Սանահին

Վերադառնալ գլխավոր էջ


Սանահին 3: Համալիրը, Սբ Աստվածածին (1) և Սբ Ամենափրկիչ եկեղեցիները (2)

Համալիրը

Սանահինի վանական համալիրը բաղկացած է հինգ եկեղեցիներից, երկու գավիթներից, ակադեմիայից, գրատնից, զանգակատնից, տոհմական դամբարան-ներից և երբեմնի ամուր պարսպապատով շրջափակված այլ շինություններից։ Հիմնական կառույցները խմբավորված են գլխավոր եկեղեցու շուրջը` կազմելով մեկ միասնական ամբողջություն։


Սբ Աստվածածին (1) և Սբ Ամենափրկիչ եկեղեցիներ (2)

Համալիրի կենտրոնում է գտնվում Սբ Աստվածածին եկեղեցին, որը կառուցվել է Բագրատունիների կողմից` 928-944 թվականների ընթացքում։ Այն արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ` խաչաձև գմբեթավոր կառույց է` չորս անկյուններում երկհարկ ավանդատներով։ Թմբուկն ու գմբեթը վերա-կառուցվել են հավանաբար 1652 թ. վերանորոգման ժամանակ` Սարգիս Ուստայի և նրա աշակերտների կողմից, որի մասին է վկայում պահպանված շինարարական արձանագրությունը։

Սբ Աստվածածին եկեղեցու անմիջական հարևա-նությամբ է կառուցված չափսերով ավելի մեծ Սբ Ամենափրկիչ Կաթողիկե եկեղեցին (966 թ.), որի պատվիրատուն Խոսրովանույշ թագուհին է` Բագրատունի Աշոտ Գ Ողորմած թագավորի տիկինը։ Այս հոյակերտ եկեղեցին ևս ունի գմբեթավոր խաչաձև հորինվածք և իր դիրքով իշխում է համալիրի մյուս կառույցներին։

Արևելյան ճակատի վերնամասում, քառանկյուն խորշում արված բարձրաքանդակը ներկայացնում է Կյուրիկե (Գուրգեն) և Սմբատ թագավորներին` Խոսրովանույշ թագուհու ժառանգորդներին (ավելի ուշ հիրավի Սմբատը թագավորեց Անիում, իսկ Կյուրիկեն` Լոռիում)։

Երկու եկեղեցիների ներքին պատերը զարդարված են եղել որմնանկարներով, որոնց մեծ մասը չի պահպանվել։

Սանահինի բարձրարժեք խաչքարերից հատկապես ուշագրավ են Սբ Աստվածածին եկեղեցու արևելյան կողմում գտնվող Գրիգոր Տուտեորդու խաչքար-մահարձանը (1184 թ.) և Սարգսի (1215 թ.) խաչքարը, որոնք խաչքարային արվեստի իսկական գլուխգործոցներ են։


Տեքստի խմբագրումը`«ԻԿՕՄՕՍ/Հայաստան» ՀԿ-ի։
Հաստատումը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի։