Ցաղաց Քար

Վերադառնալ գլխավոր էջ


Ցաղաց Քար 4: Ցաղաց Քարի վանքի պատմությունը, Համալիրը, Հղում

Ցաղաց Քարի վանքի պատմությունը

Ցաղաց քարի վանքը գտնվում է բարձրադիր սարավանդի վրա, Սմբատաբերդից 2 կմ դեպի արևմուտք. բերդը տեսանելի է վանքի հանդիպակաց լեռնագագաթից։

Ըստ 13-րդ դ. պատմիչ, Սյունյաց միտրոպոլիտ Ստեփանոս Օրբելյանի, 5-րդ դ. Սասանյան կայսրության դեմ մղած պատերազմների ժամանակաշրջանում Վայոց ձորում տեղի են ունեցել չորս ճակատամարտեր, որոնցից մեկը` Ցաղաց քարի մոտ։ Այդ պատերազմների ամենանշանավոր` Ավարայրի ճակատամարտը տեղի է ունեցել 451 թ. և վճռորոշ դեր է ունեցել հայոց ուժերի համախմբման և հաղթանակների համար։ Սյունաց գահերեց իշխանների զինանշանները (9-11-րդ դդ.) պահպանվել են Սբ Կարապետ եկեղեցու պատի բարձրաքանդակներում։

Ըստ մատենագիր Ստեփանոս Տարոնեցու, վանքը հիմնադրվել է հայոց Աբաս Բագրատունի թագավորի օրոք (929-953 թթ.)` Ստեփանոս անունով վանահոր կողմից. միաժամանակ, ընդարձակել է համալիրը և ավելացվել են վանական խցեր ու տնտեսական շինություններ։ Վանքի երկրորդ ընդարձակումը տեղի է ունեցել 11-րդ դարում, իսկ ավելի ուշ դարձյալ ավելացվել են սենյակներ, կառուցվել է սեղանատուն, գավիթներ և այլ շինություններ։

Համալիրը

Վանքի համալիրը կազմված է շինությունների երեք խմբից։ Առաջին խումբը ներկայացնում են գեղաքանդակ խաչքարերով զարդարված Սբ Նշան և Սբ Կարապետ եկեղեցիները։ Երկրորդ խմբում են Սբ Աստվածածին եկեղեցին, դրան կից գավիթը և սյունասրահը, սեղանատունը, վանական խցերը, ժողովարաններ և տնտեսական նշանակության կառույցներ։ Երրորդ խումբը կազմում է դեպի հարավ, վանքի պարսպի ավերակների մոտ տարածվող ընդարձակ գերեզմանոցը` մեծաթիվ խաչքարերով ու տապանաքարերով։

Արևելյան կողմի կառույցը Սբ Նշան եկեղեցին է (1)` արևմտյան ճակատին հսկայական խաչքարերով։ Սբ Կարապետը (2) գմբեթավոր, ներքուստ խաչաձև եկեղեցի է, չորս անկյուններում ավանդատներով։ Դեպի արևմուտք բազմաթիվ կառույցներ կան, այդ թվում` գավթի ավերակները (6) (պահպանվել է ծածկի միայն արլ. հատվածը)` երկայնական պատերում խոշոր կամարակապ խորշերով, տարբեր շինությունների հիմքեր, ներառյալ` եկեղեցուն կից թաղածածկ սրահը (5), փոքր գավիթը, վանականների խցերը (9) և տնտեսական շինությունները (10)։

 


Հղում`

1. Սբ Նշան Եկեղեցին
2. Սբ Կարապետ (Հովհաննես Մկրտիչ) եկեղեցին
3. Գերեզմանները
4. Սբ Աստվածածին եկեղեցի
5. Սյունասրահը 
6. Թաղածածկ գավիթը
7. Սրահը
8. Կառույց
9. Վանական խցերը
10. Տնտեսական շինությունները
11. Քարե տաշտը 
12. Սբ Հովհաննես եկեղեցին