Մետաքսի Ճանապարհ` Լճաշեն` հնագիտական վայր

Վերադառնալ գլխավոր էջ


Մետաքսի Ճանապարհ 4: Լճաշենի տեղաբնիկները, Թաղման ծեսերը, Գտածոներ

Լճաշեն

Լճաշեն գյուղը տեղադրված է Գեղամա լեռների հյուսիսային թեք լանջին, ունի բարձր դիրք շրջապատի նկատմամբ։ Գյուղի արևելյան կողմում Լճաշենի հնավայրն է` հնագիտական կարևորագույն հուշարձաններից մեկը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև նախկին խորհրդային ողջ տարածքում։ Հնագույն դամբարանադաշտը հայտնաբերվել է 1950-ական թվականներին` Սևանա լճի մակարդակի իջնելու հետևանքով, զբաղեցնում է մոտ 800x100 քառ. մ մակերես։ Դամբարանադաշտի հարավային ծայրին, բլուրների վրա Լճաշենի կիկլոպյան ամրոցն է ու հնագույն քաղաքատեղիի մնացորդները։

Լճաշենի տեղաբնիկները

Այսօր Լճաշենի տեղաբնիկների և նրանց զբաղմունքների մասին հնարավոր է պատկերացում կազմել միայն հնագիտական պեղումներից հայտնաբերված նյութերի համակողմանի ուսումնասիրությամբ։ Այդ ուսումնասիրությունները փաստում են, որ Լճաշեն բնակավայրը սկզբնավորվել է Ք. ա. 4-րդ հազարամյակի վերջին, իսկ 3-րդ հազարամյակի կեսին վերածվել է ամրոցի։ Պեղումները վկայում են, որ Լճաշենի հնագույն քաղաքատեղին ունեցել է ուղիղ փողոցների համակարգ, որոնք 2 կողմերից կառուցապատված են եղել շրջանաձև ու քառանկյուն հիմքեր ունեցող կացարաններով։ Քաղաքի բնակչությունը, ինչպես վստահաբար թույլ են տալիս ասել գտածոները, զբաղվել է երկրագործությամբ, անասնապահությամբ, փայտագործությամբ, ծղոտագործությամբ, մետաղագործությամբ և խեցեգործությամբ։

Թեև հաճախ Լճաշենի մշակույթը զուգորդում են Քուր-Արաքսյան մշակույթի հետ, սակայն դամբարանների գտածոները յուրօրինակ նշանակություն և մշակութային արժեք են հաղորդում այս հնավայրին, մասնավորապես թաղումնային ծիսակարգի վերաբերյալ ամբողջական պատկերացումներ ստանալու առումով։

Թաղման ծեսերը

Պեղումների արդյունքում բացված դամբարանադաշտն ընդգրկում է շուրջ 800 դամբարան, մեծիմասամբ քարարկղային թաղումներով, որոնք բրոնզեդարյան մշակույթի բացառիկ հավաքածու են ներկայացնում։ Լճաշենի թաղումների եզակիությունը կայանում է նրանում, որ այստեղ հայտնաբերվել են դիակառք-սայլեր, որոնք լծված ձիերի և եզների, ինչպես նաև արտակարգ հարուստ գույքի հետ թաղվել են հանգուցյալի հետ։ Այսօրինակ գտածոներն, անտարակույս, հարուստ հանգուցյալի մասին են խոսում։

Երևելիներին հավանաբար միշտ էլ թաղել են կառքերով կամ սայլերով և այնպիսի դիրքով, որ կարծես հիշեցնում են ուղևորություն դեպի անդրշիրմյան կյանք։ Գտնվել են ինչպես երկանիվ կառքեր, այնպես էլ քառանիվ ձիասայլեր՝ պատրաստված տեղական կաղնեփայտից և ծփիից, որոնց վրա փորագրություններ կան։ Գտնված սայլերը աշխարհում հայտնի նմանօրինակ սայլերից լավագույններից են ։

Ննջեցյալի հետ ձիերի թաղումը կարևորվում է Հայաստանում ձիաբուծության զարգացման ու այս կենդանիների ընտելացման հետ կապված հարցերի պարզաբանման տեսանկյունից։

Գտածոները

Լճաշենի հնագիտական նյութերի մեջ երկանիվ և քառանիվ սայլերից ու ռազմակառքերից բացի, առանձնահատուկ արժեք են ներկայացնում նաև ցուլերի բրոնզե արձանիկները, ոսկեձույլ գորտը և 25 տեսակի ոսկյա այլ առարկաները, որոնք պատրաստվել են Ք. ա. 2-րդ հազարամյակի կեսերին` հավանաբար Զոդից բերված ոսկով։ Արժեքավոր է նաև Լճաշենի գունազարդ, կետազարդ ու նախշազարդ խեցեղենը, որը փոխարինելու եկավ սև փայլով պարզ խեցեղենին։

Փայտե գտածոները ևս հետաքրքրություն են ներկայացնում ուսումնասիրողների համար. կենցաղային առարկաները /գդալ, շերեփ, բաժակ, դույլ, սեղան/ պատկերացում են տալիս ժամանակաշրջանի կենցաղի մասին։

Եվ վերջապես Լճաշենի արժեքավոր գտածոներից չենք կարող չնշել ուրարտական թագավոր Արգիշտի Առաջինի սեպագիր արձանագրությունը, որտեղ հիշատակվում է իր կողմից Իշտիկունի քաղաքի, որն ըստ որոշ հետազոտողների հենց Լճաշենն է, գրավման մասին։

Լճաշենի նյութերը պահվում և ցուցադրվում են Պետական էրմիտաժում /Սանկտ Պետերբուրգ/ և Հայաստանի պատմության թանգարանում։