Նորավանք

Վերադառնալ գլխավոր էջ


Նորավանք 8: Սուրբ Աստվածածին (Բուրթելաշեն) եկեղեցին, Մոմիկի խաչքար-մահարձանը.

Սուրբ Աստվածածին (Բուրթելաշեն) եկեղեցին, Մոմիկի խաչքար-մահարձանը

Համալիրի տարածքում գերիշխող դիրք է գրավում Բուրթել իշխանի կառուցած երկհարկ դամբարան-եկեղեցին` Սուրբ Աստվածածինը, որն անմիջապես աչքի է զարնում վանական համալիրի գլխավոր մուտքից ներս մտնելիս։ Բուրթեշալեն եկեղեցին կառուցվել է որպես Օրբելյանների տոհմական տապանատուն (1339 թ.)։

Սուրբ Աստվածածին Բուրթելաշենը հայկական ճարտարապետության մեջ պահպանված դամբարան-եկեղեցիների բարձրարժեք կատարումներից է. այն միջնադարյան անվանի քարգործ-վարպետի` Մոմիկի վերջին շրջանի աշխատանքներից է։ Հատակագծում կրկնվում է Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցու հորինվածքը։ Զարդաքանդակները շատ դեպքերում կրկնում են Անիի Հովվի եկեղեցու մոտիվները։

Եկեղեցու հարավային կողմում պահպանվել է Մոմիկի` իր իսկ կերտած համեստ խաչքար-մահարձանը։ ։

Կառույցի կիսագետնափոր առաջին հարկում դամբարանն է։ Այն աչքի է ընկնում գեղակերտ խաչքարերով և ավետարանիչների պատկերաքանդակներով։ Արևմտյան պատին ագուցված երկու մեծ խաչքարից ձախակողմյանը վերագրվում է Մոմիկին (14-րդ դարի սկիզբ)։

Արևմտյան մուտքի երկու կողմից պատի հետ վեր բարձրացող նեղ պահունակային աստիճանները տանում են դեպի երկրորդ հարկի աղոթարան, որն արևելքում ավարտվում է կիսաշրջանաձև խորանով։ Խորանի վերնամասում զույգ հրեշտակներով շրջապատված Քրիստոսի պատկերաքանդակն է, իսկ անմիջապես արևելյան լուսամուտից վեր քանդակված է Սուրբ Հոգու խորհրդանիշ աղավնին։ Չորս ավանդատներ ունեցող հորինվածքը պսակվում է սյունազարդ ռոտոնդայով, որի վրա հենված է գմբեթը։ Ռոտոնդայի 12 սյուներին պատկերված են թռչնաքանդակներ, ինչպես նաև պատվիրատուի` Բուրթել իշխանի դիմապատկերը` կառույցի մանրակերտը ձեռքին։

Եկեղեցու ճակատներին արված են հարթաքանդակներ, որոնք պատի զանգվածից կարծես առանձնանում են ծեփածո կլորավուն քանդակներով, կամարներով և մեծաչափ խաչերով։ Արևելյան ճակատին պատկերված է Օրբելյան իշխանական տան տոհմանշանը` արծիվ, որի մագիլներում եղնիկ է։ Հյուսիսային և հարավային ճակատների լուսամուտի բացվածքները պսակում են կամարաձև ծեփածո զարդաքանդակները։

Դամբարանային հարկի բարավորի և 2-րդ հարկի մուտքի ճակատակալ քարի երկու հարթաքանդակները կերտվել են Մոմիկի կողմից` եկեղեցու կառուցման ժամանակ (1339թ.)։ Դրանցից 1-ինը պատկերում է գահին բազմած Սուրբ Կույսին` Քրիստոսը ծնկներին, երկու կողմից շրջապատված Գաբրիել և Միքայել հրեշտակապետերով. պատկերաքանդակի երկու կողմերում պահպանված հայկական տառերը վերծանվում են «Մայր Աստվածածին» կամ «Աստվածամայր»։ Ինչպես և վաղ գոթական քանդակներում` այս քանդակախմբում ևս համակցված են դիմային արտահայտությունը, կենդանի թվացող ծալքերով հագուստը և տարածական պատկերի զգացումը։ Առանձնապես արտահայտիչ է մանկան պատկերը` շարժման մեջ գտնվող ձեռքերով և ոտքերով։

Երկրորդ հարկի մուտքի ճակատակալ քարին արված բարձրաքանդակները պատկերում են Քրիստոսին, որի կողքին Պողոս և Պետրոս առաքյալներն են։ Տիրոջ քանդակի երկու կողմերում պահպանված հայկական տառերը վերծանվում են «Հիսուս Քրիստոս»։ Քարի մշակման Մոմիկ քարգործի վարպետությունը թույլ է տալիս նրան անվիճելիորեն դասել միջնադարյան հայ նշանավոր ճարտարապետների և քանդակագործների շարքում. նրա պատկերաքանդակները կարծես առանձնանում են քարից, և հնարավոր է` իր վերջին շրջանի դիմաքանդակներում նա փորձել է պատկերն ամբողջովին տարանջատել քարե հիմքից։

Մուտքի կամարի վերնամասում պահպանված «ԹՎ ՉՁԸ» թվագրերը` ըստ հայկական տոմարի վերծանվում են` 1339 թվական (788+551), որը եկեղեցու օծման տարեթիվն է։ Հայկական տոմարի առաջին տարին է 552 թ., թեպետ տոմարը հաստատվել է 584 թ.։ Գումարում ենք 551, որովհետև 552 թվականը` իբրև 1-ին տարի, հաշվարկի մեջ է։

Տեքստը խմբագրված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից

 

Share |