Սանահին

Վերադառնալ գլխավոր էջ


Սանահին 2: Պատմությունը

Պատմությունը

Թեև Սանահինի, ինչպես նաև ոչ հեռու գտնվող Հաղպատի վանական համալիրները պատմական միևնույն ժամանակաշրջանի ուղերձի ու ոգու կրողներն են, սակայն յուրաքանչյուրն ունեցել է ուրույն դերակատարություն` որպես նշանավոր գիտակրթական, մշակութային և հոգևոր կենտրոն։

Սանահինի հիմնադրման ճշգրիտ տարեթիվը հայտնի չէ։ Ըստ ավանդության` վանքը հիմնարկվել է 4-րդ դարում, երբ կանգնեցվել է Սբ Նշանը` խաչը։ «Սանահին» անվանումը բացատրվում է «սա նրանից հին է» արտահայտությամբ. ըստ ավանդության` Սանահին է կոչվել Հաղպատից ավելի հին վանքը։

Համաձայն պահպանված գրավոր և նյութական վկայությունների` Սանահինի ներկայիս վանքը հիմնադրվել է 10-րդ դարում` 930-ական թվականներին, Աբաս Բագրատունի թագավորի օրոք։ Հայ պատմիչներ Կիրակոս Գանձակեցին և Վարդան Արևելցին վկայում են, որ վանքի առաջին շինությունը` Սբ Աստվածածին եկեղեցին, կառուցել են Բյուզանդիայից գաղթած և քաղկեդոնիկ դավանանքը մերժած հայ հոգևորական-ները։

Հետագայում, հանդիսանալով Կյուրիկյան թագավոր-ների վարչական կենտրոնը և նախարարական տան տոհմական դամբարանատեղին (մինչև 12 դ. կեսը), Կյուրիկյան թագավորության եկեղեցական թեմի աթոռանիստը (մինչև 11դ. կեսը) վանքը կառուցապատվել է բազմաթիվ կրոնական և քաղաքացիական շինություններով։ Երկու վանքերում էլ և հատկապես Սանահինում դասավանդում էին հումանիտար գիտություններ, երաժշտություն և բժշկություն, գրվում էին գիտական աշխատանքներ (քննախոսություններ). այստեղ էին ստեղծագործում ժամանակի նշանավոր գրիչները, ծաղկողներն ու մանրանկարիչները։

Հաղպատի և Սանահինի շրջակայքում կառուցվեցին ավելի քան 20 եկեղեցիներ և մատուռներ, օժանդակ շենքեր, դամբարաններ, զանգակատներ, դպրոց (Մագիստրոսի ճեմարանը), գրապահոցներ, սեղանա-տներ, սրահներ, կամուրջներ և այլ մոնումենտալ շինություններ, ինչպես նաև բազմաթիվ բնակելի և տնտեսական նշանակության կառույցներ։

Ինչպես և Հաղպատը, Սանահինն ասպատակել են մոնղոլները` նախ գրավելով Ակներ ամրոցը, որը գտնվում էր Սանահինի և Հաղպատի վանքերի միջև ընկած ճանապարհին և ապահովում էր դրանց պաշտպա-նությունը։

Հաղպատի (1996 թ.) և Սանահինի (1999 թ.) վանական համալիրները որպես մեկ հուշարձանախումբ գրանցված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում` որպես մարդկության կողմից ստեղծված բացառիկ, համընդգրկուն արժեքներ։

Տեքստի խմբագրումը` «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» ՀԿ-ի։
Հաստատումը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի։