Տաթև

Վերադառնալ գլխավոր էջ


Տաթև 3: Վանական համալիրը, Սբ. Եվստաթեոս եկեղեցին (1), Ձիթհանը (2), Վանքի պարսպապատերը (3), Սբ. Աստվածածին եկեղեցին (6)

 Վանական համալիրը

Համալիրը բավականին մեծ տարածություն է գրավում` արդարացնելով բնական հարմար և գեղեցիկ դիրք ունեցող հիասքանչ պատմական հուշարձանի իր համբավը։ Տաթև և Որոտան գետերի անդնախոր վիհերի միջև եռանկյունաձև ձգվում է ժայռեղեն մի թերակղզի. հենց այստեղ էլ կառուցված է հռչակավոր վանքը։ Զառիթափ ժայռերը 700-800 մ. բարձրությունից նայում են գետին` երկու կողմից բնական պատնեշ հանդիսանալով հարձակումներից։ Մյուս կողմերից վանքը շրջապատված է աշտարակներով և հաստ պարսպապատերով` լուսամուտների նեղ բացվածքներով։ Համալիրը ներկայացնում են պարսպատերերը, ձիթհանը, Սբ. Պողոս-Պետրոս տաճարը, Սբ. Աստվածածին մատուռ- եկեղեցին, Սբ. Գրիգոր եկեղեցին, Սբ. Գրիգոր Տաթևացու դամբարանը, «Գավազան» հուշարձանը, սեղանատունը, դասասենյակները, մատենադարանը, ուխտագնացների հյուրատունը, բնակելի տարածքները, խոհանոցը, բազմաթիվ ծառայողական շինությունները և վանական խցերը։

Սբ. Եվստաթեոս եկեղեցին (1)

Վաղքրիստոնեական շրջանի այս եկեղեցին կառուցվել է Սբ. Եվստաթեոս առաքյալի մասունքների տեղում։ Նա 1-ին դ. Սբ. Թադեոս առաքյալի հետ եկել էր Հայաստան` քրիստոնեություն քարոզելու։ Ավերակներն ուրվագծում են հին եկեղեցին, որը 5-րդ դ. հայտնի ուխտատեղի էր։ Եկեղեցին վանքի ամենահին կառույցն է։

Ձիթհանը (2)

Ձիթհանը 13-րդ դ. կառույց է, հյուսիսային բլրին կից, արևելյան կլոր աշտարակի մոտ։ Այն երկու ընդարձակ սրահ ունի և մի հսկայական քար, որն օգտագործվում էր սերմեր, ծաղիկներ և բույսեր տրորելով ձեթ (մյուռոն) ստանալու նպատակով։ (Այստեղ պատրաստվում էր նաև պաշտպանական նպատակներով օգտագործվող յուղ/ձեթ։) Մեծ հնոցների կրակի վրա ձեթը տաքացվում էր և հասցվում կիրառման պատրաստ իր վերջնական վիճակի։ Մյուռոնն օգտագործվում էր ժամերգությունների ժամանակ և բաժանվում էր Սյունիքի բոլոր հոգևոր թեմերին և եկեղեցիներին։

Վանքի պարսպապատերը (3)

Պարսպապատը կառուցվել է 9-րդ, ապա վերակառուցվել 18-20-րդ դդ.` պահպանելով նախնական կառուցվածքը։ Շրջանաձև աշտարակն ունի լուսամուտների նեղ բացվածքներ` արտաքինից դուրս ցցված քարերով։ Ներսից կարելի էր հսկել անցորդներին` աննկատ և պաշտպանված արշավողների նետերից։ Ինչպես և ժամանակի այլ բերդերում, պարսպապատին կից կառուցված էին բնակելի և տնտեսական շինություններ, խցեր` այս կերպ հենարան հանդիսանալով և ավելի ամրակայելով այն։

Պարիսպը նախկինի պես բարձր չէ (առանձին հատվածներ հասնում էին 20 մ.), արևելակողմում կիրճը եզերող պատի որոշ հատվածներ բացակայում են։

Հին մուտքը (4) փակվել է, սակայն կամարը մինչ այժմ տեսանելի է։ Այժմ այստեղ աղբյուրն է։ Արևելյան մուտքը (5) կից է արևելակողմի փոքր աշտարակին և անցնում է Սբ. Աստվածածին եկեղեցու տակով։

Սբ. Աստվածածին եկեղեցին (6)

11-րդ դ. այս փոքր մատուռ-եկեղեցին կառուցվել է պաշտպանական համակարգի հյուսիսարևելյան անկյունում, վանքի պարսպի դարպասի և դամբարանի թաղակապ ծածկերի վրա։ Հորինվածքը բնորոշ չէ հայկական եկեղեցիներին. փոքրաչափ ուղղահայաց երկհարկանի կառույց է, առաջին հարկը կամարակապ թաղածածկ, երկրորդը` գնբեթավոր և սյունասրահով եզերված։ Մուտքը զարդարում է գեղեցիկ փայտե դուռը։

 

Share |

Մոտակա տեսարժան վայրերը