Նորատուս

Վերադառնալ գլխավոր էջ


Նորատուս 5: Նորատուսի գերեզմանատան կենտրոնական և արևելյան հատվածները։ Առաջին և երկրորդ մատուռներ

Նորատուսի գերեզմանատան կենտրոնական և արևելյան հատվածները։ Առաջին և երկրորդ մատուռներ

Գերեզմանատան այս հատվածում բազմաթիվ կարևոր խաչքարեր և արձանագրություններ կան։ Այս կոթողներից շատերը խմբված են ըստ տոհմերի։ Կան նաև այլ կոթողներ, որոնք կարևոր են որևէ հայտնի վարպետի գործը լինելու կամ արվեստի զարգացման այս կամ այն շրջանը նշանավորելու առումով։

Կանգառ 6. Առաջին մատուռ, Քահանայի խաչքար

Առաջին մատուռին կից` դրա հյուսիսային կողմում, իրար կողք կողքի կա երկու գերեզմանաքար, որոնցից ներքևինը ծածկված է կոտրված ապակու կտորտանքով։ Սա Քահանայի խաչքարն է` կանգնեցված գյուղի քահանա Տեր Ավետիս Հովակիմյանցի (1780-1870 թթ.) հիշա-տակին։ Ջարդված ապակին վկայում է տեղական սովորույթներից մեկի մասին, որը կապված է «վախը չափելու» ծեսի հետ. վերևի գերեզմանաքարի վրա արված խոռոչի մեջ ջուր էին լցնում և ապակի կոտրում ցածր գերեզմանաքարի վրա։

Կանգառ 7. Առաջին մատուռի վիմագիր արձանագրությունները
Առաջին մատուռի պատերին արված այս արձանագրությունները վերաբերում են եկեղեցին կառուցող վարպետին` Ալեքսանին, որի հիշատակին նվիրված պարզ տապանաքարը գտնվում է անմիջապես արձանագրության դիմաց։

Ա. Ներքևի հյուսիսարևմտյան պատին. «Ես` Սարքիսի թոռ,
Միրզատի որդի Ալեքսանս, շինեցի այս սուրբ եկեղեցին։
1714 թ. էր։ Ես` Ատիս գիրեցի անարժանս»։
Բ. Վերևի հարավարևմտյան պատին. «Ես` Ալեքսանս, երբ
շինեցի այս եկեղեցին, խիստ դառն, դժվար ժամանակ էր»։

Կանգառ 8. Վաղ շրջանի խաչքարեր
Պարզ խաչերով այս խաչքարերի խումբն ընդունված է համարել խաչքարի զարգացման արվեստի վաղ շրջանի (9-10-րդ դդ.) օրինակ. մինչդեռ մասնագետների կարծիքով այս խաչքարերն ավելի ուշ շրջանի (10-11-րդ դդ.) գործեր են։

Կանգառ 9. Երկրորդ մատուռի արձանագրությունները
Երկրորդ մատուռի արևմտյան կողմում գեղաքանդակ խաչքարեր կան։ Մասնավորապես հետաքրքիր են հետևյալ երկու պահպանված արձանագրությունները.

Ա. Չպահպանված մեծ խաչքարի պատվանդանի երեք քարերի վրա` մատուռի հյուսիսային պատին կից, 7 տող. «1211 թ.` մեր բարեպաշտ իշխաններ Զաքարեի և Իվանեի ժամանակ, ես` Դավթի որդի Փեճուրանց Մխիթարս, Աստծո շնորհիվ և մեծն Իվանեի հրամանով եղա առաջնորդ մեծահռչակ Նորատուս գյուղի։ Իմ կամքով կանգնեցրի խաչս մեր ննջեցյալների հոգու փրկության համար։ Ովքեր որ երկրպագեն, թող հիշեն տերությունը, որ ազատականացվեց տաճիկներից և տրվեց ինձ և իմ որդիներին»։

Բ. Մատուռի հյուսիսային պատի վերին մասում` 10 տող. «Ես` որդին Մխիթարի, որ եղել է իմ Նորատուս մեծահռչակ գյուղի առաջնորդ, կամեցա կանգնեցնել այս խորանը (մատուռ) և տերունական նշանները` ի հիշատակ իմ հոգու, Զուզայի և իմ հոր` Մխիթարի և իմ բոլոր ննջեցյալների։ Ովքեր երկրպագեն սրան (մատուռին) իրենց աղոթքում, թող մեզ հիշեն»։

Կանգառ 10. 9-10-րդ դարերի գերեզմանոց
Գետնին ընկած կոթողների այս խումբը պահպանվել է գերեզմանոցի ամենավաղ հատվածում (9-10-րդ դդ.)։ Շրջակայքի մյուս գեղաքանդակ խաչքարերն ավելի ուշ շրջանի գործեր են։


Տեքստի խմբագրումը` Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) Հայաստանի ազգային կոմիտեի և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի։
 

Share |

Մոտակա տեսարժան վայրերը