Մետաքսի Ճանապարհ` Սելիմի լեռնանցք/ Քարավանատուն

Վերադառնալ գլխավոր էջ


Մետաքսի Ճանապարհ 7: Սելիմի լեռնացք /Քարավանատուն (2410 մ)

Սելիմի լեռնացք /Քարավանատուն (2410 մ)

Սելիմի քարավանատունը Հայաստանում պահպանված բազմաթիվ քարավանատներից է։ Դրանք դեպի Եվրոպա և Արևելք գնացող բեռնված քարավանների համար ծառայել են որպես գիշերային օթևաններ։

Շատերի պատկերացմամբ Մետաքսի ճանապարհը մեկ հստակ երթուղի է, մինչդեռ, իրականում, գոյություն են ունեցել Արևելքն ու Արևմուտքը իրար կապող բազմաթիվ ճանապարհներ` հիմնականում ցամաքային և մասամբ էլ ծովային։ Այդ ճանապարհները կամրջել են արևելքն ու արևմուտքը, հյուսիսն ու հարավը։ Նախընտրելի են համարվել գետերի և լճերի հովիտներով անցնող ճանապարհները։ Քարավանատները Հայաստանով անցնող Մետաքսի ճանապարհի ուղեցույցներն էին, ուր հիմնականում իջևանում էին քարավաններին ուղեկցող մարդիկ և պատսպարվում կենդանիները։ Սելիմի լեռնանցքում կառուցված քարավանատունը Հայաստանի նմանօրինակ կառույցների արժեքավոր օրինակներից է։

Մուտքի բարավորի շինարարական արձանագրությունը վկայում է, որ կառուցվել է 1326-1327 թվականներին, թեև մուտքի ներքուստ արված մեկ այլ արձանագրությամբ, շինարարությունն ավարտվել է 1332թ.։ Պատվիրատուն Չեսար Օրբելյան իշխանն ու իր եղբայրներն են։ Շենքի ճակատի երկու բարձրաքանդակները խորհրդանշում են Օրբելյան իշխանական տան զինանշանները։

Արձանագրության մեջ ասվում է։

«Հանուն ամենազոր և զորեղ Աստծու, 1332 թվականին, աշխարհի տիրակալ Բուսայիդ խանի օրոք, ես` Չեսար, իշխանաց իշխան Լիպարիտի որդին, և մայրս` Աննան, Իվանեի թոռը, և իմ եղբայրները` առյուծների պես գեղեցկատես իշխաններ Բոիրթելը (Բուրթել),, Սմբատը և Էլիկումը Օրբելյանների ազգից, և իմ կինը` Խորիշան, Սերիկարիմանների Վարդանի դուստրը [և…], կառուցեցինք այս հոգևոր տունը մեր միջոցներով` մեր, մեր ծնողների և Քրիստոսին ապավինող մեր եղբայրների հոգիների փրկության համար, նաև իմ կենդանի եղբայրներ և որդիներ` Սարգիսի, Հովհաննես քահանայի, Քուրդի և Վարդանի համար։ Աղաչում ենք ձեզ, անցորդներ, մեզ հիշել Քրսիտոսի մեջ։ Կառուցումը սկսվել է Եսայու քահանայությամբ և ավարտվել նրա աղոթքների շնորհիվ, 1332-րդ տարում։”

Ծանոթություն. Իշխանաց իշխան Լիպարիտը Նորավանքի Սբ Կարապետ եկեղեցու հովանավորի թոռն է։ Բուրթել իշխանի պատվերով է կառուցվել Նորավանքի Սբ Աստվածածին եկեղեցին (Բուրթելաշենը), իսկ Էլիկումը վերջին անկախ կառավարիչ իշխան Էլիկում Օրբելյանի ծոռն է։

Քարավանատունը ավերվել է 15-16-րդ դարերում, վերանորոգվել` 1956-1959 թթ.։

Կառույցը. Քարավանատան շենքը եռանավ դահլիճ է (13,0 x 26,0 մ), որի ծածկն առնված է երկլանջ կտուրի տակ։ Դահլիճի վերջում կազմակերպված 2 սենյակները նախատեսված են եղել մարդկանց օթևանելու համար։ Շինանյութը բազալտն է։ Ուշագրավ է ստալակտիտավոր մուտքը։ Քարավանատնից դեպի արևելք պահպանվել է կիսաթաղ ընդարձակ թաղածածկ մատուռ։