Մետաքսի Ճանապարհ` Որոտան գետի կիրճը

Վերադառնալ գլխավոր էջ


Մետաքսի Ճանապարհ 9: Որոտան գետի կիրճը, Հղում

Որոտան գետի կիրճը

Ավելի քան 100 մ խորություն ունեցող կիրճը, որի առավելագույն լայնությունը որոշ հատվածներում հասնում է 3 կմ-ի, Սյունիքի բնական զարդն է՝ «Հայաստանի սքանչելի կիրճը»։ Այս գեղատեսիլ կիրճով է ընթանում Ղարաբաղի բարձրավանդակի արևմտյան կողմից սկիզբ առնող և խոր ձորով հոսող լեռնային Որոտան գետը, որն ունի 178 կմ երկարություն և 5650 քառ. կմ ավազան։

Դավագյոզ լեռնագագաթից (1) սկզբնավորվող գետակը, արագորեն սնվելով լեռնային բազմաթիվ աղբյուրներից և ձնհալից` ապահովում է Սպանդարյան ջրամբարի (2) պաշարները։ Այն սնում է նաև պատմական Անգեղակոթ գյուղը (3), որն ընկած է Սիսիանից (4) հյուսիս-արևմուտք, անցնում մի քանի խոր կիրճերով, քարե դարի քարանձավային բնակավայրերի, բրոնզեդարյան ամրոցների և սրբատեղիների, երկաթե դարի բնակատեղիների և միջնադարյան ամրոցների, վանքերի և գյուղերի մոտով։ Գետը լայնանում է Սիսիանի հարթավայրում՝ բաժանելով քաղաքը հյուսիսային և հարավային մասերի։

Սիսիանից արևելք սկսվում է գետի ամենագրավիչ հատվածը` զարմանալիորեն խորը կիրճերի շարքը, սրածայր լեռնագագաթներով և կղզյակ-ամրոցներով կտրատված տեսարանը հիացնում է գույների բազմերանգությամբ, աղբյուրներով ու ջրառատ հոսանքներով։ Իսկ գարնանը Որոտանի կիրճը դառնում է բարենպաստ վայր Հայաստանում փքանավակային սպորտի սիրահարների համար։

Գետն անցնում է Որոտնավանքի (5), Դավիթ Բեկի ամրոցի (6) և Որոտանի տաք ջրերի կողքով` սնելով նաև Շամբի ջրամբարը (8)։ Անցնելով Տաթևից (9) ներքև գտնվող զարմանահրաշ կիրճով՝ Որոտանն անցնում է ևս 13 կմ և հասնում վիթխարի հիդրոէլեկտրակայանից ներքև։ Որոտանն Արաքսի ձախակողմյան վտակներից է, որը 59 կմ անցնելով Լեռնային Ղարաբաղով` լցվում է Հայաստանի սահմանագիծը հանդիսացող Արաքս գետը։

Որոտանի  "կասկադը" (10) բաղկացած է գետի վրա կառուցված երեք հիդրոէլեկտրակայանների /հէկ-երի/ համալիրից։ Դրանցից ամենահզորը 3-րդն է։ Դա Տաթևի հէկ-ն է։ Մյուս երկուսը` Շամբի և Սպանդարյանի ջրամբարների մոտ են։ Որոտանի "կասկադը" կատարում է Հայաստանի էներգահամակարգի հիմնական կարգավորիչի դերը, Հայաստանի հարավային շրջանները ապահովում է էլեկտրաէներգիայով և մեծացնում է ոռոգվող հողատարածությունների ապահովումը ջրով։

Այս տարածքը, մասնավորաապես անտառները, հրապուրիչ են հատկապես արշավների համար։ Արահետները ձգվում են գետով դեպի արևմուտք՝ Տաթև (13 կմ դեպի Սատանի կամուրջ, 20 կմ դեպի վանք), Շամբի ջրամբար (ևս 13 կմ) և դեպի հյուսիս` Քարահունջ գյուղ (9,5 կմ) և Գորիս (12,5 կմ) կամ ավելի բարձրադիր գոտում` դեպի Խոտ (11 կմ տպավորիչ ոլորապտույտ ճանապարհ՝ գողտրիկ տեսարաններով), Շինուհայր (1,5 կմ Խոտից արևմուտք), Հալիձոր (ևս 3 կմ) և Տաթև (Հալիձորից 19 կմ)։ Սրանք դժվար վերելքներ են՝ զառիվեր բլուրներով ու քարքարոտ լանջերով։ Ուստի խորհուրդ չի տրվում այս հատվածն անցնել առանց փորձառու զբոսավարի ուղեկցության։

 
Հղում`

1. Դավագյոզ լեռնագագաթը
2. Սպանդարյանի ջրամբարը
3. Անգեղակոթը
4. Սիսիան
5. Որոտնավանք
6. Դավիթ Բեկ ամրոցը
7. Որոտանի տաք ջրերը
8. Շամբի ջրամբարը
9. Տաթև
10. Որոտանի "կասկադը"