Տաթև

Վերադառնալ գլխավոր էջ


Տաթև 6: Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցին (13), Զանգակատունը (12)

Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցին (13)

906 թ. օծված Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցին վանքի ամենամեծ կառույցն է։ Սյունաց եպիսկոպոսների կողմից աթոռանիստը Տաթևում հաստատվելուց հետո, Հովհաննես եպիսկոպոսը 895 թ. քանդելով հին եկեղեցին, տեղը հիմնում է նորը, որն ավելի հարմար կլիներ որպես աթոռանիստ և համապատասխան` այստեղ պահվող մասունքներին։ Եկեղեցին այսպես անվանվել է այնտեղ ամփոփված Սբ. Պողոս և Պետրոս առաքյալների մասունքների պատվին։ Օծման արարողությանը ներկա էին եպիսկոպոսներ և իշխաններ, Ամենայն Հայոց կաթողիկոս Հովհաննես Դրասխանակերտցին և Սմբատ Ա Բագրատունի թագավորը։

Տեր Հովհաննեսը ծնվել է գյուղացու ընտանիքում։ Պատանի հասակում միացել է վանքի միաբաններին, այն բանից հետո երբ խորթ մոր հանձնարությամբ պետք է հսկեր գյուղապետի թռչունները, շատ ճուտեր կորցնում է և անհանգստանալով պատժից, հեռանում տանից։ Վանքում նա անմիջապես առանձնանում է իր ուշիմությամբ և սովորելու ձգտումով։ Նախորդ եպիսկոպոսի մահից հետո` համընդհանուր հավանությամբ Հովհաննեսը շուտով եպիսկոպոս է ընտրվում։

Եկեղեցու արտաքին հորինվածքը։ Արաբական տիրապետության ավարտին կառուցված Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցին վերածնված հայոց թագավորության հրաշալի վկայությունն էր։ Ամենատպավորիչը գմբեթն է` ամենաբարձրերից մեկը Հայաստանում։ Հյուսիսային ճակտոնապատին քանդակված են եկեղեցու հովանավորները` Սյունաց Աշոտ իշխանը և նրա կինը` Շուշանը, Գեղարքունիքի Գրիգոր Սուփան, նրա որդի Վասակ Գաբուռ և Բաղքի Ձագիկ իշխանները։ Արևելյան ճակատին պատկերված են ատամնաձև կամարներ և երկարավուն օձեր (դրանք համարվում էին հաջողության խորհրդանիշներ)։ Մարդկային կերպարանքով քանդակներում, հավանաբար, պատկերված են եկեղեցու պահապան հրեշտակները։

Եկեղեցու ներքին հորինվածքում գերակշռող տեղ է գրավում հոյակերտ գնբեթը` կենտրոնական քառակուսու վրա նստած թմբուկով։ Պատերը ժամանակին սվաղված և որմնանկարազարդ էին (մոտ. 930 թ.)։ Պահպանվել է որմնանկարչական ամբողջական հարդարանք. խորանի կոնքում պատկերված է եղել «Քրիստոսը փառքի մեջ» տեսարանը։ Կոր պատի վրա ներկայացված են մարգարեները, առաքյալներն ու սրբերը։ Արևմտյան պատին պատկերված է «Ահեղ դատաստանի» տեսարանը, իսկ հյուսիսային պատին պահպանվել են «Ծննդյան» հորինվածքի «Մանկան լոգանքը» և «Հովիվների ավետումը»։ Նկարիչները եղել են ինչպես վարդապետարանի սաները, այնպես և հրավիրվել են Եվրոպայից Հակոբ եպիսկոպոսի կողմից։

Դուրս գալիս ուշադրություն դարձրեք մուտքի վերևում բացված անցքին։ Այն բացվում է դեպի մի որմնախորշ, որտեղ ժամանակին պահվել է վանքի գանձերի մի մասը։ Պահոցը հայտնաբերվել և թալանվել է արշաված օտար զորքերի կողմից, որոնք հայկական եկեղեցիներն ասպատակում էին հիմնականում հենց ոսկու պատճառով, և ոչ սրբավայրերը պղձելու նպատակով։

Զանգակատունը (12)

Սբ. Պողոս-Պետրոս տաճարի զանգակատունը կառուցվել է 1286 թ, մետրոպոլիտ Ստեփանոս Օրբելյանի առաջնորդության տարիներին։ Այն փլուզվել է 1931 թ. ահեղ երկրաշարժից և դեռ լիովին չի վերականգնվել։ Կառույցը բաղկացած է եղել հիմքից, որը դուք հիմա տեսնում եք, կոնաձև հարկերը պսակված են եղել ռոտոնդայով, որտեղ տեղադրված էին վանքի զանգերը։

Տաթևի վանքի 14-րդ դդ. բրոնզից ձուլված երկու զանգերի ձայնը 700 տարի շարունակ լսելի է եղեղ և լռել է միայն երբ 1907 թ. եպիսկոպոսական աթոռանիստը տեղափոխվեց Գորիս։ Մի կարճ ժամանակահատված նորից լսվեց զանգերի ձայնը, երբ 1922 թ. վերականգվեց Տաթևի եպիսկոպոսանիստը, մինչև խորհրդային տարիներին փակվեցին վանքի դռները և 70 տարով լռեցին Տաթևի զանգերը։ Զանգերից մեկն այժմ գործում է, մյուսը պահվում է թանգարանում (10)։ Ձուլվել են Ստեփանոս Օրբելյանի պատվերով` իր կառուցած նոր զանգակատան համար։ Մեկը պատրաստվել է նրա կենդանության օրոք (1302 թ.), իսկ մյուսը 1304 թ.` նրա մահվանից հետո։ Զանգերը բավականին խոշոր են և զանգերի պատրաստման արվեստում բացառիկ տեղ են գրավում` հատկապես հաշվի առնելով նրանց ձուլման տարեթվերը։

Զանգերից մեկի վրա գրված է. «Թվ. ՉԾԱ (1302 թ.) Լսելի արա ինձ, Տեր, ցնծության և ուրախության ձայնը. Անեղի ծնունդով. Տեր Ստեփանոսը Սյունաց գահին կոչվեց հայրենյաց փառքի համար։»

Երկրորդ զանգի վրա հետևյալ արձանագրությունն է. «Թվ. ՉԾԳ (1304 թ.). Լսելի արա ինձ Տեր ձայնը. ցնծան ոսկորներն իմ տառապյալ. Քրիստոս Աստված, գթա Տեր Ստեփանոսին։»
 

Share |

Մոտակա տեսարժան վայրերը