Ցաղաց Քար

Վերադառնալ գլխավոր էջ


Ցաղաց Քար 6: Ցաղաց քարի վանքի համալիրի արևմտյան խումբը

Ցաղաց քարի վանքի համալիրի արևմտյան խումբը

Արևմտյան խմբի շինությունները կիսավեր վիճակում են։ Կոպտատաշ բազալտից շինությունները կառուցվել են իրար շատ մոտ` պարսպափակ բակում, բացառությամբ մի կառույցի, որը հիմնական խմբից փոքր-ինչ հեռու է գտնվում։

11-րդ դ. պատմիչ Ստեփանոս Տարոնեցին (Ասողիկ), իր «Տիեզերական պատմութիւն» աշխատության մեջ գրում է, որ այս խմբի շենքերը կառուցվել են 10-րդ դարում` Աբաս Բագրատունու օրոք (ամենահին արձանագրությունը վերաբերում է 989 թ.)։ 10-րդ դարի վերջին հաստատված երկարատև խաղաղությունը /շուրջ 75 տարի/ նպաստավոր է դարձել Հայաստանում եկեղեցաշինության համար. դրա վկայությունն է նաև այդ ժամանակաշրջանում Ցաղաց քարի վանքի ընդարձակումն ու բարեկարգումը։

Դարպասի արևելյան շքամուտքի վերնամասում պահպանվել է մի արձանագրություն, որը պատմում է, որ իշխան Էաչի Պռոշյանը, ի հիշատակ իր պապ Պռոշ իշխանի, իր ձեռատունկ այգին է նվիրել վանքին .

«Ես` Էաչի, Հասանի որդին, Պռոշի թոռը, միաբանեցի Ցախաց քարը և իմ հայրենյաց Սրկղունքից ձեռատունկ այգի նվիրեցի։ Մեր եղբայր տեր Հովհաննես Օրպելը և վանքի միաբանները սահմանեցին ամեն տարի 4 պատարագ մատուցել մեր, մեր ծնողների և իմ ամուսնու` Մամախաթունի հոգու փրկության համար։ Կատարիչները թող օրհնվեն»։

Սբ Աստվածածին եկեղեցին (4) կենտրոնագմբեթ, չորս անկյուններում ավանդատներով, քառախորան կառույց է, հարավից կից սյունասրահով (5), որը վանականների համար ծառայել է որպես ժողովատեղի և ժամերգությունների սրահ։ Վերջինիս արևմուտքից կից է թաղածածկ գավիթը (6)` երկայնական պատերին, հավանաբար, որպես պահոցներ, բացված մեծ որմնախորշերով (պահպանվել է գավթի ծածկի միայն արևելյան հատվածը)։

Դեպի արևմուտք մի քանի շինություններ կան, այդ թվում նաև` մի մեծ սրահ (7), այլ շինությունների հիմքեր, փոքր գավթանման կառույց (8), վանականների խցերը (9) և այլ տնտեսական շինություններ (10)։

Ընդարձակ սրահից դեպի արևմուտք ընկած տարածքում պահպանվել է ծիսական նշանակություն ունեցող քարե տաշտ (11), որի հարևանությամբ շատ խաչքարեր կան։ Համալիրից դեպի հարավ կառուցվել է փոքրաչափ Սբ Հովհաննես եկեղեցին(12)։