Սևանավանք

Վերադառնալ գլխավոր էջ


Սևանավանք 2: Վանական համալիրը, Մարիամ իշխանուհին և Սևանի վանքը, Սբ Կարապետ եկեղեցին (1)

 Վանական համալիրը

Համալիրը ներկայացնում են Սբ Առաքելոց և Սբ Կարապետ երկու եկեղեցիները, գավթի ավերակները, մասնակի վերակառուցված վանական խցերը, Սբ. Հարություն եկեղեցու հիմքերը։ Վանքի Սբ. Աստվածածին եկեղեցին և նրան կից գավիթն այլևս գոյություն չունեն։ Համալիրի բոլոր կառույցները բլրի հարավ-արևմտյան կողմում են։ Պահպանվել են նաև համալիրի ներքին և արտաքին պատերի հիմքերը, բնակելի և տնտեսական շինություններ։

Մարիամ իշխանուհին և Սևանի վանքը

Մինչև 9-րդ դ. վանքը բաղկացած էր Գրիգոր Ա Լուսավորչի կառուցած երկու` Սբ Կարապետ և Սբ Հարություն եկեղեցիներից։ Եռանավ ընդարձակ Սբ Հարություն եկեղեցին կառուցվել է հեթանոսական մեհյանի տեղում` 305 թվականին։ 9-րդ դարում Աշոտ Ա Բագրատունու իշխանության տարիները, և այնուհետև Բագրատունյաց թագավորության շուրջ 200-ամյա շրջանը նպաստավոր եղավ Հայաստանում տնտեսական և մշակութային վերելքի համար։ Կառուցվեցին վանքեր ու եկեղեցիներ, այդ թվում նաև Սևանավանքում։

Ըստ հայոց պատմիչների, Աշոտ Ա Բագրատունու դուստր և Սյունաց իշխան Վասակ Գաբուռի կին իշխանուհի Մարիամը ուխտել էր 30 եկեղեցի կառուցել իր վաղամեռիկ ամուսնու հիշատակին։ Հանդիպելով Սևանավանքի վանահայր, ապագա կաթողիկոս Մաշտոց Եղիվարդեցուն, նա հանձն է առնում հովանավորել վանքի նորոգումը և ընդարձակումը և կառուցել Սբ Առաքելոց և Սբ Աստվածածին եկեղեցիները։

Կառուցվում են նաև վանական խցեր, տնտեսական շինություններ և քառասյուն մի գավիթ` Սբ Աստվածածին եկեղեցուն կից, որի պահպանված փայտե երկու սյուները և դրանց քանդակազարդ խոյակներն այժմ ցուցադրված են Երևանի Պատմության պետական թանգարանում։

Սբ Կարապետ եկեղեցին (1)

Սբ Կարապետ եկեղեցին փոքրաչափ եռախորան խաչաձև գմբեթավոր կառույց է։ Այն հիմնովին վերանորոգվել է 9-րդ դ. վերջին։ Եռախորան հորինվածքը հայտնի է նաև «երեքնուկաձև» անունով, որը փոխառնվել է ճարտարապետության գոթական ոճից, ըստ որի եկեղեցու կենտրոնական մասը եռամաս տերևի ձև ունի (մասամբ հատվող երեք շրջանների շնորհիվ)։ Հարավ-արևմտյան մուտքի բարավորը պարզ հորինվածք ունի։