Խոր Վիրապ

Վերադառնալ գլխավոր էջ


խոր Վիրապ 3: Քաղաքի թաղամասերը: Պաշտպանական համակարգը: Քաղաքը

 Քաղաքի թաղամասերը

Հին Արտաշատը եղել է Հռոմեական կայսրության լավագույն քաղաքներից մեկը և հակառակորդը։ Արտաշատը շուրջ 600 տարի կարողացել է պահպանել Արևելքի ամենանշանավոր քաղաքներից մեկի տիտղոսը։ Խոր Վիրապից հյուսիս-արևմուտք ընկած ամենամեծ ու մոտ 70 մ բարձրություն ունեցող բլրի վրա միջնաբերդն է, ուր տեղակայված են եղել պալատական համալիրները, ավագանու բնակելի թաղամասերը, զորանոցները և զինանոցները։ Կրկնակի հզոր պարիսպներով պաշտպանված միջնաբերդն անառիկ դիրք ունի։ Բլրի գագաթին պահպանված պալատական համալիրի մնացորդները զբաղեցնում են մոտ 2750 քառ.մ մակերես։ Արտաշատում եղած ժամանակ այստեղ է բնակվել նաև Հաննիբալը։


Պաշտպանական համակարգը

Քաղաքը կառուցվել է Երասխ (Արաքս) և Մեծամոր գետերի միախառնման կետում, ստեղծելով խոր ջրանցք Արտաշատի մոտ, որը քաղաքի համար ծառայել է բնական անառիկ պաշտպանական միջոց։
Քաղաքի կառուցվածքի կարևորագույն տարրերից է պաշտպանական համակարգը։ Ըստ Ստրաբոնի և Կորնելիոս Տակիտոսի` Արտաշատն ունեցել է 10 հազար մետրից ավելի ձգվող պարիսպներ, որի դեռևս 5 հազար մետրն է պեղումներով բացվել և հետազոտվել։ Բոլոր բլուրները մտնում են պաշտպանական ընդհանուր համակարգի մեջ։ Միջնաբերդի երկրորդ պարիսպը ուրարտական է, որը վերականգնվել ու հարմարեցվել է հելլենիստական ռազմարվեստի պահանջներին. անկյունային որմնահեցերը փոխարինվել են 13-15 մ տրամագիծ ունեցող կլոր աշտարակներով։ Պարիսպների ներքին շարվածքը իրականացված է բեկյալի տեսքով։ Որպես միասնական պաշտպանական համակարգ մտածված բոլոր բլուրները հաղորդակցվում են դարպասներով անջատված նեղ անցումներով` ինչի շնորհիվ բլուրներից յուրաքանչյուրը վերածվում է նաև պաշտպանական առանձին միավորի։ Առայժմ հայտնի են բլուրների պաշտպանական համակարգում բացված արտաքին դարպասներից միայն հինգը (լայնքը` 1,5-2 մ )։ Դրանք միշտ պահպանվել են երկու աշտարակներով և կառուցվել այնպես, որ դեպի դարպասը տանող ճանապարհն անցնի պարիսպների կողքով։

 

 Քաղաքը

Արտաշատն ունեցել է կոմունալ տնտեսության լայն ցանց։ Խմելու ջուրը մատակարարվել է կավե լայն խողովակներով (0,55x0,45 մ)` Վեդու կողմից, ինչը կարող էր բավարարել 100 հազարանոց բնակչություն ունեցող քաղաքին։ Կավե նեղ խողովակներով (0,1մ տրամագծով) ջուրը բաժանվել է վերին քաղաքի թաղամասերին։ Քաղաքի տարբեր մասերում բացվել են ջրահեռացման առուներ։ Հայաստանում ծանոթ էին հունա-հռոմեական աշխարհում լայն տարածում ունեցող կառույցների նոր տիպին` բաղնիքների շինարվեստին։ Արտաշատում 2-3 դդ. կառուցել են մասնավոր և հասարակական բաղնիքներ։ Երկու մասնավոր բաղնիք պեղվել է 8-րդ բլրում, մեկ հասարակական բաղնիք /թերմա/ բացվել է Ապոլլոն-Տիրի տաճարի հարթակին կից. վերջինիս ջուրը խողովակներով բերվել է Արաքսից։

Տիգրան 2-րդը հելլենիստական աշխարհի 12 քաղաքներից գերեվարած բնակչության մի մասը բնակեցրեց Արտաշատում։ Արտաշատն իր ծաղկման շրջանում` Ք.ա. 1-2 դդ. ունեցել է 150 հազար բնակչություն, քաղաքը դուրս է եկել իր սահմաններից և զբաղեցրել է 400 հա տարածություն։ Այն հելլենիստական աշխարհի խոշոր քաղաքներից մեկն էր և մոտ 600 տարի մնաց Հայաստանի գլխավոր մայրաքաղաքը, խորհրդանշելով նրա անկախությունն ու հզորությունը։

Տեքստը խմբագրված է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Հին հնագիտության բաժնի վարիչ Ժորես Խաչատրյանի կողմից։

 

 

 

Share |

Մոտակա տեսարժան վայրերը