Մետաքսի Ճանապարհ` Քոբայրի վանք

Վերադառնալ գլխավոր էջ


Մետաքսի Ճանապարհ 2: Քոբայրի վանքը

Քոբայրի վանքը

Տարածքում հայտնաբերվել են բրոնզի և երկաթի դարի գտածոներ, իսկ մի քանիսը թվագրվում են պղնձի դարով։

Քոբայր անունը կազմված է վրացերեն «քոբ» և հայերեն «այր» բառարմատներից և նշանակում է քարայր. շրջակա բնապատկերում գերակշռող բազմաթիվ քարայրների առկայությունը կարծես հիմնավորում է տեղանվան նման բացատրությունը։

Քոբայրի պատմությունը սերտորեն կապված է միջնադարյան Հայաստանի ամենահայտնի նախարարական տների պատմության հետ` հայ Կյուրիկյաններ, Բագրատունիներ և Զաքարյաններ։ Վերջիններս 13-րդ դարում Հայաստան բերեցին քաղկեդոնությունը և սրան համապատասխան ճարտարապետական նոր ոճ` ներառյալ պաշտամունքային կառույցների պատերին ներքուստ արվող որմնանկարչությունը ։ Քոբայրում է ապրել և գործել մատենագիր Դավիթ Քոբայրեցին, իսկ Վարդան Արևելցին և այլ մատենագիրներ նշում են, որ Քոբայրը 13-րդ դարի կեսերին եղել է գրչության և մշակութային կարևոր կենտրոն։

Համալիրի գլխավոր մուտքը (6) բոլորաձև աշտարակներով թաղակապ սրահավոր բացվածք է, որը «թունել» է հիշեցնում։ Գլխավոր` Կաթողիկե եկեղեցին /12-րդ դ./ (1) միանավ, այժմ կիսավեր, կառույց է, որի գլխավոր մուտքը ժամանակին պսակված է եղել քանդակազարդ եզրագոտիով, իսկ եկեղեցու գլխավոր ճակատը` վարդյակներով ու երկրչափական պատկերներով հարդարված նախշազարդ քիվով։ Եկեղեցին առանձնակի ուշագրավ է և արժեքավոր հատկապես մինչ օրս պահպանված որմնանկարներով։

Աբսիդի գմբեթարդում պահպանված որմնանկարները կատարված են երեք շարքով։ Վերին տեսարանում Աստվածամայրն ու հրեշտակապետերն են, մեջտեղում` «Հաղորդությունն» է, իսկ ցածում` սրբազանները։ Բեմի պատերին պատկերված են նաև մարգարեները։ Պահպանվել են նաև մատուռ-ավանդատան որմնանկարները. դարձյալ եռաշարք հորինվածքում ներկայացված են «Դեիսուսը», «Հաղորդությունը» և սրբազանները, ինչպես նաև պատվիրատուների դիմանկարները` արևմտյան պատին և հյուսիայինի ստորին շարքում։

Կաթողիկեից արևելք, ժայռի եզրին կանգնեցվել է ավելի փոքրաչափ Մարիամաշեն եկեղեցին(2), /այժմ` կիսաքանդ/, որը համալիրի պահպանված կառույցներից ամենահինն է։ Ինչպես վկայում է մուտքի արձանագրությունը, այն կառուցվել է 1171 թվականին Կյուրիկե Բ թագավորի դստեր` Մարիամ իշխանուհու կողմից,։

Կաթողիկեից դեպի հյուսիս, համալիրի կենտրոնում գտնվում է զանգակատուն-տապանատունը (3). քառակուսի հատակագծով կառույց, որն արևելքում ավարտվում է լայն աբսիդով։ Ըստ հարավային պատին պահպանված վրացերեն արձանագրության` զանգակատան շինարարությունը1279 թ. պատվիրել են Շահնշահ ամիրսպասալարի որդի Մխարգրձելին և նրա կինը Վանենին։

Զանգակատնից դեպի արևմուտք 13-րդ դ. սեղանատան (4) կիսաքանդ շենքն է։ Այն ուղղանկյուն դահլիճ է, որից պահպանվել են միայն պատերն ու թաղածածկ տանիքից մի հատված։

Սեղանատնից դեպի հյուսիս գտնվում են թաղակապ ծածկով միանավ եկեղեցու (5) ավերակները /12 դ./ և թունելը։ Եկեղեցուն կից կառուցված է թաղածածկ մատուռ։

 
Հղում`

1. Կաթողիկե եկեղեցին
2. Մարիամաշեն եկեղեցին
3. Զանգակատուն-տապանատունը
4. Սեղանատունը
5. 12-րդ դ. եկեղեցին
6. 12-րդ դ. գլխավոր մուտքը