Մետաքսի Ճանապարհ` Մոզ

Վերադառնալ գլխավոր էջ


Մետաքսի Ճանապարհ 6: Մոզ

Մոզ

Մոզը բնակավայր է եղել դեռևս բրոնզի դարում։ Բնակատեղիի դիրքը Արփա գետի աջափնյա բարձրադիր անտառապատ տեղանքում բարենպաստ է հանդիսացել մարդու կողմից բնակեցված լինելու և ապրելու համար։ Մոզը նշանավոր առևտրա-արհեստավորական կենտրոն էր նաև միջնադարում։ Ժամանակի ընթացքում փարթամ բուսականության և անտառների կորուստը հանգեցրել է տեղանքի անապատացմանը։

Այսօր պատմական Մոզից գրեթե ոչինչ չի պահպանվել. կործանարար երկրաշարժը ոչնչացրել է երբեմնի ծաղկուն քաղաքը, որը նաև Հայաստանով անցնող Մետաքսի ճանապարհի կարևոր կանգառներից էր։ Ու թեև բնակավայրն այլևս գոյություն չունի, ճանապարհը շարունակում է ծառայել ժամանակակից «քարավաններին». այսօր այս ճանապարհով են իրականացվում Իրան - Վրաստան բեռնափոխադրումները։

Բրոնզեդարյան բնակատեղին բացահայտում են պեղված դամբարանները (1978-1979 թթ., պեղումների ղեկավար` հնագետ Հասմիկ Իսրայելյան) և Մոզից 2-3 կմ դեպի արևմուտք ձգվող ընդարձակ դամբարանադաշտի /հիմնականում երկաթի դար/ մի մասը։ Դամբարաններում հայտնաբերվել են զույգերով կատարված թաղումներ, այդ թվում նաև մարդկային ածխացած կմախքների և այրված ճյուղերի մնացորդներ, շների կմախքներ։

Գտածոների թվում են կավե և խեցե անոթներ, վանակատե և բրոնզե առարկաներ։ Անոթների գույնը և ձևը հնագետներին թույլ են տալիս դրանք թվագրել Ք.ա. 2-րդ հազարամյակի սկզբով։

Միջնադար. Մոզը նշանավոր առևտրա-արհեստավորական կենտրոն էր։ 7-8-րդ դարերում այն ունեցել է մի քանի հազար բնակիչ։ Կործանվել է 735 թվականի երկրաշարժից և ամբողջապես ծածկվել լավայով։ Այդ պատճառով էլ քաղաքից գրեթե ոչինչ չի պահպանվել։ Մոզի կործանումից հետո Սյունյաց աշխարհի և Օրբելյանների կենտրոնն է դառնում Եղեգիսը։

Մոզը հիշատակված է նահատակված Ստեփանոս Սյունեցու պատմության մեջ։ Միջնադարի պատմիչ Կիրակոս Գանձակեցին գրում է։

«Եվ տեր Դավիթը Ստեփանոսին ձեռնադրեց Սիւնիքի եպիսկոպոս` Սյունաց իշխաններ Քուրդի և Բաբկենի խնդրանքով։ Եպիսկոպոսարանը միայն մեկ տարի զբաղեցնելուց հետո նա [Ստեփանոսը] սպանվեց Մոզ թաղամասից անառակ կնոջ կողմից։ Նրա մարմինը տարան Արքազի պալատ, որտեղից էլ հանգստացրին Թանապատի վանքում։ Առաքինի Ստեփանոսը գրչություն բերեց Սիւնիքի եպիսկոպոսարանին, Հայաստանի համար եպիսկոպոսների երեք աստիճան սահմանվեց»։
«Այժմ Նոյ անունով ոմն քահանա, տեսիլք տեսավ որում Ստեփանոսն արյունոտ կրծքով կանգնած էր Փրկչի առջև, ասելով. «Տես, Տեր, քանզի քո դատողությունն արդար է։» Տեղեկացնելով տեղի քահանաներին գալիք զայրույթի մասին, նա զգուշացրեց, որպեսզի աղոթեն։ Հետո տեսան, թե ինչպես վերևից անթափանց մթությունը պարուրեց Մոզի սահմանները, և երկիրը ցնցվեց քառասուն օր։ Տաս հազար հոգի թաղվեցին [երկրաշարժից], և այդ պատճառով վայրն անվանվեց և մինչ այսօր կոչվում է Վայոց Ձոր։ Նրանք ովքեր ցավի մեջ են և նրանք ովքեր մարնով տկար են, Ստեփանոսի մասունքները կարող են բուժել, եթե փնտրում են օրհնյալ մարդու հովանավորությունը»։

Մոզի բրոնզեդարյան և միջնադարյան մշակույթի վկայությունները` բնակատեղիի տարածքից հայտնաբերված գտածոները պահպանվում և ցուցադրվում են Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում։

Տեքստը` պրոֆ. Օ. Խնկիկյանի