Երևան` Երեւանի հանրապետության հրապարակի պեղումները

Վերադառնալ գլխավոր էջ


Շրջայց Երևանով. Հանրապետության հրապարակ

Շրջայց Երևանով. Հանրապետության հրապարակ

Հանրապետության հրապարակը (17) Երևան քաղաքի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի 1924-1936 թթ. նախագծած գլխավոր հատակագծի սիրտն է։ Թամանյանի հատակագիծը շարունակեց զարգացնել Աստաֆյանի 1856 թ. հատակագիծը։

Թամանյանն ու գործընկերները կերպարանափոխեցին Երևան քաղաքը. այն վերածվեց տպավորիչ նորակառույց շինություններով ժամանակակից քաղաքի։ Թամանյանը նախապատվությունը տալիս էր մոնումենտալ շենքերին` անցորդների վրա տպավորություն թողնելու բացառապես իրենց ծավալների շնորհիվ։ Թերևս ավելի ճիշտ կլինի դրանք անվանել հոյակերտ շենքեր։ Ի տարբերություն դրանց` քաղաքի առավել հին հատվածների անհատական «դիմագիծ» ունեցող շինություններն աչք են շոյում իրենց նրբին կերտվածքներով, պարզ ու անպաճույճ ոճով ու ասես եթերային լինեն։ Այս շինությունները հիացնում են գեղեցիկ մանրամասներով։

Հանրապետության հրապարակը ժամանակին կոչվում էր Լենինի հրապարակ, իսկ հարավային մասում կանգնեցված էր Լենինի մեծադիր արձանը (քանդ.` Ս. Մերկուրով, ճարտարապետներ` Ն. Փարեմուզովա, Լ. Վարդանով), որն ապամոնտաժվել է Սովետական Միության փլուզումից հետո։

Ներկայումս Հանրապետության հրապարակը ձևավորում են հինգ կարևոր ու տպավորիչ շենքեր` կառուցված 1920-1950-ականներին։ Աջ կողմում Կապի և արհմիությունների շենքն է (18). այս շենքում է այսօր գործում ՀՀ Կապի և տրանսպորտի նախարարությունը։ Անմիջապես վեր ՀՀ Կառավարության 1-ին շենքն է ` մեծ աշտարակ-ժամացույցով (19). նախագծել է ճարտարապետ Գ. Թամանյանը։ Այս հոյակերտ շինությունը այսօր էլ ՀՀ Կառավարության նստավայրն է։ Ազգայինի ներդաշնակ համադրությունները (զուտ հայկական խոյակներ, ֆրիզներ (եզրազարդերով ու զարդանախշերով) չեն խանգարել ունենալ միանգամայն դասական մոնումենտալ ճարտա-րապետություն։ Իսկ տուֆի գունային համադրությունների շնորհիվ այն բացարձակապես չի ճնշում իր մոնումենտալությամբ։

Հրապարակի մյուս յուրօրինակ շինություններից է Հայաստանի պատմության թանգարանի և Ազգային պատկերասրահի շենքը (20) ։ Շենքի ճակատային մասն ու սյունաշարը աչքի են ընկնում իրենց համաչափությամբ։ Առաջին հարկը կառուցվել է Թամանյանի նախագծով, այնտեղ գործում է Հայաստանի պատմության թանգարանը։ Այս հարկի տակ ցուցադրվող նախապատմական և փոքրասիական գտածոների հավաքածուն կարող է դասվել աշխարհի լավագույնների շարքը։ Հետագայում ավելացվել են շենքի վերին հարկերը։ Հայաստանի ազգային պատկերասրահը, որը գտնվում է նույն շենքում, հայտնի է Ռեմբրանդտի, Տիցիանի և հայ ու ռուս աշխարհահռչակ վարպետների գործերի հարուստ հավաքածուով։ Շենքի ձախ թևում «Առնո Բաբաջանյան» համերգասրահն է. սկզբնական տեսքով պահմանվել է միայն Աբովյանի փողոցի ճակատը։ Շենքի հետևից Չարենցի անվան գրականության և արվեստի և նկարիչ Մարկոս Գրիգորյանի կամ Միջին Արևելքի թանգարանների մուտքն է։

Քիչ վեր, դեպի ձախ` հրապարակի հյուսիս-արևմտյան մասում է գտնվում ՀՀ Կառավարության 2-րդ շենքը (21), ուր այժմ գործում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ Ուշադրություն դարձրեք շենքի ճակատամասին արված քանդակներին. ի տարբերություն կառավարության 1-ին` ժամացույցով շենքի հարուստ ու գեղաքանդակ ֆրիզների (եզրազարդերի)` նախարարության շենքի պատուհանների շուրջ արված ֆրիզներն անավարտ են։ Ձեր ձախ կողմում հրապարակը ձևավորող վերջին շենքն է` «Արմենիա» հյուրանոցը (22)։

Ազգային պատկերասրահի շենքի առջև կազմակերպված են երգող շատրվաններ (23), որոնց շնորհիվ Հանրապետության հրապարակը դարձել է երևանցիների սիրելի ժամանցի վայրերից. այստեղ հաճախ բացօթյա համերգներ են կազմակերպվում։ Շատրվանները վերանորոգվել են 2007-ին և համալրվել արդիական համակարգչային կառավարմամբ լուսաձայնային էֆեկտներով. շատրվաններն ասես «պարում են» երաժշտական նվագակցությամբ, փոխվում են նաև գույները, իսկ ջրի շիթերից ստեղծված էկրանին հայտնվում են հոլոգրաֆիկ պատկերներ` ստեղծելով հիրավի զարմանահրաշ տեսարան։


Տեքստի խմաբագրումը` Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Հայաստանի ազգային կոմիտեի (ԻԿՕՄՕՍ/ Հայաստան)։


 

Share |