Մոմիկ` Ուլգյուր

Վերադառնալ գլխավոր էջ


Ուլգյուր (Ուլգուրտ): Մոմիկ. Մոմիկի գործերը

Ուլգյուր (Ուլգուրտ)

Միջնադարյան հնագույն բնակավայր է, որի հին անվանումն առայժմ անհայտ է։ Սբ Աստվածածին եկեղեցին ունի ուղղանկյուն հատակագիծ (5,45x3,7 մ արտաքին չափսերով) և մեզ է հասել կիսաքանդ վիճակում։ Պեղումների ընթացքում բացվել են բազալտե կիսամշակ քարերից, բարձրորակ կրաշաղախով հիմքերը։ Պատերը իրականացված են ներսից և դրսից քարե շարերով, միջուկում` կրաշաղախե լցվածքով։ Եկեղեցու մուտքի դուռը եղել է մեկ ամբողջական քարից, որը, սակայն, այժմ բացակայում է, հատակը շարված է կիսամշակ քարերից, իսկ քիվային քարերը մասամբ քայքայված վիճակում են։ Հուշարձանի կողքին են գտնվում պատմամշակութային արժեք ներկայացնող խաչքարեր և զարդանախշ քարեր։

Ուլգյուրը նշանավոր է նրանով, որ այստեղ է ծնվել Մոմիկ Վարդպետը` 13-րդ դ. վերջի - 14-րդ դ. 1-ին կեսի հայ մանրանկարիչ, քանդակագործ, ճարտարապետ։ 2004 թ. կատարված պեղումների արդյունքում այստեղ հայտնաբերվել են Մոմիկի ծնողների և եղբոր ընտանիքի անդամների տապանաքարերը։

Ուշադրություն դարձրեք եկեղեցու մոտ գտնվող երկու վերձիգ քարերին։ Դրանք նախաքրիստոնեական Հայաստանին բնորոշ վիշապաքարեր են` վերափոխված խաչքարերի։ Վիշապաքարերը հաճախ տեղադրվում էին ջրի ակունքների մոտ` խորհրդանշելով ջրի պաշտամունքը նախաքրիստոնեական Հայաստանում։

Վահանակ 4։ Մոմիկ

13-րդ դ. վերջի - 14-րդ դ. 1-ին կեսի գրիչ, մանրանկարիչ, քանդակագործ և ճարտարապետ Մոմիկ Վարդպետը (1260՞ – մահ. 1333/1339թ.) ծնվել է Ուլգյուրում (ուշ շրջանի անուն է, բնակավայրի միջնադարյան անվանումն անհայտ է)։ Հայտնի են Մոմիկի ծնողների (Գրիգոր և Ավթա), որդու (Ասկանդար) և թոռան (Շատոնիկ) անունները։

Ուսանել և սկսել է ստեղծագործել Գլաձորի համալսարանում, ապա` Սյունյաց մետրոպոլիտական նստավայր Նորավանքում, հանդիսանալով զորեղ Օրբելյան իշխանական տոհմի նկարիչ-ճարտարապետը, կատարել նաև նույն տոհմից սերող մետրոպոլիտների պատվերները։ Աշակերտել է Հովասափ կուսակրոն քահանային։ Օժտված է եղել ոչ միայն ստեղծագործական տաղանդով, այլև ունեցել է անհրաժեշտ կրոնական գիտելիքներ, տիրապետել է հունարենին։

Մոմիկի գործերը

Մոմիկը Գլաձորի մանրանկարչության դպրոցի ամենապայծառ դեմքերից էր։ Նրա լավագույն աշխատանքներից են 1292 և 1302 թթ. Ավետարանները (պահպանվում են Մատենադարանում՝ ձեռ N 2848, 6792), որոնք վկայում են նկարչի մեծ վարպետության, պատկերա-գրությանը քաջածանոթ լինելու և ստեղծագործական, նորարարական հակումների մասին։

Մոմիկը նաև ինքնատիպ ճարտարապետ էր, ինչը տեսանելի է նրա նախագծած եկեղեցիների օրինակով` Արենիի Սբ Աստվածածինը և իր ժամանակի համար ամբողջապես նորաոճ Նորավանքի Բուրթելաշենը (երկհարկ` պսակված ռոտոնդայով)։ Մոմիկին են վերագրվում Ստեփանոս Օրբելյանի` Տաթևում հիմնած Սբ Գրիգոր Լուսավորիչ և մի քանի այլ եկեղեցիներ։

Մոմիկն իր աշխատանքներում անունից հետո գրում է «վարդպետ», որը նշանակում է ճարտարապետ, բայց նաև նշանավոր էր որպես քանդակագործ։ Հայտնի են նրա պատկերաքանդակները Արենիում և Նորավանքում, հատկապես Սբ Ստեփանոս Նախավկա եկեղեցու գավիթում (բացառիկ է Հայր Աստծո պատկերով խմբաքանդակը)։ Նորավանքում կերտել է նաև մեծարվեստ ու նրբահյուս զարդերով խաչքարեր, որոնք այժմ ցուցադրվում են Սբ Էջմիածնի և Եղեգնաձորի թանգարաններում։

Մոմիկի հիշատակին Նորավանքում կանգնեցված փոքրիկ խաչքարի խոսքերն են` «Յիշեա Քրիստոս Աստուած զՄոմկա հոգին եւ ողորմեա»։ Իսկ այդ հիշատակը, անկասկած, սերունդներին ավանդված նրա հարատևող ստեղծագործական ժառանգությունն է։


Տեքստը տրամադրել է ՀՀ մշակույթի նախարարության «Պատմա-մշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը։ Խմբագրումը` ԻԿՕՄՕՍ Հայաստան ՀԿ-ի և Կարեն Մաթևոսյանի («Մոմիկ մանրանկարիչ» գրքի համահեղինակ և «Մոմիկ» գրքի հեղինակ) ։