Խոր Վիրապ

Վերադառնալ գլխավոր էջ


Խոր Վիրապ 7: Խոր Վիրապն ու Վարդանանց պատերազմը

 Խոր Վիրապ

Ինչպես ճանաչված ու նշանավոր էր հայոց Արտաշես Ա թագավորի հիմնադրած Արտաշատ մայրաքաղաքը, նույնպես այնտեղ գտնվող Խոր Վիրապը 4-րդ դարից ի վեր նշանավորվեց պարթև Արշակունիների ընտանիքից սերված Գրիգոր Լուսավորչի (մոտ` 257-331 թթ., հայոց առաջին Կաթողիկոս` 302-326 թթ.) կյանքի ու գործունեության շնորհիվ։ Խոր Վիրապում նրա բանտարկության, չարչարանքների և քարոզչական առաքելության պատմությունը նույնանում է Հայաստանում քրիստոնեության` որպես պետական կրոն ընդունման պատմության հետ։

Պարսկաստանում իշխանության գալով (3-րդ դ.), Սասանյանները կոտորեցին պարթևական թագավորական տան անդամներին և ներխուժեցին Հայաստան, որտեղ հանդիպեցին պարթև Արշակունիների հայկական ճյուղի գահատոհմից հայոց Խոսրով Մեծ թագավորի համառ դիմակայությանը, որն ընթանում էր հաղթական ճակատամարտերով։ Այնուհետև պատմությունը վկայում է, որ Սասանյանների կողմից ուղարկված Անակ իշխանը, ով պարթևական տանից լինելով` հայոց թագավորի հեռավոր ազգականն էր, սպանում է նրան։ Փախչելիս Անակն ու եղբայրը խեղդվում են Արաքսի հորդացած ջրերում, իսկ ընտանիքը կոտորվում է։ Անակի երկու որդիներին, որոնցից մեկը մանուկ Գրիգորն էր, հաջողվում է փախցնել։ Դայակի ընտանիքը նրան տանում է Կեսարիա (Կապադովկիա)։

Խոսրով Մեծի թագաժառանգը` Տրդատը, որ մեծացել և ուսանել էր Հռոմեական կայսրությունում, տիրապետում էր օտար լեզուների ու ռազմական արվեստի հմտությունների, հաղթահասակ էր, ուժեղ և քաջ։

Հասուն տարիքում Տրդատը Դիոկղետիանոս կայսրից ստացած հռոմեական զորքերով 287 թ. վերադառնում է Հայաստան և հայկական ու հռոմեական ուժերով Սասանյաններին դուրս քշում Հայաստանից։ Այս տարիներին նրա մոտ ծառայության է գալիս Գրիգորը, ով Կեսարիայում ստացել էր քրիստոնեական կրթություն։ Հայ պատմիչները վկայում են, որ Երիզա ավանում հեթանոսական ծեսի ժամանակ Տրդատը հրամայում է Գրիգորին ծաղկեպսակ մատուցել Անահիտ աստվածուհու արձանին։ Գրիգորը հրաժարվում է` հայտնելով իր քրիստոնյա լինելու մասին։ Բարկացած Տրդատը, տեղեկանալով նաև, որ Գրիգորը Անակի որդին է, հրամայում է վերջինիս փակել Խոր վիրապում` Արտաշատի մահապարտների բանտում, որը փոս էր` լեցուն օձերով ու թունավոր միջատներով։

Դիոկղետիանոս կայսեր հետապնդումներից փախչելով, Գայանե մայրապետի գլխավորությամբ Հայաստան էին եկել քրիստոնյա միանձնուհիներ, որոնցից Հռիփսիմեն մերժում է Տրդատ թագավորի ամուսնության առաջարկը։ Կույսերին սպանելու հրաման արձակելուց հետո Տրդատ թագավորը հոգեկան խանգարում է ստանում, հիվանդանում մոլագարությամբ։ Թագավորի քույր Խոսրովիդուխտը մի քանի անգամ նույն երազն է տեսնում, որով հայտնվում է, որ եղբորը կարող է բժշկել միայն վիրապում` բանտափոսում գտնվող Գրիգորը։

Թեպետ չէին հավատում, որ Գրիգորը կարող է ողջ լինել` վիրապում մնալով 13 տարի, բայց իշխաններ են ուղարկվում Արտաշատ, և երբ համոզվում են, որ ողջ է, նրան դուրս են բերում։ Դեպի Վաղարշապատ ճանապարհին, որն այդ ժամանակ մայրաքաղաքն էր, մոլագար և այլափոխված Տրդատը հանդիպում է Գրիգորին և նրանից մեղքերի թողություն խնդրում ու քրիստոնեություն ընդունում` ապաքինվելով հիվանդությունից։ Տրդատ Մեծ թագավորի և Գրիգոր Լուսավորչի հանդիպման վայրում մոտ երեք և կես դար անց` 7-րդ դարում կառուցվում է իր գեղեցկությամբ և յուրահատուկ ճարտարապետությամբ հայտնի Սուրբ Գրիգոր եկեղեցին, որը ծանոթ է նաև Զվարթնոց անունով։

301 թ. քրիստոնեությունը Հայաստանում հռչակվում է պետական կրոն։
Քրիստոնեության ընդունումը և մեկ դար անց Մեսրոպ Մաշտոցի կողմից հայոց գրերի ստեղծումը կանխորոշեցին հայ ժողովրդի հետագա ուղին` ձախողելով օտարների կողմից ձեռնարկվող միաձուլման ցանկացած փորձ։


Խոր Վիրապն ու Վարդանանց պատերազմը

387 թ. Հայաստանը բաժանվում է Հռոմեական կայսրության և Սասանյան Պարսկաստանի կողմից` մեծ մասով մնալով Պարսկաստանի կազմում։ Վերջինս 5-րդ դարում փորձում է պարտադրել հայերին կրոնափոխություն։ Ի պատասխան պարսից արքունիքից եկած հրամանի` ընդունելու զրադաշտականությունը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, բարձրաստիճան հոգևորականությունը և նախարարները 449 թ. ազգային-եկեղեցական ժողով են գումարում Արտաշատում և գրում մերժողական պատասխան պարսից արքային։ Արտաշատի ժողովի մասնակիցներից էր նաև Վարդան Մամիկոնյանը, ով հայոց բանակի սպարապետն էր։

Պարսից արքան հայոց իշխաններին Տիզբոն է կանչում` սպառնալով մահվամբ, եթե չթողնեն քրիստոնեությունը։ Առերես ընդունելով կրոնափոխության առաջարկը, հայ նախարարները կարողանում են վերադառնալ Հայաստան և ապստամբում են պարսից հզոր պետության դեմ։ Հայկական զորքերը գլխավորում էր սպարապետ Վարդան Մամիկոնյանը, ում անունով էլ ապստամբությունը կոչվել է «Վարդանանց պատերազմ»։ Դա պատերազմ էր հանուն խղճի ազատության և անկախ պետականության։

Վարդանանց պատերազմի գլխավոր` Ավարայրի ճակատամարտում 451 թ. զոհվում է և ինքը` սպարապետ Վարդանը։ Սասանյան տերությունը, սակայն, ստիպված եղավ հրաժարվել կրոնափոխության պահանջից և թույլատրել հայերին մնալու քրիստոնեական հավատքով։ Սասանյանների կողմից հավատափոխության հաջորդ փորձը նույն 5-րդ դարում կրկին հանդիպեց անզիջում դիմադրության, նոր ապստամբությունը գլխավորում է Վարդան Մամիկոնյանի եղբոր որդին` Վահան Մամիկոնյանը։ Այդ պայքարը ավարտվեց 484 թ. Նվարսակի դաշնագրով, որով պարսից տերությունը գրավոր պարտավորվում էր ճանաչել քրիստոնեությունը Հայաստանում և Հայաստանի ներքին ինքնավարությունը։ Վարդանանց պատերազմով սկսված և թանկ գնով ձեռք բերված հոգևոր ազատությունը և ինքնավարությունը ապահովեցին հայոց պետականության պահպանումը և վառ պահեցին անկախ պետականության վերականգնման ձգտումը հետագա դարերի ընթացքում։ Հայ Առաքելական Եկեղեցին Վարդան Մամիկոնյանին դասել է սրբերի շարքը։ Անվանի զորավարի արձանը, որ այսօր կանգնեցված է քաղաքամայր Երևանում, խորհրդանշում է սերունդների երախտագիտությունը և պատմական հիշողությունը։


Տեքստը խմբագրված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից։

 

Share |

Մոտակա տեսարժան վայրերը