Նորավանքի թռչունների քարայրը

Վերադառնալ գլխավոր էջ


Նորավանքի թռչունների քարայրը

Թռչունների քարայրը

Հուշարձանը գտնվում է Արենի գյուղից մոտ 1,5 կմ արևելք, դեպի Նորավանք տանող ճանապարհի աջ կողմում, Արփա գետի ձախափնյա ժայռային գոյացությունների մեջ։ Կարստային տիպի քարայր է,որն առաջացել է կավճի ժամանակաշրջանի կրաքարային ապարներում։ Քարայրը բաղկացած է երեք բաժանմունքներից, որոնցից երկուսը` 1-ինը և 2-րդը հաղորդակից են միմյանց։ Առկա են նաև 1-ին բաժանմունքի մակարդակից դեպի վերև ու ներքև բացվող խորշեր կամ այսպես կոչված «նկուղային» ու «վերին» հարկեր։ Քարայրի ծածկն ընդգրկում է մոտ 500 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածք։

2007-2008 թթ. քարայրի առաջին սենյակում և դրան հանդիպակաց լանջին սկսված հնագիտական պեղումների շնորհիվ բացվել են պղնձի և քարի դարի տարբեր փուլերին պատկանող նյութական մշակույթի մնացորդներ պարունակող հնագիտական շերտեր։ Վերջիներիս ժամանակագրական սահմանները Ք.ա. V հազ. վերջին քառորդի և IV հազ. 1-ին կեսի միջև են` ելենելով շերտերից հայտնաբերված գտածոների (ոսկրային մնացորդներ, ածուխ, գործվածքներ, սերմեր և այլ օրգանական մնացորդներ) ռադիոածխածնային վերլուծության արդյունքներից։

Առաջին բաժանմունքի մուտքի մոտ համալիրի բնակելի հատվածն է, որը ներկայացված է կացարանների մնացորդներով, ամրացված հատակներով և տնտեսական նշանակություն ունեցող հորերով, իսկ վերջում բացվող հատվածում հայտնաբերվել է տարբեր չափեր ու ձև ունեցող կավակերտ կառույցներից բաղկացած մի ամբողջական համալիր։ Դատելով սննդամթերքի պահեստավորման համար նախատեսված տարատեսակ անոթների, կարասների, գինու արտադրության համար ծառայող հնձանի առկայությունից, համալիրն ունեցել է արտադրա-տնտեսական նշանակություն։ Այս մասին են վկայում նաև դրանց մեջ և շրջակայքում առկա բուսական ծագում ունեցող մնացորդները` խաղողի, սալորի, ծիրանի, ցորենի, գարու և այլ վայրի ու մշակովի բուսատեսակների սերմերը, ցողուններն ու արքադները, որոնց բնորոշ է պահպանվածության գերազանց աստիճանը։

Քարայրը, շնորհիվ իր ներսում առկա ինքնատիպ ու կայուն միկրոկլիմայի, իդեալական է եղել սննդամթերքի արտադրության և պահեստվորման համար, ինչով էլ կարելի է բացատրել հուշարձանից հայտնաբերված օրգանական ծագում ունեցող մնացորդների պահպանվածության բարձր աստիճանը։ Բացի նշվածից, քարայրի այս հատվածն օգտագործվել է նաև ծիսական նպատակներով։ Կավակերտ կառուցվածքների հարևանությամբ հայտնաբերվել են [երկու] դեռահաս կանանց գանգերի թաղումներ` իրականացված նույնատիպ անոթների մեջ։ Այս թաղումները, հավանաբար, արտացոլում են պտղաբերության ծեսի հետ կապված վաղագույն պատկերացումները։

Դեպի քարայրը տանող լանջի վրա կատարված պեղումների շնորհիվ բացահայտվել են նաև նրա մուտքն արգելափակող պաշտպանական պարսպի մնացորդներ, որի կառուցման ժամանակը դեռևս անորոշ է։ Չի բացառվում, որ այն կանգնեցվել է զարգացած միջնադարում, քանի որ քարայրում առկա պղնձի և քարեդարյան շերտերը տեղ-տեղ միջամտված են 13-14-րդ դդ. գործունեության հետքերով։

«Արենի-1»-ը Հայաստանի ուշ խալկոլիթյան մշակույթի եզակի և լավ պահպանված հուշարձաններից է, որի ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս հասկանալ ոչ միայն Ք.ա. V - IV հազարամյակների նյութական մշակույթի առանձնահատկությունները, այլև փաստում է հայկական գինեգործության 6000-ամյա պատմության իրողությունը։