Բնության արահետ 2008` Նորավանքի կիրճը

Վերադառնալ գլխավոր էջ


Նորավանքի կիրճը 3: Նորավանքի ԿԹՏ (Կարևորագույն թռչնաբանական տարածք)

Նորավանքի ԿԹՏ (Կարևորագույն թռչնաբանական տարածք)

Այս գեղատեսիլ տեղանքը գրավում է իր հիասքանչ բնական գեղեցկությամբ և բազում քարանձավներով։ ԿԹՏ-ն ներառում է Վայքի լեռնաշղթայի ստորոտներից դեպի կենտրոնական մասը ընկած ամբողջ հատվածը` տարածվելով Արփա գետից Գնիշիկ գետի ամբողջ կիրճով և Հարսնաքար լեռով մինչև պետական սահմանը։ Բարձրանալով 1200-ից մինչև 2700 մետր ծ.մ.` տեղանքը կազմում են կիսաանապատային, լեռնատափաստանային և բազում ժայռային զանգվածները, տեղ-տեղ նոսր անտառային հատվածները։ Տեղանքի բնակլիմայական առանձնահատկությունները բարենպաստ պայմաններ են ստեղծում բազում թռչունների բնադրման և կերակրման համար։ Պատմականորեն այստեղ գրանցվել է ավելի քան 190 թռչնատեսակ, որոնց մեջ կան նաև հազվագյուտ և անհետացող (Ազգային և Միջազգային Կարմիր Գրքում գրանցված) տեսակներ։

Բնապահպանական տեսանկյունից առավել հատկանշական են Քարարծիվը, Օձակեր արծիվը, Մորուքավոր անգղը և Գիշանգղը, Միջերկրածովյան բազեն, Սապսանը և Բվեճը, Կիսասպիտակավիզ ճանճորսը և Ներկարարը։ Չուի ժամանակ կարելի է նաև հանդիպել Տափաստանային հողմավար բազե, Ճչան արծիվ և Տափաստանային մկնաճուռակ։

Ի՞նչ է ԿԹՏ
ԿԹՏ-ները միջազգային կարևորության տարածքներ են, որոնք ընդգրկում են մեկ կամ մի քանի թռչնատեսակների ամբողջ պոպուլացիայի նշանակալի մի մասը։ ԿԹՏ-ները թռչունների բնադրման, ձմեռման և չուի ժամանակ հանգրվանի տեղանքներն են։ ԿԹՏ-ները կարող են լինել խիստ տարբեր չափսերի` մի քանի հազար հեկտարից մինչև հարյուր հազարավոր հեկտարներ, կարող են ընդգրկել և` պետական, և` մասնավոր հողատարածքներ, անկախ այն բանից` ունեն պահպանվող տարածքի կարգավիճակ, թե՛ ոչ։

ԿԹՏ-ի առանձնացումը դեռ չի նշանակում, որ իրեն շնորհվում է պահպանվող տարածքի կարգավիճակ։ Նույնիսկ ԿԹՏ-ի լինելը պահպանվող տարածքի մի մաս, չի բացառում տեղում թռչնատեսակներին և իրենց կենսամիջավայրի սպառնալիքների առկայությունը։ Ուստի կարևոր է առանձնացված տարածքները պահպանել իբրև ԿԹՏ, որպեսզի դրանք շարունակեն ապահովել անհրաժեշտ կենսամիջավայրը Հայաստանի թռչնատեսակների համար։


ԿԹՏ ծրագիրը գլոբալ նախաձեռնություն է, որը նպատակ ունի առանձնացնելու և պահպանելու այն տեղանքների ցանցը, որոնք վճռորոշ դեր են խաղում բոլոր թռչունների և իրենց բնակավայրերի երկարատև գոյատևման համար։ Ծրագիրը հիմնադրվել և տարածվել է Եվրոպայում 1980-ական թվականներին BirdLife International միջազգային կազմակերպության ջանքերով։ Ծրագիրն այժմ գործում է ավելի քան 170 երկրներում։

ԿԹՏ-ների առանձնացումը և պահպանումը արդյունավետ միջոց է միավորելու գիտնականների և բնապահպանների ջանքերը, կենտրոնացնելով գործունեությունը հետազոտական աշխատանքների, մոնիթորինգի և միջամտության, հասարակական աջակցության, ինչպես նաև զարգացման և ներուժի ստեղծման վրա։ Բնապահպանության հանդեպ համայնքային մոտեցումը ԿԹՏ ծրագրի առանձնահատուկ արժանիքն է։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել «Հայաստանի թռչունների պահպանման միության» էլ. կայքը` www.aspbirds.org կամ գրել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` armbirds@yahoo.com

Տեքստը խմբագրվել է ՀՀ Կարևորագույն թռչնաբանական տարածքների ազգային համակարգող` Լյուբա Բալյանի կողմից։