Նորատուս

Վերադառնալ գլխավոր էջ


Նորատուս 1: Պատմությունը

Պատմությունը

Նորատուսը (Նորադուզը) հնագույն բնակավայր է` բրոնզի և երկաթի դարերով թվագրվող բազմաթիվ հուշարձաններով։ Այժմյան գյուղը հիմնադրվել է 1829 թ., գտնվում է ծովի մակերևույթից 1934 մ բարձրության վրա։ Նորատուսը միջնադարում երբեմն անվանվել է գյուղաքաղաք։ Կարծիք կա, որ սա է ավանդական Գեղամ Նահապետի կառուցած Գեղարքունիքի բերդ-ավանը, որը նա կոչել է «Նորատունս»` նոր տներ։ Պահպանված միջնադարյան կառույցները թվագրվում են 9-17-րդ դարերով։

Մինչև 19-րդ դ. Նորատուսը եղել է Ծմակ գավառի վարչական կենտրոնը։ 13-14-րդ դդ. Նորատուսը Զաքարյանների սեփակա-նությունն էր և նրանց կառավարչի նստավայրը. արձանագրու-թյուններում կառավարիչն անվանվում է դեմեթար կամ մեփորել, որը նշանակում է առաջնորդ։ 16-րդ դարում Գեղարքունիքի չորս իշխանական տներից մեկի` Ազարյաններից Մելիք Բարիքը իր նստավայրը մոտակա Գանձակ գյուղից տեղափոխում է Նորատուս։

Նորատուսի վերաբերյալ հյուսված ավանդազրույցներից մեկը նկարագրում է օսմանյան թուրքերի ներխուժումը Գեղարքունիք և նրանց կռիվը Գեղամ իշխանի դեմ։ Ունենալով շատ քիչ զինվորներ` վերջինս իր մարդկանց հրամայում է զինվորական համազգեստ հագցնել խաչքարերին, և թշնամու համար ստեղծել խաբկանք` հեռվից թողնելով մեծաքանակ և ուժեղ բանակի տպավորություն։ Թուրքերը սարսափահար փախուստի են դիմում, իսկ Գեղամն իր խմբով հարձակվում և պարտության է մատնում թշնամուն։

Բացի գերեզմանատնից, գյուղում և շրջակայքում կան նաև մի շարք այլ հուշարձաններ։

Սբ Աստվածածին կիսավեր եկեղեցի - Գտնվում է գյուղի կենտ-րոնում, կառուցվել է 9-րդ դարի վերջին` Գեղարքունիքի Սահակ իշխանի կողմից։ Եկեղեցու գմբեթավոր սրահը ամբողջովին կառուցված է եղել սրբատաշ մեծ քարերով. բակում բազմաթիվ խաչքարեր և տապանաքարեր կան։ Ամենահին արձանագրու-թյունն այստեղ փորագրված էր մի խաչքարի վրա (996 թ.), որն այժմ ցուցադրվում է Հայաստանի պատմության թանգարանում։

Սբ Գրիգոր կամ Դոփուց վանք - Գտնվում է գյուղի հարավային եզրին։ Թեև ընդունված է այն թվագրել 13-րդ դարով, սակայն արձանագրություններն ու շինարվեստը վկայում են, որ շենքը կառուցվել է դեռ 10-րդ դ.-ից առաջ։ Վանքի արևմտյան պատին պահպանվել է Հերակղ (Հերակլ) Հավնունի իշխանի արձանա-գրությունը։ Ըստ Սիմեոն Երևանցի կաթողիկոսի` կոչվել է Դոփուց (Դափունց, դահիրա) վանք և եղել է կուսանոց։

Գյուղամիջում ցրված խաչքարերից հնագույնը նվիրված է կամրջի կառուցմանը և թվագրված է 1211 թվականով։ Սբ Աստվածածին եկեղեցուց դեպի արևելք, ուր կան նաև տապանա-քարեր, խաչքարերի մի խումբ կա. այստեղ հավանաբար Ջուղայեցոնց ընտանեկան գերեզմանատունն է եղել. խաչքա-րերից մեկը թվագրված է 1553 թվականով։

Մատուռ - Գտնվում է գյուղից մոտ 2 կմ դեպի հյուսիս-արևելք գտնվող բարձունքի վրա, շինված է եղել սրբատաշ քարերով. պահպանվել են միայն պատերի ստորին շարքերը։ Արևմտյան պատը շարված է խաչքարերով, իսկ բակի շուրջը կան խցերի ավերակներ։ Ամենահին արձանագրությունը վերաբերում է 1560 թվականին, բայց շենքի հին մասը թվագրվում է 13-րդ դարով։

Տեքստի խմբագրումը` Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) Հայաստանի ազգային կոմիտեի և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի։
 

Share |

Մոտակա տեսարժան վայրերը