամքով։

Աստղաֆիզիկոսները գտնում են, որ մենհիրները ծառայել են որպես որոշակի տեսակի աստղադիտական գործիքներ։ Աստղաֆիզիկոս Էլմա Պարսամյանի կողմից Մեծամորի աստղադիտարանը հայտնաբերելուց անմիջապես հետո Քարահունջի քարերը հաստատեցին նրա այն կանխավարկածը, ըստ որի Հայաստանը հնագույն աստղագիտական երկիր է. հին հայերը խորապես ուսումնասիրել էին աստղերը, գիտեին թե ինչպես չափել աշխարհագրական երկայնությունը և լայնությունը, և անգամ թե ինչպես բաժանել ժամանակը։

Կիրառությունը . ինչպե՞ս էր դա հնարավոր

Այլ հետազոտողներ կարծում են, որ հուշարձանը կազմված է աստղադիտական ոչ թե մեկ, այլ մի շարք գործիքներից` որոշ քարեր օգտագործվել են ցույց տալու հստակ հատվածներ գիշերային երկնքում, մյուսներն էլ տվյալ քարի դիրքն ուղղելու։ Նրանք օրինակ են բերում երեք քարերը (#63, 62, 60), որոնցից մեկը (# 60) ավելի բարձր գագաթ ունի, քան մյուսը և, հավանական է, որ, (#62) քարի դիտման կետն է` այն ունի անցք, որը նայում է (#60) քարի ծայրին։ (#60) քարի անցքը կրկին ուղղված է նույն քարի ծայրին, բայց տարբեր անկյունից։ Այդ քարը համարվում է առաջին երկուսի դիրքը կարգավորողը` նախատեսված հիմնական քարի դիրքի խախտվելու դեպքում այն շտկելու համար։
Այս վարկածը վիճարկվում է շատերի կողմից և ապացույցների, հետևաբար, դեռևս հետազոտման կարիք ունի` էլ ավելի խորհրդավոր դարձնելով Քարահունջի առեղծվածը։

 

Share |

Մոտակա տեսարժան վայրերը