Խոր Վիրապ

Վերադառնալ գլխավոր էջ


Խոր Վիրապ 9: Սուրբ Գևորգ եկեղեցին /Խոր Վիրապ

 Սուրբ Գևորգ եկեղեցին /Խոր Վիրապ

Վիրապը, որում 13 տարի բանտարգելված է մնացել Գրիգոր Լուսավորիչը, գտնվում է Սուրբ Գևորգ եկեղեցուց (7 դ.) հարավ-արևմուտք։ Հովհաննես Դրասխանակերտցու վկայությամբ վիրապի վրա Ամենայն Հայոց Ներսես Գ Շինարար կաթողիկոսը (641-661) կառուցել է մատուռ.

Հայրապետության գալով, նա «Կառուցում է սուրբ տաճար Սուրբ Գրիգորի վիրապի վրա, ուր` թաղված թունավորների մեջ, առաքելանվեր այրն Աստծո ջախջախեց կամակոր վիշապի գլուխը` կռապաշտության խոր մեռելությունից հայաստանցիներիս դուրս բերելով դեպի Աստծո Որդու փառքի լույսը»։ (Հովհաննես Դրասխանակերտցի, «Հայոց պատմություն», Երևան, 1996, էջ 87` համեմատությամբ էջ 86-ի)։


Այսպիսով, ներկա շինությունը որոշակիորեն կառուցվել է 642 թ.։ Հայ ժողովրդի պատմության մեջ իր շինարարական գործունեությամբ փառաբանված Ներսես Գ Շինարարի կառուցած մեկ այլ եկեղեցու` Զվարթնոցի մոտ է ամփոփվել երախտավոր կաթողիկոսի աճյունը։

Եկեղեցուց հարավ-արևմուտք գտնվում է 4,4 մ տրամագծով, 6 մ խորությամբ, գոգավոր գմբեթանման ծածկով վիրապը։ Որպես մահապարտների բանտ ծառայող վիրապում Գրիգորը ևս դատապարտված էր մահվան` եթե, պատմության համաձայն, չլիներ այն բարի կինը, ով հանապազօրյա հաց և ջուր էր բերում նրան։

Այդ ժամանակ Հռոմի մոտ գտնվող Սուրբ Պողոս վանքից Գայանե մայրապետի գլխավորությամբ դուրս գալով` 70 միանձնուհիներ եկել էին Հայաստան։ Նրանցից 37 –ը, որոց մեջ` մայրապետ Գայանեն ու Հռիփսիմեն, ում Տրդատ թագավորը ցանկացել էր կին ունենալ, նահատակվում են թագավորի հրամանով։ Նրանց չարաչար սպանությունից հետո Տրդատ թագավորը հիվանդանում է մոլագարությամբ։ Նրա քույրը` Խոսրովիդուխտը մի քանի անգամ տեսնում է նույն երազը, որով հայտնվում էր, թե թագավորին կարող է բժշկել միայն վիրապում գտնվող Գրիգորը։

Գրիգորը դուրս է բերվում վիրապից, թագավորը զղջում ու ներում է խնդրում իր գործած չարիքի համար նրա և քրիստոնյաների հանդեպ և ընդունում քրիստոնեություն։ 301 թ. Հայաստանը դարձավ առաջին երկիրը, որն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն։ 302 թ. Կեսարիայում, ուր անցկացրել էր իր մանկությունը, Գրիգորը Ղևոնդիոս արքեպիսկոպոսի կողմից ձեռնադրվեց որպես Հայոց եպիսկոպոսապետ։ Ավելի քան 25 տարի ժողովրդին անդադար քարոզելուց և ուսուցանելուց, եկեղեցական կյանքը ըստ ամենայնի կազմակերպելուց հետո արդեն պատկառելի տարիքում Գրիգոր Լուսավորիչը 326 թ. առանձնանում է Բարձր Հայք նահանգի Դարանաղի գավառում գտնվող Սեպուհ լեռան Մանյա Այրք, կոչված անձավում, ուր և մի քանի տարի անց վախճանվում է։

Տեքստը խմբագրված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից։

 

 

Share |

Մոտակա տեսարժան վայրերը