Մետաքսի Ճանապարհ` Մեղրիի Փոքր թաղը

Վերադառնալ գլխավոր էջ


Մետաքսի Ճանապարհ 11: Մեղրի. Փոքր Թաղը: Մեղրու «Քարեզը»

Մեղրի. Փոքր Թաղը

Փոքր թաղը իրավամբ հայկական ժողովրդական ճարտարապետության և ավանդական կենցաղի բացօթյա թանգարան է։ Այն կառուցապատվել է հարևան բնակավայրի վերաբնակեցման ժամանակ` 1639 թ. Քասրե Շիրինի դաշնագրից (Զունաբի դաշնագիր) հետո։

Փոքր թաղի նեղլիկ փողոցները տանում են դարեր շարունակ այս հողը շենացրած ու ձևավորած բնակիչների հետքերով։ Առանձնահատուկ տեղ է գրավում Սբ Սարգիս բազիլիկ եկեղեցին` 17-րդ դարի որմնանկարներով, որոնք Հայաստանի եկեղեցական կառույցներում պահպանված որմնանկարների արժեքավոր օրինակներ են և առանձնանում են արևելյան ոճով։

Ճարտարապետական - գեղարվեստական յուրօրինակ լուծումներով են աչքի ընկնում Մեղրու Փոքր թաղի 18-րդ դարի երկրորդ կեսի և 19-րդ դարի սկզբին կառուցված ժողովրդական տները, որոնք քաղաքատիպ բնակարաններ են հիշեցնում։ Երկհարկ, երբեմն նաև եռահարկ, այդ տները պարտադիր պատշգամբներ ունեն։ Տեղանքի դարավանդային կառուցապատման պատճառով, տներից մեկի կտուրը մյուսի բակն է հանդիսանում։ Տներից շատերն ունեցել են փայտե ցանցավոր փեղկեր և գունավոր ապակիներ։ Ցավոք, Փոքր թաղն այսօր գնալով կորցնում է իր ճարտարապետական դիմագիծը։ Ժողովրդական ճարտարապետության եզակի նմուշներից շատերն այսօր փլատակների են վերածվել և մի քանիսն էլ քանդման վտանգի առջև են կանգնած։

Արհեստները Մեղրիում

Մեղրու ավանդական արհեստներն այլևս գրեթե գոյություն չունեն, սակայն ժամանակին այստեղ զարգացած էին ոսկերչությունը, դարբնությունը, շինարվեստը, քարտաշությունը, դերձակությունը, ատաղձագործությունը, ծղոտե փոքր գորգերի, կտորի արտադրությունը (բրդյա, բամբակյա, մետաքսյա), գորգագործությունը, ասեղնագործությունն ու ժանեկագործությունը։ Արտադրվում էին ռոմբաձև նախշերով ուղեգորգեր, գորգեր պարսկականի նմանությամբ (ռոմբաձև նախշերով, տերևների և թռչունների պատկերներով) և դասական վիշապագորգեր։ Լայն տարածում ունեին երկերես գորգերն ու հատակի համար գունավոր գործվածքները։

Մեղրու «Քարեզը»

Մեղրին հաճախ նկարագրում էին որպես օազիս անապատի սրտում. փթթուն բուսականության հիմնական պատճառը «Քարեզ» կոչվող ջրամատակարարման եզակի համակարգն էր։ Այս համակարգը կիրառելի է եղել ուրարտական ժամանակաշրջանից ի վեր, և դեռևս պահպանվել է Իրանի, Հնդկաստանի, Չինաստանի, Հայաստանի որոշ վայրերում։ «Քարեզն» ունի եգիպտական ծագում. այս համակարգի սկզբունքը ստորգետնյա ջրերը վեր մղելու միջոցով հողատարածքների ոռոգումն է։

Պարզ սկզբունքը հետևյալն է. իրարից 8-10 մետր հեռավորության վրա բլուրն ի վեր մինչև 2 մ խորությամբ հորեր են փորվում։ Ապա յուրաքանչյուր հոր ստորգետնյա ճանապարհով կապվում է մյուսին։ Մշտապես հսկողության կարիք ունեցող այս համակարգը, որի արդյունավետությունը անվիճելի է հատկապես անապատային միջավայրում, աստիճանաբար գործածությունից դուրս եկավ խորհրդային տարիներին։ Սակայն մեր օրերում, երբ գյուղացին փնտրում է նվազ ծախսատար հնարքներ, այն կրկին լայն կիրառություն ստանալու միտում ունի։

Փոքր թաղի մշակութային ժառանգության վերականգնումը ու օգտագործումը, ինչպես նաև «Քարեզ» ծրագիրն իրականացվում են «Մեղրի 1» բարեգործական ՀԿ-ի և «Արևիք» հիմնադրամի կողմից (ծրագրի հեղինակ` ճարտարապետ Արմինե Պետրոսյան)։