Քարահունջ

Վերադառնալ գլխավոր էջ


Քարահունջ 5: Հնագիտական պեղումները, Կենտրոնական դամբարանը, Դամբարանադաշտը

Հնագիտական պեղումները

Զորաց քարի, հաճախ արտասովոր մեծ չափերի դամբարանների մեծ մասը թալանվել է հնում և այս հնավայրի մշակույթը հասկանալու համար անհրաժեշտ էր ուսումնասիրել Քարահունջից 2 կմ հարավ գտնող գերեզմանատունը (Սիսիանի «Փորձարարական կայանի» բակում)։ Հետախուզական պեղումները վկայում են, որ հուշարձանի տարածքը բնակեցվել է Ք.ա. 2-րդ հազարամյակի առաջին քառորդի սահմաններում։ Ստորին շերտից հայտ¬նաբերված խեցանոթների բեկորները բնորոշ են այսպես կոչված «Սևան-արցախյան» մշակույթի վաղագույն` մ.թ.ա 13-րդ դ. կեսերով թվագրվող շրջանին։

Կենտրոնական դամբարանը

1980-ական թթ. այստեղ պեղվել են կենտրոնական դամբարանը և մի քանի այլ դամբարաններ` համալիրի արևմտյան հատվածում։ Հնագետ Օնիկ Խնկիկյանի գլխավորած հնագիտական արշավախումբը պեղումների ժամանակ հայտնաբերել է Ք.ա. 1-ին հազարամյակով թվագրվող երկու սրահներից բաղկացած հսկայական դամբարան` ծածկված քարերով։ Դամբարանի հողածածկի մեծ մասը լցվել էր ներս, քանի որ ծածկասալերը տեղաշարժվել էին, հավանաբար, թալանի ժամանակ։

Երեք ծածկասալերը փորված անցքեր ունեին, դամբարանի արևելյան եզրային քարը կարմիր գույնի է. Գերեզմանի հողաթումբն օղակված է իրար մոտ կանգնեցված հարթ մակերեսով դոլմեններով։

Դամբարանադաշտը

Մենհիրների «ցանկապատից» արևմուտք գտնվող տարածքը կոչվում է«հրվանդան»` եռանկյունաձև հարթակ է շրջապատված գետափնյա ժայռերով, որոնք կազմում են դրա արևեմտյան սահմանը։ Այստեղ կան բազմաթիվ կիկլոպյան շարվածքով կատարված կառույցներ։ Կացարանների մեջ և դրանց միջև կան ստորգետնյա քարարկղեր։ Սրանց ծածկասալերը հանվել են, հավանաբար թալանի նպատակով։ Նման քարարկղներ կան պարսպապատից դուրս։

Ստուգողական պեղումները հայտնաբերել են մի շարք նյութեր, այդ թվում, սև կամ մուգ-շականակագույն խեցանոթների բեկորներ, նավակաձև աղորիքներ, վանակաթե գործիքներ, գունազարդ անոթներ, ծանրոց-կախիչներ։

Միակ Հյուսիսային մուտք ունեցող դամբարանի պեղումները վկայում են, որ միջնադարում այն վերածված է եղել կացարանի։ Հայտաբերվել են օջախի մնացորդներ, ջնարակած և զանազան այլ խեցանոթների բեկորներ։ Ստորին շերտից հայտնաբերվել են բրոնզեդարյան գտածոներ, այդ թվում խեցանոթների բեկորներ։ Դրանցից մի քանիսը թվագրվում են վաղ բրոնզի վերջին և միջին բրոնզի սկզբի ժամանակահատվածով։

Գտածոներով ավելի հարուստ էր Քարահունջից 2 կմ դեպի հարավ գտնվող Զորաց Քարի դամբարանադաշտը` Սիսիանի «Փորձարարական կայանի» բակում։ Այն բաղկացած է միջին բրոնզի և երկաթի դարաշրջանի դամբարաններից և օգնել է գիտնականներին պատասխանել տվյալ ժամանակաշրջանի մշակույթին առնչվող շատ հարցերի։ Գտածոների թվում են խեցանոթների բեկորներ, մետաղական և քարե գործիքներ, կախոցներ, դաշույններ, անասունների, այդ թվում` ձիերի կմախքներ։ Թաղման ծեսում կիրառվել է մահացողին կավաշաղախով ծածկելու, ինչպես և կրակով մաքրագործելու ծեսը (պահպանվել են այրված ճյուղերի մնացորդներ)։ Գործիքների և խեցեղենի ներկայությունը դամբարաններում վկայում է, որ դրանք, հավանաբար, անդրշիրիմյան կյանքում օգտագործվելու համար են դրվել։

 

 

Share |

Մոտակա տեսարժան վայրերը