Մատենադարան

Վերադառնալ գլխավոր էջ


Մատենադարան: Կանգնակ 3 կողմ 1


Ինչպե՞ս էր ստեղծվում ու պատկերազարդվում ձեռագիրը, մի գործ, որի գլխավոր վարպետներն էին գրիչը և մանրանկարիչը։ Վանական դպրոցների սաները դեռևս ուսումնառության շրջանում սովորում էին գեղագրություն, ծանոթանում մագաղաթ, թանաքներ ու ներկեր պատրաստելու հնարքներին և գրչական առաջին փորձերը կատարում։ Հատկապես դժվար ու աշխատատար էր մագաղաթի պատրաստումը, որի համար օգտագործվում էր ոչխարի (գառան) կամ հորթի մշակած կաշին։ Հայերեն ամենամեծ ձեռագրի՝ 1202թ. «Մշո Ճառընտիր»-ի գրչության համար օգտագործվել է 660 հորթի կաշի։

10-րդ դ. վերջերից Հայաստանում մագաղաթին զուգահեռ գործածվել է նաև թուղթը (չինական ու արաբական թղթից հետո հայկական թուղթը հնությամբ աշխարհում երրորդն է), սակայն նկարչության համար նախընտրելի նյութը ամուր ու ողորկ մագաղաթն էր։

Աշխատանքի հիմնական պարագաները գրչատներում պատրաստում էին գրիչներն ու ծաղկողները։ Ձեռագրերում պահպանվել են մանրանկարչության համար անհրաժեշտ ներկերի ստացման 100-ից ավելի բաղադրատոմսեր։ Այդ գործի համար օգտագործվում էին բուսական ու կենդանական ծագում ունեցող բազմաթիվ նյութեր, նաև հանքանյութեր։ Նկարիչները, հատկապես ավետարանիչներին պատկերելիս, նրանց մոտ նկարում էին նաև գրչության ու մանրանկարչության գործիքներ` հաճախ կից գրելով գործիքների անվանումները։

Մանրանկարներ`

1. Մուտք Երուսաղեմ, «Մշո
ճառընտիր», նկարիչ՝ Ստեփանոս,
1202 թ., Մատենադարան, ձեռ.
7729, թերթ 325բ
2. Մատթեոս ավետարանիչ
(գրչության պարագաներով),
Մատենադարան, ձեռ. 7643,
թերթ 2բ
3. Ծերուն ծաղկողի ինքնանկարը,
Մատենադարան, ձեռ. 8772, թերթ
15բ

Տեքստը և պատկերները` Մեսրոպ Մաշտոցի անվ. Հին ձեռագրերի ինստիտուտի։
 

Share |