Նորավանք

Վերադառնալ գլխավոր էջ


Նորավանք 10: Մատուռ-տապանատուն Սուրբ Գրիգոր, Սմբատ իշխանի դամբարանը

Մատուռ-տապանատուն Սուրբ Գրիգոր, Սմբատ իշխանի դամբարանը


Օրբելյանների համար կառուցված այս փոքրիկ դամբարան-մատուռը երբեմն անվանում են «Սմբատի գերեզման», քանի որ այստեղ է ամփոփված վերջինիս աճյունը։

Դամբարանի ճարտարապետը Սիրանեսն է։ Այն կառուցվել է 1275թ.։ Եկեղեցու ներսում թաղված են Օրբելյան իշխանական ընտանիքի 10 անդամները։ Մեծաչափ տապանաքարերից ամենից ուշագրավը Էլիկումինն է, որի վրա վերջինս պատկերված է իբրև ննջող առյուծ։

Մատուռն, ինչպես և ընդունված էր, ունի պարզ ուղղանկյուն հատակագիծ` արևելքում կիսաշրջանաձև փոքր խորանով։ Ծածկը թաղակապ է։ Զարդաքանդակները պատկերում են աղավնիներ և տարատեսակ խաչեր։ Խորանի մակերեսին քանդակված են երկրաչափական պատկերներ` քառակուսիներ, ժամանակաշրջանին բնորոշ քառաթև աստղեր և հյուսածո բուսազարդեր։

Հարդարանքի կարևոր տարր են հանդիսացել նաև որմնաքանդակները, որ առաստաղի վրա պահպանվել են մինչ օրս. կարմիրի ու սևի համադրությամբ շախմատաձև նախշերը հարստացված են պտտվող արևի խորհրդանշաններով, կարմիր գույնի նկարներով և շեղ գծերով։ Բնօրինակների պահպանված մասը վկայում է «որդան կարմիր» ներկի օգտագործման մասին, որը ստանում էին Արարատյան դաշտավայրում տարածված հատուկ միջատներից, և ուներ վառ կարմիր գույն։ Որդան կարմիրը լայնորեն օգտագործվել է միջնադարում, մասնավորապես` զգեստներ, ձեռագրեր ու մանրանկարներ, եկեղեցիներում ու պալատական շենքերում որմնանկարներ ու զարդաքանդակներ գունազարդելու նպատակով։ Այն լայն ճանաչում է ունեցել Եվրոպայում, Մերձավոր Արևելքում, ինչպես նաև հեռավոր Չինաստանում։

Մատուռում է թաղված նաև նշանավոր քաղաքական գործիչ, ժամանակի քաղաքական անց ու դարձում մեծ դերակատարություն ունեցող Էլիկում Օրբելյանը` Օրբելյանների իշխանական տան ազդեցիկ ներկայացուցիչներից մեկը։ Նա Օրբելյան ամենահզոր իշխանի` Տարսայիճ Օրբելյանի որդին էր և Սյունյաց մետրոպոլիտ, քաղաքական գործիչ և պատմիչ Ստեփանոս Օրբելյանի եղբայրը։

Էլիկումի տապանաքարի վրա փորագրված է «մեդալիոն» կրող ննջող առյուծ, որը խորհրդանշում է ճակատամարտում ցուցաբերած նրա քաջությունը; Տապանաքարի վրա գրված է.

«Զգեղեցկատիպն Էլիկում, որդի մեծի Տարսաիճի, որ առոյծաւրէն խրոխտ մռընչէր ընդէմ այլասեռ (օտար) գնդին։ Աղաչեմ յիշել զաղօթքս»։

Այստեղ են գտնվում նաև Տարսաիճի, Էլիկումի մոր և եղբոր՝ Սմբատի, տապանաքարերը։

Օրբելյանների իշխանապետությունը Սյունիքում առանձնապես հզոր է եղել Տարսայիճ Օրբելյանի օրոք` 1273-1290 թվականներին։ Նրա օրոք` 1286թ. Օրբելյաններն իրենց ձեռքն են վերցրել նաև Սյունիքի հոգևոր իշխանությունը։ Էլիկումի օրոք 3 մասի տրոհված Սյունիքի Օրբելյանների իշխանապետությունը կրկին հաջողվում է վերամիավորել վերջինիս որդի Բուրթելի գահերեցության ժամանակ։ Բուրթել իշխանի օրոքՍյունիքն ապրում է տնտեսական և մշակութային վերելք, եռանդուն և անկրկնելի գործունեություն է ծավալել ճարտարապետ Մոմիկը։ Կառուցվել են Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցին (1321թ.), Եղեգիսի Զորաց տաճարը (1321թ.), Սպիտակավոր Աստվածածինը (1322թ.), Նորավանքի կրկնահարկ դամբարան եկեղեցին (1339թ.)։

Սյունաց աշխարհի առավել հայտնի կրթօջախների, վանքերի և գրչության կենտրոնների` Տաթևի վանքի և Գլաձորի համալսարանի կողքին գործել է նաև Նորավանքը, որը դասվում է հայկական ճարտարապետության բարձր նվաճումների շարքում։

 

Տեքստը խմբագրված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից

 

 

Share |