Նորատուս

Վերադառնալ գլխավոր էջ


Նորատուս 2: Նորատուսի գերեզմանատունը, Խաչքարային արվեստի զարգացման պատմությունը

 Նորատուսի գերեզմանատունը

Նորատուսը հայտնի է իր գերեզմանոցով, որի հին մասն ընդգրկել է մոտ 800 խաչքարեր` կերտված 9-17-րդ դարերում։

Խաչքարերը բազմազան են` պայմանավորված այդ արվեստի զարգացման այս կամ այն ժամանակաշրջանով. առանձնացվում են խաչքարային արվեստի զարգացման հիմնական երեք ժամանակաշրջաններ` 9-10-րդ, 11-12-րդ և 13-16-րդ դարեր։

Նորատուսի գերեզմանատունն իր մեծությամբ երկրորդն է Ջուղայի (Նախիջևան) պատմական գերեզմանատնից հետո, որտեղ գտնվող մոտ 2500 խաչքարերը 1998-2005 թթ. ընթացքում ծրագրված ավեր-վում էին Ադրբեջանի կողմից։ Ջուղայի խաչքարեր կան Էջմիածնի Մայր տաճարի բակում։ Ջուղայի գերեզմանատան կործանումից հետո Նորատուսը խաչքարերի ամենամեծ համալիրն է աշխարհում։


Խաչքարային արվեստի զարգացման պատմությունը

Խաչքարը համաշխարհային մշակութային ժառանգության շտեմարանում հայ ժողովրդի թողած ամենաինքնատիպ դրսևորումներից է։ Հիմնված լինելով հուշակոթողային արվեստի ավանդույթների վրա` խաչքարային արվեստը սկսել է զարգանալ վաղ քրիստոնեական շրջանում և իր բարձրակետին է հասել միջնադարում։ Նորատուսում խաչքարերի կերտման տարբեր ժամանակաշրջանների հրաշալի նմուշներ կան։

Խաչքարային արվեստի ակունքները տանում են դեպի նախաքրիստոնեական ժամանակաշրջան, երբ «վիշապներ» կոչվող մոնումենտալ հուշարձաններ էին կերտվում` իբրև ջրապաշտամունքի կոթողներ։ Դրանք հայտնաբերվել են Գեղամա լեռներում, Արագածի լանջերին, Վայոց ձորում և այլուր։ Հետագայում (Ք.ա. 8-7-րդ դդ.) ուրարտական արքաները պատվան-դանների վրա կանգնեցնում էին քառակող կոթողներ` արձանա-գրությունների և հռչակագրերի փորագրման նպատակով, որոնք և համարվում են խաչքարի նախատիպեր։ Ամենահայտնի կոթողներից մի քանիսը գտնվում են Զվարթնոցում (Ռուսա II), Գառնիում (Արգիշտի) և Վանում (ներկայիս Թուրքիայում)։ Հելլենիստական ժամանակաշրջանի կոթողներ կարելի էր գտնել հեթանոսական պաշտամունքային վայրերում և գյուղամիջյան ճանապարհներին։

4-5-րդ դարերում բազմաստիճան պատվանդաններին կանգ-նեցված սյուներին վերնամասում ագուցված խաչերով կոթողներ էին դրվում տարբեր վայրերում (Արթիկ, Թալին)։ Հեթանոսական մեհյանները եկեղեցիների վերածելիս քրիստոնյաները հաճախ խաչեր էին կանգնեցնում` իբրև իրենց նոր կրոնի խորհրդանիշներ։ Համաձայն վկայությունների` Հայ Առաքելական եկեղեցու հիմնադիր Գրիգոր Լուսավորիչը Հռիփսիմե և Գայանե կույսերի նահատակման տեղում, ճանապարհներին և քաղաքային հրապարակներում խաչեր է կանգնեցնել տվել։ Ըստ ավանդության` խաչափայտեր են կառուցվել Սևանա կղզում, Սանահինում և այսպես մինչև Վրաստան։

Փայտը քարով է փոխարինվել 5-7-րդ դարերում, երբ սկսել են «թևավոր խաչեր» կերտել։ «Թևավոր խաչերի» և քառակող կոթողների հետագա զարգացումը հանգեցրեց կոթողային հուշարձանի նոր տիպի` խաչքարի առաջացմանը, որն իր վերջնական ձևավորումը ստացավ 9-րդ դ.։

9-10-րդ դարերում, երբ Հայաստանն ազատագրվեց արաբական տիրապետությունից, երկիրը սկսեց բարգավաճել, երբ Անին, Լոռին, Կարսն ու Վանը վերածվեցին ծաղկուն կենտրոնների, հենց այս ժամանակաշրջանում էլ զարգացում ապրեց խաչքարերի կերտման արվեստը։


Տեքստի խմբագրումը` Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) Հայաստանի ազգային կոմիտեի և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի։

 

Share |

Մոտակա տեսարժան վայրերը