Տաթև

Վերադառնալ գլխավոր էջ


Տաթև 2: Պատմությունը. Հղում`

Պատմությունը

 

Ավանդության համաձայն վանքը կոչվել է Եվստաթեոս առաքյալի անունով` Սբ. Թադեոս առաքյալի աշակերտներից մեկի։ Սբ. Թադեոսն ու նրա աշակերտները 1-ին դարում քրիստոնեություն են քարոզել Հայաստանում։ Եվստաթեոսի մասունքների վրա 4-րդ դ. կառուցվում է փոքրիկ եկեղեցի (Տաթևի վանքի առաջին եկեղեցին), որը 5-րդ դարում արդեն դառնում է ուխտատեղի։ Այնուհետև, Տաթևի վանքի անունը մինչև 8- րդ դ. պատմության մեջ չի հիշատակվում։ 8-րդ. դարի վերջին վանքը դառնում է Սյունիքի եպիսկոպոսանիստը։

839 թ. Սյունիքի Դավիթ եպիսկոպոսը Սյունաց Փիլիպե իշխանից գնում է վանքի շրջակա գյուղերը` իրենց հողատարածքներով։ 844 թ., այն բանից հետո, երբ արաբներն ավերեցին հայոց իշխանական տները, Դավիթ եպիսկոպոսը Սյունյաց իշխաններին ժողովեց վանքում, որի արդյունքում վերջիններս վանքին նվիրեցին տարածքներ` նույնքան արժեքավոր, որքան վանքում պահվող մասունքներն էին` Քրիստոսի խաչափայտի մասունքով արծաթե մարդաչափ «Բաբկենյան խաչը»,Սբ. Հովհաննեսի,Սբ.Ստեփանոս Նախավկայի, 11 առաքյալների, Սբ. Գրիգոր Ա. Լուսավորչի, ս. Հռիփսիմեի մասունքները, Աստվածածնի մազերը։ Այդ ժամանակ է, որ Փիլիպե իշխանը վանքին նվիրում է Տաթև գյուղը և կառուցում Սբ. Գրիգոր եկեղեցին։

Սբ. Պողոս-Պետրոս տաճարը կառուցվել է 895-906 թթ., Հովհաննես եպիսկոպոսի առաջնորդության տարիներին։ Հետաքրքրական է, որ նրա ոչ-ազնվական ծագումը չխոչընդոտեց հետագայում Սյունիքի եպիսկոպոս ընտրվելուն։ 10-րդ դարի վերջին վանքն ուներ շուրջ 1000 միաբան` ուսանողներով հանդերձ։

1087 թ. օծվում է Սբ. Աստվածածին եկեղեցին։ 11-րդ դ. վանքը մուտք է գործում բարգավաճման շրջան` վարդապետարանով և ընդարձակ մատենադարանով, որտեղ պահվում էին շուրջ 10 000 ձեռագրեր։ Վանքն ուներ հարկատու 264 գյուղեր` 10 գավառներում։

1170 թ. սելջուկ թուրքերի վերսկվսած արշավանքները վերջ դրեցին բարգավաճ շրջանին։ Նրանց ավերածությունների ահից 1169 թ. վանքի ամբողջ գրադարանը տեղափոխվել էր Բաղաբերդ, որն այդ ժամանակ Հայաստանի ամենականգուն, անառիկ բերդն էր։ Սակայն Բաղաբերդը գրաված սելջուկ թուրքերը այրեցին բոլոր ձեռագրերը։ Նրանք նաև ասպատակեցին Տաթևի վանքը և կողոպտեցին եպիսկոպոսարանի գանձերը։

Տաթևի վանքը վերականգվում է 12-րդ դարավերջին 13-րդ դ. սկզբին` Զաքարյանների և Օրբելյանների հովանու ներքո. վերադարձվեցին նախկին տիրույթները, հոգևոր առաջնորդը դարձավ մետրոպոլիտ Ստեփանոս արքեպիսկոպոս Օրբելյանը։ Նրա առաջնորդության շրջանում 1286 թ. կառուցվել է Սբ. Պողոս-Պետրոսի զանգակատունը, 1295 թ. հիմնովին վերակառուցել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։ Նրա պատվերով ձուլվել են 2 խոշոր զանգեր, որոնք մինչ այժմ գտնվում են զանգակատանը։ 13-14-րդ դդ. Տաթևի վանքն ուներ 678 հարկատու գյուղեր, բազմաթիվ վանքեր և դարձել էր համահայկական մշակութային, կրթական և հոգևոր կենտրոն։

14-րդ դ. Լենկթեմուրի արշավանքների ժամանակ վանքը կողոպտվել և հրկիզվել է։ 18-րդ դ. երկրորդ քառորդին կառուցվել է 16 դասասենյակով դպրոցի շենքը։ 1787 թ. Գրիգոր Տաթևացու շիրիմի վրա կառուցվել է ներկա դամբարանը։ 1830 թ. Տաթևի վանքն ուներ երկու եպիսկոպոս, 10 վարդապետ, թեմի 74 գյուղերն առաջնորդող երկու սարկավագ և 62 քահանա։ Դարավերջին հարկատու գյուղերի քանակը գրեթե կիսով չափ նվազում է։

1920-21 թթ. վանքում հանգրվանել է սպարապետ Գարեգին Նժդեհը` այստեղից ծրագրելով թուրքական և բոլշևիկյան զորքերից Սյունիքի պաշտպանության ռազմավարությունը։ 1922 թ. կարճ ժամանակով վերականգնվել է վանքի հոգևոր առաջնորդությունը, ապա դադարեցվել խորհրդային իշխանության կողմից։ 1931 թ. աղետալի երկրաշարժից ավերվել է զանգակատունը և Սբ. Պողոս-Պետրոս տաճարի գմբեթը, որը վերականգնվել է 1990-ականներին։ Տաճարն այժմ վերանորոգման ընթացքում է։

 

 

Հղում`

1. Սբ. Եվստաթեոս եկեղեցու ավերակները
2. Ձիթհանը
3. Պարսպապատը
4. Հին մուտքը/աղբյուրը
5. Արևելյան մուտքը (դարպասը)
6. Սբ. Աստվածածին եկեղեցին
7. Ավերակները
8. Ախոռը/սաների ննջասենյակը
9. Ուխտագնացների հյուրատունը
10. Տաթևի մատենադարանը, Թանգարանը
11. Բնակելի և տնտեսական շինությունները
12. Զանգակատունը
13. Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցին
14. Հին գավիթը, խաչքարերը
15. Գրիգոր Տաթևացու մատուռ-դամբարանը
16. Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին
 

Share |

Մոտակա տեսարժան վայրերը