Տաթև

Վերադառնալ գլխավոր էջ


Տաթև 5: Տաթևը և Ցուրաբերդի ապստամբությունը

Տաթևը և Ցուրաբերդի ապստամբությունը

10-րդ դարի սկզբին Հայաստանի որոշ գավառներում գյուղացիական ընդվզումներ տեղի ունեցան։ Սկսվելով որպես բողոքի շարժում, դրանք շուտով հոգևոր ուղղվածություն ձեռք բերեցին։

Ժամանակի մատենագիր և ականատես Հովհաննես Դրասխանակերտցին նկարագրում է, թե ինչպես էին Այրարատ նահանգում (Արևելյան Հայաստան) գյուղացիները պայքարում ֆեոդալական կարգերի և կալվածատերերի դեմ` ավերելով նրանց դղյակներն ու ունեցվածքը։

Նման ապստամբություններ տեղի ունեցան նաև Սյունիքում։ Տաթևի վանքի Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու շինարարության ավարտից հետո` 906 թ. դրա օծման առթիվ վանքին են նվիրաբերվում հարակից շատ գյուղեր ու կալվածքներ։ Ցուրաբերդ, Տամալեք և Ավելադաշտ գյուղերի բնակիչներն ըմբոստանալով այդ որոշման դեմ` երկարատև պայքար մղեցին ընդդեմ վանքի։ Երկու անգամ նրանց բողոքը վերածվեց ապստամբության։

Սյունաց Սմբատ իշխանի զորքի աջակցությամբ վանքին հաջողվել է հանդարտեցնել Ավելադաշտ և Տամալեք գյուղերը։ Ցուրաբերդի (այժմ` Սվարանց) ապսամբությունը ճնշելն ավելի դժվար եղավ, պայքարն` ավելի արյունոտ։ 915 թ. ցուրաբերդցիները հարձակվել են վանքի վրա, կողոպտել, թափել մյուռոնը, միաբաններից ոմանց սպանել։ Սմբատ իշխանին, վերջիվերջո, հաջողվեց ճնշել ապստամբությունը, բայց որոշ ժամանակ անց ցուրաբերդցիները նորից ոտքի են ելել։

Պարբերաբար բորբոքվող դժգոհությունները վերսկսում են 11-րդ դ. սկզբին։ 1003 թ. ցուրաբերդցիները կրկին ապստամբելով հարձակվում և սպանում են վանքի եպիսկոպոսին, որի համար Սյունաց Վասակ Ա թագավորը հիմնահատակ ավերում է Ցուրաբերդը և հանդարտեցնում բնակիչներին։

Մատենագիրները վերոհիշյալ ապստամբությունները կապում են Թոնդրակյան շարժման հետ, որը Հայաստանում ծավալվել է 9-11-րդ դդ. և նույն ժամանակաշրջանում էլ ճնշվել է։

Թոնդրակյանները ծայրահեղական աղանդավորներ էին, որոնց գործունեությունը, ունենալով սոցիալական պատճառներ, լուրջ վտանգ էր ներկայացնում Հայ Եկեղեցու համար և դիտվում էր իբրև կրոնական աղանդ։ Նրանք մերժում էին Եկեղեցու ծիսակատարություններն ու արարողությունները, ինչպես նաև հավասարություն էին քարոզում դասերի, կնոջ ու տղամարդու միջև։ Թոնդրակյանների գաղափարները հարում էին պավլիկյան շարժմանը (Հայաստանում ծավալվել է 7-9-րդ դդ.)` նրանց գաղափարախոսությանն ավելացնելով երկնային կյանքի ու եկեղեցու իշխելու իրավունքի ժխտումը։ Շարժման վերջին շրջանին բնորոշ է եղել աթեիզմի տարրերի և դասակարգային պայքարի քարոզումը։

Աղանդավորական շարժումները թուլանալով` 10-րդ դ. վերջին դադարել են վտանգ ներկայացնել` շնորհիվ Հայաստանի հարավային շրջանների և Հյուսիսային Միջագետքի բյուզանդական կառավարիչ Գրիգոր Մագիստրոս Պահլավունու ջանքերի։ Այդուհանդերձ սոցիալական պայքարը դեռ շարունակվել է գյուղացիների շրջանում (ինչպես, օրինակ, Տաթևի դեպքում), մինչև 11-րդ դ. (1050-1053 թթ.), երբ վերջնականապես ջախջախվել է թոնդրակյան շարժումը։

Ապստամբություններով ուղեկցվող իրադարձությունները Տաթևի պատմության տխուր էջերից են։ Սակայն վանքին հաջողվել է վերականգնել իր բարի համբավը` հատկապես Տաթևի նշանավոր համալսարանի գործունեության շնորհիվ` ուր ուսանում էին մեծ թվով գյուղացիներ ևս։

 

Share |

Մոտակա տեսարժան վայրերը