Սմբատաբերդ

Վերադառնալ գլխավոր էջ


Սմբատաբերդ 2: Սմբատաբերդի ստորին համալիրը. Մուտքերը. Հղում

Սմբատաբերդ. ստորին համալիրը

Սմբատաբերդի բնական անառիկ դիրքն այն դարձրել էր անմատչելի թշնամիների համար։ Ամրոցի համալիրը պաշտպանված էր Արտաբուն և Եղեգիս գետերի խոր ձորերով և հետագայում կառուցված 2-3 մ լայնություն ունեցող պարսպապատով, որից պահպանվել է հիմնականում հյուսիսային հատվածը։ Պարիսպը ամրացված է բրգաձև աշտարակներով` շարված բազալտի սեպաձև կիկլոպյան քարերով, կրաշաղախով։

Լեռնագագաթը ամբողջովին պարսպապատ է եղել, իսկ ամրոցի տարածքը բավարար է եղել հարյուրավոր բնակիչներ տեղավորելու համար։ Ամրոցն ունեցել է միայն իշխանի և նրա մերձավորների համար նախատեսված 2 միջնաբերդեր` ամենաբարձրադիր մասում։

Բերդաքաղաքը պատով բաժանվում է հյուսիսային և հարավային մասերի, որոնցում պահպանվել են միջնաբերդերի, զորանոցների, բնակելի շենքերի, ջրավազանների ավերակները։ Ջուրը բերդ է բերվել ստորգետնյա ջրատար խողովակով, մոտ 2 կմ հեռավորությունից, Ցաղաց քարի վանքի մոտակա աղբյուրներից։

Ավանդությունը պատմում է, որ անառիկ բերդը թշնամուն հաջողվել է գրավել միայն այն ժամանակ, երբ ծարավ ձին հայտնաբերել է գետնի տակով անցնող ջրատարը, որի մնացորդները պահպանվել են մինչ օրս (Եղեգնաձորի երկրագիտական թանգարան)։

Բացի գլխավոր` հյուսիսային մուտքից, բերդը մուտքեր ունի նաև արևելյան և արևմտյան կողմերից։ Պահակատները և դիտակետերը (չեն պահպանվել) տեղադրված են եղել սրբատաշ բազալտից կառուցված թաղածածկ սրահների տանիքին։ Երկու դիտակետեր են պահպանվել դեպի ամրոց տանող ճանապարհի եզրային երկու բարձրունքների վրա, ամրոցից մոտ 1 կմ արևելք։ Եվս մեկը գտնվում է ամրոցից մոտ 800 մ արևմուտք` լեռնալանջի բարձրունքներից մեկի վրա, միջնադարյան Ոստինք /Հոստուն/ գյուղի մոտակայքում։

Մուտքերը

Ցանկացած ռազմապաշտպանական համալիրում մուտքը համարվում է ամենախոցելի տեղը. դրանք սովորաբար բացվել են այնքան, որքան անհրաժեշտ է եղել պաշարներ ներս բերելու համար։

Սմբատաբերդի անառիկ բնական դիրքը թույլ է տվել շրջանցել միջնադարյան այլ ամրոցներին բնորոշ հորերն ու խրամատները։ Բերդի գլխավոր մուտքը կազմակերպված է «բարբիկանի» (ամրակայված դիտանոցի) սկզբունքով. բարձր պատերն ու զառիթափ ժայռերը կրճատում էին դեպի բերդ առաջխաղացումը և ստիպում մտնողներին դանդաղել, ինչը հնարավորություն էր տալիս վերևից հսկել և տիրապետել իրադրությանը։

 

Հղում`

1. Գլխավոր մուտքը
2. Մուտքը
3. Թագավորական
մուտքը
4. Պարսպապատը
5. Ստորին համալիրը
6. Վերին համալիրը
7. Ստորին միջնաբերդը
8. Վերին միջնաբերդը