Տաթև

Վերադառնալ գլխավոր էջ


Տաթև 1: Տաթևի կիրճը, Տաթևի Մեծ անապատը

Տաթևի կիրճը

Տաթևի և Որոտան գետերի կիրճերն առանձնանում է հիասքանչ տեսարաններով և հազվագյուտ էնդեմիկ բուսականությամբ։ Այստեղ հանդիպող ծաղկատեսակներից են` աստղկաձարը(Adianthum capillus-veneris), սոխուկ (Allium kunthianum), տիպատատուկը (Calystegia silvatica), պատատուկը (Convolvulus cantabrica), հոնը (Cornus mas), ալոճենին (Crataegus caucasica), մեխակը (Diantus orientalis), մատնոցուկը (Digitalis nervosa), թզարմատը (Ficaria ficarioides), թզենին (Ficus carica), օձի դեղը (Gentiana septemfida), թխակակաչը (Glaucium corniculatum), գնդաբույսը (Globularia trichosantha), Հեղինեի խոտը (Inula helenium), վայրի խնձորենին (Malus orientalis), շրջահյուս հունական (Periploca graeca), սինդրիկը (Սողոմոնի կնիքը) (Polygonatum multiflorum), վայրի սալորենին (Prunus divaricata), նռնենին (Punica granatum), Symphyandra armena. Հիրիկների տեսակներից այստեղ հանդիպում են Iris imbricata, I. paradoxa, I. lineolata, որոնք աչք են շոյում իրենց հագեցած գույներով։

Կիրճում է գտնվում նաև Սատանի կամուրջը, (այս վահանակի և ավտոմեքենաների կանգառի հակառակ կողմում) Ժամանակին հսկայական ժայռաբեկորներ պոկվել և ընկել են գետը, բայց չեն փակել նրա հունը, այլ մնացել են անշարժ` ներկա դիրքում։ 50 մետր լայնություն ունեցող անձեռակերտ կամուրջը բնության հնարքով միացնում է գետի ափերը. այստեղից էլ առաջացել է անունը։ Դարեր շարունակ այն օգտագործվել է որպես Տաթև տանող բնական կամուրջ։ Ժայռի տակից բխող հանքային ջրի աղբյուրներն, ասես, գունազարդում են կիրճը` կամրջի տակ առաջացնելով ստալակտիտներ, ինչպես նաև բնական փոքր մի լողավազան, որը տարվա գրեթե բոլոր եղանակներին գրավում է հանքային ջրի մեջ լոգանք ընդունել ցանկացողներին։

 

 

 


Տաթևի Մեծ անապատը

Տաթևի Մեծ անապատը գտնվում է Որոտան գետի աջ ափին, Տաթև սարի ստորոտին` անտառածածկ, փարթամ բուսականությամբ ծածկված հովտում։ Վանքը հիմնադրել է վանահայր Արիստակես վարդապետը, նույն ձորում գտնվող Հարանց (հիմնադրվել է 1611-1613 թթ.) անապատի կործանումից հետո։ Արիստակես վարդապետը թաղված է համալիրի գլխավոր` Սբ. Աստվածածին եկեղեցուն կից մատուռ-դամբարանում։

Կառուցվել է հիմնականում 17-րդ դարի 2-րդ կեսին և լրակառուցվել 18-րդ դարում։ Համալիրի կառուցման առիթ է ծառայել Հալիձորի Սյունաց Մեծ անապատի (Հարանց անապատի) կործանումը 1658 թ. երկրաշարժից` Հակոբ Դ. Ջուղայեցի կաթողիկոսի որոշմամբ։ Զաքարիա Ագուլեցու վկայությամբ Հարանց անապատի միաբաններն այստեղ են տեղափոխվել 1660-ին, իսկ 1668-ին մենաստանի մասին պատմվում է որպես գոյություն ունեցող կառույցի։ 17-րդ դարի վերջին համալիրում բնակելի խցեր է կառուցել նաև Տաթևի վանքի առաջնորդ Հովասափ Աղուերձեցին։

Անապատի հիմնական կառույցը Սուրբ Աստվածածին եկեղեցին է, որը եռանավ բազիլիկ է` արևմտյան կողմից կից գավիթով։ Եկեղեցու արևմտյան մուտքից վեր պահպանված թվագրությունը` 1663, հավանաբար, բազիլիկի կառուցման տարեթիվն է։ Գավիթը կառուցվել է Մելիք Եգանի կողմից 1743-ին` ըստ հյուսիսային որմնամույթին պահպանված արձանագրության։ Հյուսիսային կողմում եկեղեցուն կից է փոքրիկ գմբեթածածկ դամբարանը։


Տաթևի Մեծ անապատն ունեցել է նաև դպրոց և ձեռագրատուն, և կանգուն է եղել մինչև 19-րդ դարի վերջը։ Վնասվելով 1931 թ. երկրաշարժի հետևանքով, համալիրը զարմանալիորեն լավ է պահպանվել մինչ այսօր։

 

Share |

Մոտակա տեսարժան վայրերը