Սանահին

Վերադառնալ գլխավոր էջ


Սանահին 7: Դամբարանները, Խաչքարերը

Դամբարանները

Հուշարձանախմբի հարավարևելյան կողմում գտնվող Զաքարյանների դամբարանը (11) կառուցվել է 10-11-րդ դդ., կիսագետնափոր թաղածածկ դահլիճ է` վրան մասամբ պահպանված մատուռներ։ Կողային մատուռները ոճային առումով մոտ են Գրիգորի մատուռին։ 1189-ին կառուցված արևմտյան մասը ավելի պարզ է և աչքի է ընկնում ճոխ, մեծ շքամուտքով։

Սբ Հակոբ եկեղեցին (13) խաչաթև, գմբեթավոր դահլիճ տիպի կառույց է` անկյուններում չորս ավանդատներով (կիսավեր)։ Այն Սանահինի հուշարձանախմբի ամենահին շինություններից է` կառուցված 10 դ. 2-րդ կեսին։ Եկեղեցուց մոտ 20 մ դեպի արևելք գտնվում է 13-րդ դ. կառուցված Սբ Հարություն եկեղեցին (14), որն առանձնանում է արևելյան կողմի երկու հավասարաչափ խորան-ներ ունեցող թաղածածկ դահլիճով։

Խաչքարերը

Սանահինի խաչքարերից մեկի (1192 թ.), ինչպես նաև Սանահինի կամրջի պատվիրատուն Վանենի թագուհին է։ Դեբեդ գետի վրա գցված միաթռիչք կամարակապ կամուրջը նա կառուցել է ի հիշատակ վաղամեռիկ ամուսնու` Աբաս Բագրատունու։ Կամուրջը գտնվում է Ալավերդի քաղաքի կենտրոնում և դեռ օգտագործվում է տեղացիների կողմից։

Սանահինի նշանավոր խաչքարերից է հիմնական հուշարձանախմբից դեպի արևմուտք գտնվող խաչքարը` կերտված 1205-1222 թթ. քարգործ Դավթի կողմից։ Ժողովուրդն այս կոթողին «Ծիրանավոր» անունն է տվել։ Ինչպես վկայում է պատվանդանին պահպանված արձանագրու-թյունը, այն կանգնեցվել է հայր Հովհաննեսի կողմից` հյուրատան կառուցման առթիվ։

Խաչքարերի հորինվածքի կենտրոնում քանդակված հիմնախաչերի թևերը զարդարված են հիմնականում վարսանդապտղային զարդերով և կենաց ծառի ճյուղերով։ Թեև 10-11-րդ դդ. խաչքարերն ունեն ավելի պարզ հարդարանք, քան 12-13-րդ դարերում կերտվածները, դրանցում ևս գերակշռում են երկրաչափական պատկերների ու բուսական զարդերի համադրությունները։


Տեքստի խմբագրումը` «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» ՀԿ-ի։
Հաստատումը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի։