Տաթև

Վերադառնալ գլխավոր էջ


Տաթև 7: Հին Գավիթը, Խաչքարերը (14). Գրիգոր Տաթևացու դամբարանը (15), Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (16)

Հին Գավիթը, Խաչքարերը (14)

Տաճարի հարավային պատին կից պահպանված կամարների և մույթերի մնացորդները պատկանել են ժամանակին այստեղ կառուցված հսկայական գավթին։ Այն ձգվում էր տաճարի հարավային պատի երկայնքով դեպի Սբ. Գրիգորի արևմտյան պատը և հասնում ներքին բակին։ Ավերվել է Լենկթեմուրի արշավանքների ժամանակ և այդպես էլ չի վերականգնվել։

Բազմաթիվ խաչքարեր կան տաճարի հարավային պատին կից` ներքին բակում։ Դրանց մի մասը, ըստ ավանդության, կրթարանի և համալսարանի ուսանողների «դպրոցական աշխատանքներն» են։

Գրիգոր Տաթևացու դամբարանը (15)

Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցու մուտքից անմիջապես դեպի ձախ գտնվող 1787 թ. փոքր կառույցը Գրիգոր Տաթևացու դամբարան-մատուռն է` կառուցված Հայաստանի նշանավոր գիտնական, աստվածաբան, փիլիսոփա, մատենագիր, եռամեծ ուսուցիչ և նկարիչ Գրիգոր Տաթևացու (1346-1409 թթ.) գերեզմանի վրա։ Նրա րաբունապետության օրոք համալսարանը հասել է իր ծաղկման գագաթնակետին` դառնալով գիտության, մշակույթի, արվեստի, հոգևոր կյանքի համահայկական կենտրոն։

Փիլիսոփա և նկարիչ` Տաթևացին 1297 թ. գրված Ավետարանը լրացրել է մեծ վարպետությամբ կատարած մանրանկարներով։ Նրա մանրանկարչությունները ժամանակի արվեստի մեջ նոր ոճ են ներկայացրել` հագեցած գույներով և հարուստ մանրամասներով։ «Լուծմունք համառոտ ի տեսություն Դավթի Անհաղթի» աշխատության 1449 թ. կատարած մանրանկարում նա պատկերված է որպես իր սաներով շրջապատված Եռամեծ վարդապետ։

Դամբարանը կառուցվել է եկեղեցու նմանությամբ` կամարներով, ծածկով և փոքր գմբեթով։ Պատի երկայնքով տեղադրված են մի շարք խաչքարեր։

Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (16)

Սբ. Գրիգոր եկեղեցին կառուցվել է 1295 թ. Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցու հարավային պատին կից։ Ըստ պատմագրության, այն փոխարինել է 836-848 թթ. հին եկեղեցուն (կառուցել էր Փիլիպե իշխանը, նրա աճյունն ամփոփված է եկեղեցու բակում)։ Արևմտակողմի դուռը եզերված է հաստ քիվով և արևելյան ոճի բարավորով։

Եկեղեցին պատկանում է իր ժամանակին բնորոշ միանավ սրահով եկեղեցիների տիպին` կիսաշրջանաձև ապսիդով և թաղածածկ տանիքով։ Արևելքում գտնվող ապսիդն ունի երկու խաչաձև ու մեկ կլոր լուսամուտներ։ Խորանն ունի համեստ փորագրազարդեր` փոքր-ինչ մեղմացնելով չափազանց զուսպ ներքին հարդարանքը։


 

Share |

Մոտակա տեսարժան վայրերը