Սանահին

Վերադառնալ գլխավոր էջ


Սանահին 8: Հաղպատ, Ակնաբերդ

Հաղպատ, Ակնաբերդ

Անմիջապես ձեր առջև` կիրճի հակառակ կողմում, գտնվում են երկու նշանավոր հուշարձաններ` Ակնաբերդն ու Հաղպատի վանքը։ Հաղպատի վանքը գտնվում է համանուն գյուղում` ժայռոտ լեռնալանջին, իսկ Ակնաբերդը տեղակայված է անմիջապես ներքևում` ապառաժե հրվանդանի վրա։

Հաղպատ

Հաղպատի վանքը հիմնադրվել է Աբաս Բագրատունու գահակալության օրոք (929-953թթ.), մինչդեռ վանքի ամենահին շինության կառուցումը սկսվել է 976-ին` Աշոտ Գ Ողորմած թագավորի օրոք (953-977 թթ.)։ 11-րդ դ. կեսին Հաղպատի և մոտակա Սանահինի վանքերը դառնում են Լոռվա կրոնական կենտրոններ։ Վանքը ծաղկում է ապրել Կյուրիկյանների և Զաքարյանների հովանավորության շնորհիվ, ովքեր և 12-րդ դ. վերջին տարածքն ազատագրեցին սելջուկներից։

Հաղպատի և Սանահինի վանքերի հետ է կապվում միջնադարյան Հայաստանի ամենանշանավոր աշուղներից մեկի` Սայաթ-Նովայի անունը, ով փոքր հասակում ուսում է ստացել Սանահինի վանքում (1712-1719 թթ.), իսկ հետագայում (1768 թ.-ից) ապրել է Հաղպատում` որպես վանական և ապա լուսարար (1778-1795 թթ.)։

Ակնաբերդ

Նպաստավոր դիրքում, Հաղպատի վանքից անմիջապես ներքև, ժայռոտ հրվանդանին երևում են Ակնաբերդի ավերակները. այն կառուցվել է 1233-ին Հաղպատի Հովհաննես եպիսկոպոսի պատվերով` երկու վանքերի պաշտպանության համար։ Նրա ազգակից իշխան Շահնշահը, որի հայրը թաղված է Սանահինում, ամրոցը ավերված ու լքված է թողել մոտեցող մոնղոլական զորքերի առջև, որոնց և հաջողվել է գրավել ու կողոպտել երկու վանքերն էլ։ Ակնաբերդի հնավայր կարելի է հասնել դեպի Հաղպատ գյուղ տանող ճանապարհով։


Տեքստի խմբագրումը` «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» ՀԿ-ի։
Հաստատումը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի։