Սպիտակավոր

Վերադառնալ գլխավոր էջ


Սպիտակավոր 7: Պատմությունը, Գարեգին Նժդեհի գերեզմանը (6), հղում

 Պատմությունը

Շինանյութը սպիտակավուն սրբատաշ ֆելզիտն է. այստեղից էլ` Սպիտակավոր անվանումը։ Ըստ պատերին պահպանված արձանագրությունների` համալիրի միակ Սբ Աստվածածին եկեղեցին կառուցել է Էաչի Պռոշյան իշխանը, որի մահվանից հետո (1318 թ.) շինարարությունն ավարտել է նրա որդին` Ամիր Հասան Երկրորդը` 1321 թ.։

Վանական համալիրի մոտակա բարձունքի գագաթին պահպանվել են Բոլորաբերդ (Պռոշաբերդ) ամրոցի ավերակները։ Տարածքում պահպանվել են հավանաբար նախաքրիստոնեական սրբավայրի տեղում կառուցված փոքրաչափ բազիլիկի հետքեր։

Սպիտակավոր Սբ Աստվածածինը Վայոց ձորի կարևոր մշակութային, կրթական և հոգևոր կենտրոններից է եղել` պատմության ընթացքում դիմակայելով 15-րդ դ. թուրքմենական Կարա-Կոյունլու և Ակ-Կոյունլու ցեղերի ասպատակություններին, որոնք, մոնղոլական տիրապետության անկումից հետո, թալանում ու ավերում էին շրջանը։ Գլաձորի համալսարանի գործունեության դադարելուց հետո (1340-ական թթ.) Սպիտակավորը դառնում է Պռոշյանների կրթամշակութային կենտրոնը, որը ծաղկում է ապրում վանահայր վարդապետ Ավագտերի օրոք. մեզ են հասել վերջինիս կողմից ընդօրինակված ձեռագրերից /15-րդ դ. 2-րդ կես/։

Լենկթեմուրի արշավանքների ժամանակ վանքը թալանվել է, գավիթն ավերվել, քանդվել են պարսպապատերը և այրվել տնտեսական նշանակության կառույցները, դրանցից ոչ մեկը երբևէ չի վերակառուցվել /թեև վանքը գործել է մինչև 1604 թ. Շահ-Աբբասի կողմից հայերի բռնագաղթը/։

Գարեգին Նժդեհի գերեզմանը (6)

Սպիտակավոր վանական համալիրը նորովի վերարժեքավորվեց, երբ 1987-ին եկեղեցու հարավային պատին կից ամփոփվեցին ռազմական, քաղաքական և պետական գործիչ Գարեգին Նժդեհի մասունքները։

Գարեգին Նժդեհը /Տեր-Հարությունյանը/ ծնվել է 1886թ. Նախիջևանի Կզնուտ գյուղում։ Զինվորագրվելով հայկական կամավորական շարժմանը` նա Բալկանյան և Առաջին համաշխարհային պատերազմներում ակտիվ աջակցություն է ցուցաբերել թուրքերի տիրապետության դեմ պայքարող պարտիզանական ուժերին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Նժդեհը փորձում էր իրականացնել Հայաստանը խորհրդային և թուրքական ուժերից ազատագրելու իր ծրագիրը։ Սակայն ձերբակալվում է Մոսկվայում և հայտարարվում դավաճան։ Գարեգին Նժդեհը վախճանվել է խորհրդային բանտում։ 1987թ. նրա աճյունը գաղտնի տեղափոխվել և ամփոփվել է Սպիտակավոր Սբ Աստվածածին վանքի բակում։
Հղումը`

1. Մուտքը
2. Սբ Աստվածածին եկեղեցին
3. Գավիթը
4. Զանգակատունը
5. Տնտեսական շենքերի
մնացորդները
6. Գարեգին Նժդեհի գերեզմանը

 

Share |