Սանահին

Վերադառնալ գլխավոր էջ


Սանահին 4: Գավիթները, Ճեմարանը (4)

 Գավիթներ

Երկու եկեղեցիների արևմտյան կողմերում գտնվող գավիթները (ժամատները) Սանահինի ամենամեծ կառույցներն են, ինչը բնորոշ է հայկական կրոնապաշտամունքային ճարտարապետությանը։ Գավիթները ծառայել են աշխարհիկ և պաշտամունքային նպատակների. դրանք տեղավորել են մեծ թվով մարդկանց` եկեղեցական արարողությունների, ժողովների, հավաքույթների, ինչպես նաև պատարագների ժամանակ։ Գավիթները ծառայել են նաև որպես տապանատներ. դրանցից շատերի հատակները սալարկված են նշանավոր հոգևորականների, թագավորական ընտանիքի անդամների ու կարևոր մարդկանց տապանաքարերով։

1211-ին իշխան Վաչե Վաչուտյանի պատվերով կառուցված գավիթը գտնվում է Սբ Աստվածածին եկեղեցու (8) արևմտյան մասում և ունի երկթեք տանիքով ավարտվող թաղածածկ եռանավ դահլիճի հորինվածք։ Դահլիճը նավերի բաժանող երկշարք 3-ական սյուները տարբերվում են իրենց ձևերով և զարդաքանդակներով, իսկ թաղածածկ բարձր տանիքներով և ցածր կամարաշարերով սրահներն ուշագրավ արտահայտչականություն են հաղորդում գավթին։

Սբ Ամենափրկիչ եկեղեցու կամ ներքին գավիթը (7) 1181-ին կառուցել է ճարտարապետ Ժամհայրը` Քուրդ իշխանի և վանքի առաջնորդ Գրիգոր վարդապետ Տուտեորդու աջակցությամբ։ Այս գավիթը նշանավոր է յուրահատուկ ներքին հարդարանքով. մեծ դահլիճը պսակված է բարձրաքանդակներով պատած չորս հոծ սյուների վրա կանգնած և կենտրոնից լուսավորվող գմբեթ-երդիկով։ Մինչդեռ դահլիճի եզրային հատվածներն առնված են սալածածկ առաստաղների տակ։ Գավթի ծածկի ճարտարապետական ձևերը հիշեցնում են հայկական ժողովրդական բնակարանների` գլխատների տիպը։

Ճեմարան (4)

Ճեմարանը կամ «Մագիստրոսի ակադեմիան» կազմում է Սբ Աստվածածին եկեղեցու գավթի շարունակությունը. այն 10-րդ դարի վերջին և 11-րդ դարի սկզբին բնորոշ քաղաքացիական ճարտարապետության օրինակ է. երկայնական պատերին հպված կամարներով ձևավորված են որմնախորշեր, որ հավանաբար ծառայել են իբրև նստատեղեր։ Այս երկարավուն սրահը համարվում է Գրիգոր Մագիստրոսի ճեմարանը, ուր նա դասախոսություններ է կարդացել։ Ճեմարանում առավելապես դասավանդում էին հումանիտար գիտություններ, սակայն, ինչպես և Հաղպատում, այստեղ էլ գրվում էին քննախոսություններ, ուսուցանում էին փիլիսոփայություն և գեղագրություն, մանրանկարչություն։

Ակադեմիայի ուսուցիչներից հատկապես հռչակված էր 11-րդ դ. հայ նշանավոր գիտնական, փիլիսոփա և մանկավարժ Գրիգոր Մագիստրոս Պահլավունին (990-1059 թթ. ), որի անունով էլ դպրոցն անվանվել «Մագիստրոսի ճեմարան»։ Նրա նամակները միջնադարյան աստվածաբանությանը, գրակա-նությանը, առասպելաբանությանը, քաղաքականությանը, բնական գիտություններին և բժշկությանն առնչվող հարցերի շտեմարան են։ Գրիգոր Պահլավունին ոչ միայն ուսում-նասիրում էր բժշկությանը վերաբերող տեսական հարցեր, այլև գործնականում դրանք հմտորեն կիրառում էր կյանքում։ Նրա նամակները վկայում են, թե ինչպիսի բարձր գիտելիքների է նա տիրապետել ախտաբանության (պաթոլոգիա), կլինիկական բժշկության և հատկապես բուսաբուժության ոլորտներում։


Տեքստի խմբագրումը` «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» ՀԿ-ի։ Հաստատումը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի։