Տաթև

Վերադառնալ գլխավոր էջ


Տաթև 4: Տաթևի համալսարանը, Հովհան Որոտնեցին և Գրիգոր Տաթևացին

Տաթևի համալսարանը

Վանքն իբրև ուսումնագիտական կենտրոն ունեցել է զարգացման երկու կարևոր շրջան` վարդապետարանական և համալսարանական։ Տաթևի վարդապետարանը, որը հիմնադրվել է 10-րդ դ. սկզբին (երբ օծվել է Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցին), 14-րդ դարում (1390 թ.) արդեն հիշատակվում է որպես համալսարան (հնարավոր է և ավելի վաղ հիմնադրված լինելը)։ Այն աշխարհի ամենահին համալսարաններից մեկն է, որի սաներն ուսումնասիրել են հումանիտար և հասարակական գիտություններ, երաժշտություն, գրչության արվեստ, գեղագրություն, մանրանկարչություն, երգ և երաժշտություն, և այլն։ Համալսարանը կարևորագույն նշանակություն ուներ` խթանելով նմանատիպ կրթական կենտրոնների հիմնադրումը Սյունիքի գրեթե բորոլ վանքերում, օրինակ` Գնդեվանքում, Ցախացքարում և Բղենո-Նորավանքում։

Ստեփանոս Օրբելյանը գրում է, որ Տաթևն ուներ 500 միաբաններ, «ծովի պես խորը» փիլիսոփաներ, երաժիշտներ, գրողներ, նկարիչներ։ Այնտեղ էին հավաքվել ժամանակի գիտուն և բանիմաց շատ վարդապետներ։ Համալսարանը պատրաստել է վարդապետներ, մանկավարժներ, գրչության արվեստի մասնագետներ, ինչպես նաև բազմաթիվ արժեքավոր ձեռագրեր։

1338-48 թթ. մոնղոլների երկպառակային պատերազմների ժամանակ Գլաձորի համալսարանի (1291-1384 թթ.) փակվելուց հետո, Տաթևը դարձավ արևելյան Հայաստանի միակ գործող համալսարանը։ Ամենածաղկուն շրջանն ապրեց 1390-1435 թթ., երբ համալսարանը երկրի վերջին խոշոր կրթական հաստատությունն էր հանդիսանում։ Գործել է մինչև 14-15-րդ դդ. Լենկթեմուրի արշավանքները, երբ Տաթևի վանքն այրվել է (1435 թ.)։ Կրթական կյանքը վանքում վերստին զարթոնք է ապրում 18-րդ դարում. 1780 թ. կառուցվում է դպրոց (կից հյուսիսարևելյան պարսպապատին)։

Հովհան Որոտնեցին և Գրիգոր Տաթևացին

Տաթևի վանքն իր ամենածաղկուն շրջանն ապրել է տաղանդավոր ուսուցչապետներ, աստվածաբան, գիտնական և արվեստագետներ, բազմավաստակ մատենագիրներ Հովհան Որոտնեցու (1315-1388 թթ.) և Գրիգոր Տաթևացու (1346-1409 թթ.) առաջնորդության տարիներին։

Որոտնեցին սովորել է Գլաձորի համալսարանում, որը 1338 թ. փոխադրվում է Հերմոնի վանք, ապա Որոտան գավառ։ 1384 թ. Օրբելյանների նախաձեռնությամբ համալսարանը հաստատվում է Տաթևի վանքում։ Շուտով համալսարանը մեծ ճանաչում ձեռք բերեց, ուր գալիս էին ուսանելու պատմական Հայաստանի ողջ տարածքից և Կիլիկիայից։

Կիրառելով իր Գլաձորի համալսարանում ձեռք բերած փորձը` Որոտնեցին բարեփոխեց Տաթևի ուսումնական ծրագիրը, և կանոնակարգեց ուսանողների ընդունելության ու ուսուցիչների որակավորման գործընթացները։

Որոտնեցու ամենափայլուն աշակերտն էր Գրիգոր Տաթևացին, որն ստանձնեց իր ուսուցչի պաշտոնը, երբ վերջինս վախճանվեց։ Եռամեծ վարդապետի րաբունապետության օրոք համալսարանը հասել է իր ծաղկման գագաթնակետին` դառնալով գիտության, մշակույթի, արվեստի, հոգևոր կյանքի համահայկական կենտրոն։

Գրիգոր Տաթևացու գերեզմանը գտնվում է Տաթևի վանքում, որի վրա կառուցվել է ներկա դամբարանը (15)` Սբ. Պողոս-Պետրոս տաճարին կից, Սբ. Գրիգոր եկեղեցու մուտքի դիմաց։ Վանքի մատենադարանը (10) և զանգակատունը գտնվում են ներքին բակի հանդիպակաց կողմերում։

 

 

Share |

Մոտակա տեսարժան վայրերը