Բնության արահետ 2008` Նորավանքի կիրճը

Վերադառնալ գլխավոր էջ


Նորավանքի կիրճը 2: Մագելի քարանձավ, Թռչունների քարանձավ, Հայաստանի չղջիկները

Մագելի քարանձավ

Մագելի քարանձավը Հայաստանում ամենամեծերից է։ Քարտեզագրված տարածքը 1,7 կմ խորություն ունի, սակայն դեռևս կան ամբողջությամբ չհետազոտված ավելի փոքր հատվածներ։ Քարանձավը բնակեցված է եղել էնեոլիթյան ժամանակաշրջանից։ Այստեղ, համեմատաբար ավելի նոր շրջանի գտածոները վերաբերվում են մ.թ. 10-14-րդ դարերին։ Քարանձավի հեռավոր դիրքը և դժվարամատչելի մուտքը դարձրել էին այն հուսալի ապաստարան հարձակումներից թաքնվելու համար։

Խորության պատճառով քարայրում հաստատուն ջերմաստիճան է պահպանվում` 14 C։ Մուտքի սկզբնամասը այնքան նեղ է, որ հազիվ մի մարդ կարող է ներս սողոսկել։ Անցուղին իր տարբեր հատվածներում նեղանում և ընդարձակվում է, որոշ մասերում, նույնիսկ, հասնելով 10-15 մետր լայնության։ Ներսում կան քիչ քանակությամբ շթաքարեր և պտկաքարեր, սակայն դրանց մեծ մասը բարբարոսաբար կոտրվել են մեծահասակների կամ պատահաբար վնասվել տեղացի երեխաների կողմից քարայրում խաղալիս։ Անփորձ այցելուներին և զբոսաշրջիկներին խորհուրդ չի տրվում քարայր մտնել առանց փորձառու զբոսավարների ուղեկցության։

Մագելի քարանձավը նաև հազվագյուտ ստորգետնյա էկոհամակարգ է` հազարավոր չղջիկների բնակավայր։ Չղջիկները կաթնասուններից միակն են, որոնց կարելի է իսկապես թռչող կենդանիներ համարել։ Դրանք կազմում են Հայաստանի էկոլոգիական համակարգի անօտարելի մի մասը և դրա կայունության պահպանման հարցում առանցքային նշանակություն ունեն։

Ուշադրություն` քարայրն ամբողջությամբ քարտեզագրված չէ և բավական վտանգավոր է։ Որոշ հատվածներում կան կտրուկ վայրէջքներ և փոսեր։ Քարայրը կարելի է հետազոտել միայն փորձառու և պրոֆեսիոնալ զբոսավարի ուղեկցությամբ։ Զանգահարեցե՛ք կիրճի մուտքի մոտ հերթապահող անվտանգության աշխատակցին՝ Արթուր (093) 661583 (բջջ.)։ Երևանում կարող եք դիմել Քարանձավագիտության կենտրոն (հեռ.010 - 55 09 86, URL։ www.armenius.com/speleo/)։

Թռչունների քարանձավ
Այս քարանձավը փոքր քարայրների համալիր է, որոնք ավելի հեշտ են հետազոտվում, քան Մագելի քարանձավը։ Այն գտնվում է M2 մայրուղու վրա` Նորավանքի կիրճի մուտքի մոտ։ Քարանձավը տեղակայված է անմիջապես գետափնյա ռեստորանի հետևում` ժայռի մեջ (դեպի կիրճը թեքվելիս աջ կողմում)։ Այնտեղ կարելի է հասնել ռեստորանի ետևից բլուրն ի վեր բարձրացող արահետով, որը տանում է դեպի քարանձավը մատնանշող եռանկյունաձև մուտքը։

Քարանձավը նեղ անցուղիներով միմյանց միացած քարայրների շղթա է։ Ժայռի պատերի ավելի վերին հատվածներում այն ևս ունի մի քանի փոքր խորշեր։

Ավելի ուշ, պեղումների ընթացքում այստեղ հայտնաբերվեցին էնեոլիթյան դարաշրջանի գինեգործության վկայություններ, որոնք, եթե հաստատվեն, քարայրը կհանդիսանա աշխարհում հայտնի գինու խմորման ամենավաղ շրջանի վայրերից մեկը (մ.թ.ա. 4200 – 3800 թթ.)։

Ինչպես և Մագելի քարանձավի, այնպես էլ Թռչունների քարանձավի համար հիմնական վտանգը մարդու ակտիվ գործունեությունն է։ Այցելուները մեծ վնաս են հասցրել` քարայրի ներսում պատերին նկարելով և կոտրելով կամ իրենց հետ տանելով հատվածներ քարե աշխատանքներից։

Արջի և Մոզրովի քարանձավների մուտքն Արփի գյուղից է։

Հայաստանի չղջիկները
Չղջիկների ամենամեծ բնադրավայրը Հայաստանի հարավում է, թեև երկրի անհաշիվ անձավներում կան միլիոնավոր բներ։ Հայաստանում հայտնաբերվել և քարտեզագրվել է չղջիկներով բնակեցված ավելի քան 800 քարանձավ՝ ներառելով քարանձավաբնակ չղջիկների առավել խորն ուսումնասիրությունը։

Մագելի անձավի չղջիկների պոպուլյացիան ամենաբազմազանն է, որտեղ բնակվում են եվրոպական չղջիկների տարբեր ներկայացուցիչների ավելի քան 65%-ը։ Նրանց գաղութները հասնում են տասնյակ հազարավորների ու թեև մարդկանց հաճախակի այցելություններին չղջիկները սկսում են ներգաղթել գյուղական տարածքներ, որտեղ պատսպարվում են տանիքներում։ Նրանք առավել մեծ քանակ են կազմում ջրային տարածքների մոտ, որոնց ափերն ունեն միջինից բարձր բուսականություն։

Տեքստը խմբագրված է ՀՀԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող` Բորիս Գասպարյանի կողմից։