Նորատուս 7: Խաչքարերի կերտման ձևերը, Նորատուսի վիմագիր արձանագրությունները
Խաչքարերի կերտման ձևերը
Խաչքարի կերտման հազարավոր օրինակներ կան. այդ արվեստը զարգացում ապրեց` հարթ մակերեսի վրա քանդակված պարզ խաչից վերածվելով մանրակրկիտ ու նրբին քանդակներով և խորհրդա-նիշներով զարդարված կոթողների։ Հիմնված լինելով հեթանոսական ավանդույթների վրա` խաչքարերն օգտագործում էին հին կրոնի խորհրդանիշները` դրանք ներդաշնակեցնելով նոր հավատքին։
Այսպես կոչված «տիպարային» խաչքար գոյություն չունի, սակայն բոլոր խաչքարերի հորինվածքային ընդհանրությունը կենտրոնական հիմնախաչն է։ Հիմնական խաչի շուրջը քանդակված են նաև այլ խաչեր և խորհրդանիշներ. ավելի ուշ շրջանում ավելացել են քիվն ու պատ-վանդանը։
Հաճախ խաչը քանդակվում էր կենաց ծառի տեսքով, ճյուղերը` խաչի ստորին եզրի շուրջը։ Խաչի վերին եզրին քանդակվում էին այլ խորհրդանիշներ` վարսանդապտղային զարդեր, խաղողի ողկույզներ կամ խաչեր, որոնք խորհրդանշում էին նոր կյանքը (այդ թվում նաև` Քրիստոսի խաչելության տեսարանը)։ Վաղ շրջանի խաչքարերի վերին երկու կողմերում անգամ արևի ու լուսնի պատկերներն են քանդակված։ Ուշ շրջանի խաչքարերի վրա խաչը քանդակվում էր արևի կամ լուսնի` Հայաստանի հնագույն խորհրդանիշների վերնամասում։ Արևը խոր-հրդանշող վարդյակը զարդարվում էր տերևների, խաղողի որթատուն-կերի կամ հավերժության խորհրդանիշի քանդակներով։
Ժամանակի ընթացքում խաչքարերի վրա քանդակված խորհրդա-նիշները դարձան ավելի մանրակրկիտ և ոչ այնքան հատկանշական։ Կենաց ծառն ավելի խորհրդանշական բնույթ ստացավ. դրա ճյուղերը կարծես նմանվեցին խաչը բռնած ձեռքերի, իսկ վերջին շրջանում ամբողջովին միաձուլվեցին երկրաչափական պատկերների հետ։
Խաչքարի զարգացման հետագա փուլերում կերտվեցին «ամենա-փրկիչ» խաչքարեր, որոնք պատկերում էին Քրիստոսի խաչելության տեսարանը։ Խաչելության տեսարանից ներքև հաճախ քանդակվում էին Մարիամ Աստվածածինը, Հովսեփը, հրեշտակներ և այլ կերպարներ։
Նորատուսի վիմագիր արձանագրությունները
Նորատուսի արձանագրությունները կարևոր սկզբնաղբյուր են բնակավայրի պատմությունը, կյանքն ու կենցաղը, նաև գործու-նեության ամենատարբեր ոլորտները ներկայացնելու առումով։ Դրանցից ամենահետաքրքիրը գյուղի Սբ Աստվածածին եկեղեցու հարավային որմին փորագրված 7 տողից բաղկացած արձանագրու-թյունն է։ Այն վերաբերում է բնակչությունից գանձվող հարկերից ազատմանը։ Այս արձանագրությունում օգտագործված են հետևյալ վարչական-հարկային տերմինները` միիսալում (տուրքից ազատված), չափող (հաշվող, համարող), չափողի հակ (հաշվողին, համարողին տրվող հարկ) և գզրի հակ (գյուղական տանուտերին ստորադրյալ պաշտոնյային տրվող հարկ)։
Արձանագրության հեղինակները` Նորատուսի շահնա (հարկահավաք պաշտոնյա) Սինային և դեմեթարը (գյուղապետը) սահմանում են, որ Զաքարյան Ավագի` Իվանեի որդու արևշատության համար զիջել, վերացրել են գզրին և չափողին տրվելիք հարկերը։
Միաժամանակ, շարունակության մեջ սահմանվում է, որ Նորատուսի գզիրն ու չափողը տեղի իշխանավորներից իրավունք են ստանում իրենց տնտեսական կարիքների համար բանեցնելու կոռին հատ-կացվող լծկան անասունը` յուրաքանչյուրը` մեկ լուծ եզ։ Այս արտոնու-թյունը տրվում էր նրանց` հատուցելու բնակչությունից նրանց համար հավաքվող հարկ-հասույթի զիջումից պատճառված վնասը։ Այս մասին է վկայում արձանագրության սկիզբը.
«ՈՉ ԳԶՐԻՆ ՏԱՆ ՀԱԿ, ՈՉ ՉԱՓՈՂԻՆ»։
Տեքստի խմբագրումը` Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) Հայաստանի ազգային կոմիտեի և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի։