Տաթև

Վերադառնալ գլխավոր էջ


Տաթև 8: Գավազանը (17), Այլ շինություններ

Գավազանը (17)

Եպիսկոպոսի նստավայրի մոտ, Սբ. Պողոս-Պետրոս տաճարի հարավային մուտքի դիմաց 906 թ. կառուցվել է Սուրբ Երրորդությանը նվիրված ճոճվող մի գավազանասյուն։ Ութանկյուն քարե սյունը հենվում է նույնպես ութանիստ խարիսխ-պատվանդանի վրա։ Գավազանն ունի բարդ կազմություն` պսակված փորագրազարդ խաչքարով։ Շարնիրային սկզբունքով իրականացված հիմքի շնորհիվ սյունը ճոճվում է։ Երկու վարկած կա սյունը նման կերպով կառուցելու նպատակի վերաբերյալ։ Մեկը գիտական է` երկրաշարժների ժամանակ այն կշարժվեր և կզգուշացներ մոտալուտ աղետի մասին (կառուցման տեխնիկայի շնորհիվ ինքը սյունը շատ քիչ է վնասվել բնական աղետներից)։ Ըստ մյուս վարկածի, այն կառուցված էր պաշտպանական նկատառումներից` հրելիս այն ճոճվում է և վերադառնում սկզբնական դիրքին։ Ըստ ավանդույթի, գավազանը սարսափեցրել է վանք արշաված սելջուկներին, ովքեր ձորից ցած են նետվել` գավազանը համարելով «սատանայի աշտարակ»։

Սեղանատունը (18), խոհանոցը (19), հացատունը (թոնրատունը) (20), առաջնորդարանը (21) և խցերը (11) ներքին բակից դուրս են գտնվում։ Երկու սենյակներ ավարտվում են դեպի Որոտանի կիրճը բացվող կամարներով. ոչ մի նշան չկա, որը մատնանշեր դրանք փակող պատի գոյությունը, և կարելի է ենթադրել, որ դրանք մտադրաբար են բաց թողնվել։ Խոհանոցն ընդարձակ թաղածածկ սրահ է, հացատան հատակին կան գետնափոր թոնիրներ և մի հսկայական բուխարի։ Հետաքրքրաշարժ են միջանցքները և վանականների խցերը։

Հիասքանչ տեսարան է բացվում տանիքից, բայց պետք է զգուշանալ բազմաթիվ փոսերից և բուխարիների ծխնելույզների բացվածքներից. դրանք ոչ մի ձևով նշված չեն և լավ թաքնված են տանիքին աճող խոտի մեջ։

Այլ շինություններ

Վանքում պահպանվել են պաշտպանական համալիրի մի մասը կազմող բազմաթիվ այլ շինություններ, այդ թվում նաև` մատենադարանն ու ձեռագրատունը (10), որն այժմ թանգարան է։ Այնտեղ ցուցադրված են պեղումների ժամանակ հայտնաբերված գտածոները` ներառյալ 14-րդ դ. մեծ զանգերից մեկը, բնակելի տարածքներ և տնտեսական շինություններ (11), ախոռը (8), որի հյուսիսային մասի երկրորդ հարկը ժամանակին համալսարանի ուսանողների ննջասենյակն է եղել։ Այլ շինություններն են` ուխտագնացների հյուրատունը (9) և միջնադարյան բաղնիքը (22), որի կավե խողովակները ևս ցուցադրված են թանգարանում։ 16 դասասենյակով դպրոցը (23) կառուցվել է 1780 թ. վանքի արևելյան պարսպին ուղղահայաց, դարպասի անկյունից արևելյան պատի երկայնքով։ Խորհրդային տարիներին օգտագործվել է տեղի երիտասարդներին կրթելու նպատակով։ Բացի համալիրի կառույցներից, շրջապատող կիրճերում մինչ օրս պահպանվել են վանքի անցյալի հետքերը, այդ թվում` ժայռափոր գաղտնարանները։

 

Share |

Մոտակա տեսարժան վայրերը