Նորավանք

Վերադառնալ գլխավոր էջ


Նորավանք 9: Գավիթը, Հարթաքանդակ, Բարձրաքանդակ «Աստվածը եւ Ադամը», Տապանաքարերը, Գավթի ներքին տարածությունը (ինտերիեր), Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցին

Գավիթը

Գավիթը կից է Սուրբ Ստեփանոս Նախավկա գլխավոր եկեղեցուն` արևմտյան կողմից. Կառուցվել է որպես Օրբելյան տոհմի և վանքի առաջնորդների տապանատուն։ Կառուցվել է, թերևս, եկեղեցու ավարտից անմիջապես հետո, հետագայում մի քանի անգամ վերակառուցվել է։ 1261 թ. այն վերակառուցվել է ճարտարապետ Սիրանեսի կողմից` Սմբատ Օրբելյանի նախաձեռնությամբ։ Այն կրկին վերակառուցվել է 1321թ. երկրաշարժից հետո` հավանաբար Մոմիկի կողմից, որը նոր էր ավարտել Արենիի եկեղեցու կառուցումը։ 1321 թ. վերակառուցման ժամանակ էլ իրականացվել են Մոմիկի երկու բարձրարժեք պատկերաքանդակները` շքամուտքի և վերին լուսամուտի բացվածքի ճակատակալ քարերին։

Հարթաքանդակ

Հարթաքանդակը պատկերում է նստած Տիրամորը` երեխան գրկին , որի թիկունքում հարուստ զարդաքանդակներ են. գրերը միահյուսված են տերևների, խաղողի որթերի և ծաղիկների զարդամոտիվներով քանդակներին։ Հորինվածքի կենտրոնում երկու սրբերն են` սևեռուն հայացքով` ինչը բնորոշ է միջնադարյան կերպարային քանդակներին։ Ժանեկազարդ շքեղ գահի զարդանաշխերի մեջ տեսանելի են հայկական տարրերը։

Բարձրաքանդակ «Աստված եւ Ադամ»

Վերին պատուհանի քանդակը Հայր Աստծո, Ադամի, Քրիստոսի և աստվածաշնչյան թեմաներով զարդաքանդակների եզակի գործ է։ Կենտրոնական պատկերախումբը այնքան խորն է քանդակված, որ ետին պլանում արված զարդանախշերը առավել արտահայտիչ են ընկալվում։ Ի տարբերություն քրիստոնեական պատկերագրության սկզբունքի, որով կերտվում էին Հայր Աստծո խորհրդանշական պատկերներ (աջ ձեռք, լույսի շող և այլն), հեղինակն (ենթադրաբար Մոմիկն է) իր հրաշագեղ վարպետությամբ նրան պատկերում է իրական` մորուքավոր մարդու կերպարանքով։ Հորինվածքի կենտրոնում ներկայացված է Հայր Աստծո քանդակը` աջ ձեռքը խաչված Քրիստոսի խաչելության տեսարանին, որի երկու կողմերում Սուրբ Կույսը և Հովհաննես ավետարանիչն են, իսկ գահի վերևում Դանիել մարգարեի պատկերաքանդակն է։

Հայր Աստծո ձախ ձեռքում Ադամի գլուխն է, ով կենդանության շունչ է առնում Սուրբ Հոգուց (Աղավնի)։ Այսպիսով բարձրաքանդակը հավատացյալներին, կարծես, ներկայանում է որպես քարե պատկերազարդ գիրք, որի իմաստը հետևյալն է. Աստված մեզ կյանք է տվել Ադամի հետ, որից հետո էլ մեզ հավերժ կյանք է տվել իր Որդու զոհաբերմամբ։

Այս բարձրաքանդակը ողջ ուժով բնորոշում է Մոմիկ քարգործի կատարողական արվեստի վարպետությունը։ Տեսակետ կա, որ այն անավարտ է մնացել` վարպետի տեսողության վատթարացման պատճառով։ Ի տարբերություն Արենիում և Գլաձորում կատարած իր գործերի` Նորավանքի բարձրաքանդակները հարստացված են պատկերաքանդակներով և արձանագրություններով, որոնց փոխներգործությունը կառույցների ճակատներում ստեղծում է ռիթմիկ լարվածություն։

Տապանաքարերը

Գավթից դուրս բազմաթիվ տապանաքարեր սալապատում են գետինը։ Ուշադրություն դարձրեք նրբորեն քանդակված լայն անցքերին. դրանք նման են այս տարածաշրջանում հայտնաբերված բրոնզեդարյան կանգնեցված քարերի անցքերին։ Նմանօրինակ «ծակ» քարեր կան նաև գավթի և եկեղեցիների ներսում։ Կանգնեցված քարերը երբեմն վերածվել են խաչքարերի, իսկ վերջին դարերում նաև` գերեզմանաքարերի, քանի որ հետագա սերունդները ծանոթ չէին դրանց նախնական նշանակությանը։

Գավթի ներքին տարածությունը (ինտերիեր)

Գավթի նախնական կառույցից պահպանվել են պատերի ներքևի մասերը` մոտ 3 մ բարձրությամբ։ Դրանց վրա կան 1232թ. և 1256թ. արված արձանագրություններ։ 1261 թ. այն ենթարկվել է վերակառուցման` Սմբատ Օրբելյանի նախաձեռնությամբ։ Վերակառուցումն իրականացրել է Սիրանես ճարտարապետը։ Վերակառուցման ժամանակ հեռացվել են չորս կենտրոնական գմբեթակիր սյուները, ծածկը փոխարինվել է որմնասյուներին հենված կենտրոնական շթաքարե գմբեթ ունեցող վրանաձև թաղով։ Հետագայում, երբ գավթի ծածկն ավերվել է 1321 թ. երկրաշարժից, կառույցը կրկին վերանորոգվել է. վերակառուցվել են շթաքարե երդիկը և արևմտյան պատը, ավելացվել է նոր շքամուտք` քանդակազարդ ճակատակալ քարով։ Պատերը ներքուստ հարդարված են ագուցված հրաշագեղ խաչքարերով և որմնաքանդակներով։ Ուշագրավ է հյուսիսային պատի վերին անկյան պատկերաքանդակը, որը ներկայացնում է առյուծի վրա հարձակվող ձիավորի։ Ձիավորի քանդակն այլաբանական է, պատկերում է Օրբելյան անհայտ իշխանի։

Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցին

Սուրբ Ստեփանոս Նախավկա գլխավոր եկեղեցին կառուցվել է 1216-1223թթ. Լիպարիտ Օրբելյան իշխանի կողմից։ Այն ներքուստ քառաթև, չորս անկյուններում երկհարկ ավանդատներով գմբեթավոր կառույց է. գմբեթը կործանվել է 1840թ. երկրաշարժից, ներկայումս վերականգնված է։ Միակ մուտքը արևմտյան կողմից է և բացվում է դեպի կից գավիթը, որը եղել է Օրբելյանների և վանքի առաջնորդների տապանատունը։

Ավանդատների երկրորդ հարկերը զբաղեցրել են հոգևորականները` աղոթքի, ճգնելու և ձեռագրեր ստեղծելու նպատակով, իսկ առաջին հարկերը օգտագործվել են մոմավառության նպատակով, ինչպես նաև այստեղ են դրվել եկեղեցու գանձանակները։

Եկեղեցին ուշագրավ է ճարտարապետական զուսպ ձևերով։ Ներքին տարածությունն աչքի է ընկնում հատկապես բեմի ճակատային մասի խաչազարդ որմնաքանդակներով։ Սուրբ Կարապետի հյուսիսային պատի երկայնքով ձգվում է Ստեփանոս Օրբելյանի թաղածածկ դամբարանը, որը կառուցել է Սիրանես ճարտարապետը` 1275 թվականին։


Տեքստը խմբագրված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից

 

Share |